Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵՑ, ՄՆԱՑ ՔՐԳՈՐԾԸ «ՋՐՎԻ»

Մայիս 18,2010 00:00

Օրերս ամփոփվեցին Համաշխարհային բանկի միջոցներով արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման համար Դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակի հայտարարած մրցույթի արդյունքները: Ինչպես որ կանխատեսվում էր, հաղթող ճանաչվեց «Փարվանապրոմ» ընկերությունը: «Առավոտն» իր 12.04.2010 թ. «Փարվանապրոմն էլի՞ կհաղթի» հրապարակման մեջ արդեն անդրադարձել էր, որ մրցույթին մասնակցող 3 ընկերությունների թվում է «Փարվանապրոմը», որի նկատմամբ այս օրերին քրգործ է հարուցված: ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով, «Փարվանապրոմը»՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի տարածաշրջանային անասնաբուժական լաբորատորիայի մասնաշենքի հիմնանորոգման եւ նույն մարզի Մեծ Մասրիկ համայնքի ոռոգելի հողերի ջրապահովվածության բարձրացման շինարարական աշխատանքների ժամանակ գումարներ է յուրացրել: Ըստ պաշտոնական աղբյուրի, «Փարվանապրոմ» ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացել եւ խաբեությամբ հափշտակել է 1 204 900 դրամ:
Մեր հրապարակման մեջ նաեւ նշել էինք, որ որոշ մարդիկ խիստ շահագրգռված են, որպեսզի հենց այս ընկերությունը հաղթող ճանաչվի: Թե ինչո՞ւ են նախապատվությունը տվել «Փարվանապրոմ» ընկերությանը՝ «Առավոտի» հարցին ի պատասխան, Դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանն ասաց, որ այդ ընկերությունը մրցույթում ամենացածր գինն է առաջարկել: Մեր հարցին, թե մտահոգություն չունե՞ն, որ քրգործի արդյունքում ընկերության տնօրենը մեղավոր ճանաչվի եւ մրցույթը չեղյալ հայտարարվի, պարոն Թունյանն ասաց. «Մենք ընկերության հետ գործ ունենք, այլ ոչ թե տնօրենի, եթե տնօրենը մեղավոր է՝ թող պատասխան տա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել