«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը եւ սմարթֆոնների համաշխարհային արտադրող HTC ընկերությունը հայտարարում են «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում Android (Անդրոիդ) օպերացիոն համակարգով HTC սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին: Սմարթֆոններն ունեն 12 ամսվա պաշտոնական երաշխիք: Android օպերացիոն համակարգով գործող HTC նորարարական սմարթֆոնները հայաստանյան շուկա են բերվել ս.թ. ապրիլի 10-ին՝ HTC եւ «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունների միջեւ ստորագրված համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Ըստ համաձայնագրի, «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը Հայաստանում HTC ընկերության ռազմավարական գործընկերն է եւ HTC ընկերության ապրանքատեսակների մանրածախ իրացումն իրականացնողը՝ ներառյալ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները: «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գրասենյակում հրավիրված համատեղ ասուլիսի ընթացքում «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ HTC ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Անդրեյ Կորմիլցեւը ներկայացրին վաճառքի հանված HTC հեռախոսների մոդելները: «Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի շուկայում առաջատարներից մեկը հանդիսացող HTC ընկերությունը որոշել է համագործակցել Հայաստանի բջջային առաջատար օպերատոր «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի հետ: Համագործակցության շրջանակներում HTC ընկերությունը «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոնների անձնակազմի համար նախապես կազմակերպել է վերապատրաստման դասընթաց: Զուգահեռաբար, համատեղ իրականացվում են մարքեթինգային քայլեր: HTC ընկերությունն առաջարկում է այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ սպառողը մեկ սարքի միջոցով կկարողանա հաղորդակցվել մտերիմների հետ, գիրք կարդալ եւ միաժամանակ օգտվել ինտերնետից: Android համակարգով աշխատող անհատականացված ինտերֆեյսով հեռախոսները հայաստանյան սպառողի առջեւ կբացեն ավելի լայն հնարավորություններ, քան կարելի է ակնկալել բջջային սարքերից»,- նշեց Անդրեյ Կորմիլցեւը: «Կարեւոր է այն փաստը, որ HTC ընկերության հետ պաշտոնական գործընկերությունը մեր բաժանորդներին թույլ կտա այս հեռախոսները ձեռք բերելիս ստանալ նաեւ հավելյալ առավելություններ՝ HTC երաշխիքային սպասարկում եւ աջակցություն»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը: