Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փրկենք 5-6 ընձառյուծին

Մայիս 18,2010 00:00

«Մարդկանց անխնա վերաբերմունքի պատճառով այսօր Հայաստանում 5-6 ընձառյուծ է մնացել, որոնց պահպանությունը խիստ կարեւոր է մեր հանրապետության համար»,- մեզ հետ զրույցում ասաց  փորձագետ Լիլիկ Սիմոնյանը:
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի միջազգային հիմնադրամը  2010 թ. հայտարարել է Կենսաբազմազանության պահպանման տարի: Հայաստանում այս առումով կովկասյան ընձառյուծի պահպանությունը առաջնային խնդիր է: Ուստի հաշվի առնելով այս կենդանու թվաքանակի նվազումը, Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից  այս տարին հայտարարվել է Հարավային Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանման տարի:
1987 թվականից սկսած, ընձառյուծը գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում՝ որպես անհետացող տեսակ: Այդ ծրագրի շրջանակներում «Հայ կանայք  հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ն մայիսին Կենդանաբանական այգում անցկացնելու է միջոցառում՝ նվիրված կովկասյան ընձառյուծի պահպանմանը: «Շուրջ մեկ ամիս մենք տարբեր դպրոցներում սեմինարներ ենք անցկացրել՝ նվիրված ընդհանրապես շրջակա միջավայրի պահպանմանը եւ արտաքին միջավայրից պաշտպանվելու միջոցներին: Մենք հիացած էինք, որ հայ երեխաները, բացի համակարգչից եւ բջջային հեռախոսից, այդքան մեծ հետաքրքրությամբ կարող են մասնակցել դասընթացներին: Ամսվա ընթացքում երեխաները պատրաստել են ընձառյուծի դիմակներ, բանաստեղծություններ, թվով 139 աշխատանք, որոնցից ժյուրին կընտրի լավագույնները»,- նշեց կազմակերպության նախագահը: Միջոցառման ընթացքում երեխաները ցուցադրելու են իրենց ձեռքի աշխատանքները, նաեւ՝ իրենց կողմից պատրաստված հագուստներով թատերական ներկայացում: «Այս նախաձեռնությունը մտնում է «Կարմիր գրքի էջերի կանաչացում» ծրագրի մեջ: Ակցիայի նպատակը երեխաների միջոցով  տեղեկացնելն է ընձառյուծներին սպառնացող վտանգի մասին, նաեւ երեխաների մեջ կենդանիների հանդեպ խնամքի եւ հոգածության զգացմունքի դաստիարակումը»,- նշեց հ/կ անդամ Քնարիկ Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել