Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՌՃԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ ԹԵԹԵՎԱՑՆԵԼ

Մայիս 18,2010 00:00

Վարչապետի հանձնարարականը նախարարություններին լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել

Օրերս կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պետք է նախարարությունների գործառույթները հստակեցվեն ու թարմացվեն: Վարչապետի խոսքերով՝ «Մենք ունենք արդյունավետության բարձրացման խնդիր եւ կարող ենք շատ գործառույթներից ձերբազատվել, բնականաբար, նաեւ կարող ենք աշխատատեղեր կրճատել»: Կառավարության ղեկավարի այս հայտարարությունը ուրախացրել էր ընդդիմադիր կուսակցությունների անդամներին եւ խիստ մտահոգել կոալիցիոն ուժերին: Ընդդիմադիրների համոզմամբ՝ մեր պետական ապարատն իսկապես ուռճացվել է եւ պետք է արհեստականորեն ստեղծված աշխատատեղերը կրճատվեն, իսկ, օրինակ, «Օրինաց երկրի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները անհանգստացած են, որ կառավարության այդ նախաձեռնությունը սոցիալական դժվարություններ կստեղծի եւ ճգնաժամի պայմաններում գործազրկության խնդիր կառաջացնի:
Այս առնչությամբ մենք փորձեցինք ճշտել, թե հատկապես ո՞ր նախարարություններն ունեն «ավելորդ» աշխատատեղեր եւ հիմնականում ո՞ր հաստիքները կընկնեն, այսպես ասած՝ «սեւ ցուցակի» մեջ: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանի պարզաբանմամբ՝ «Մեր նախարարությունում կրճատում չի նախատեսվում, միայն կառուցվածքի փոփոխություն պետք է արվի եւ մինչեւ գործառույթները չձեւակերպվեն՝ դժվար է ասել, թե ովքեր կկրճատվեն կամ ընդհանրապես կրճատում կլինի՞, թե՝ ոչ: Միայն կարող եմ ասել, որ մեզ մոտ աշխատատեղերն ուռճացված չեն, մենք նույնիսկ թափուր հաստիքներ ունենք եւ ուզում ենք նոր կադրեր ներգրավել»: Վարչապետն ուզում է կրճատել, իսկ դուք մտածում եք նոր աշխատատեղերի մասի՞ն՝ մեր հարցին Ս. Ամիրխանյանը պատասխանեց. «Եթե հստակեցում լինի՝ բնականաբար, թափուր հաստիքների հարցը կվերանայենք»:
Իր պաշտոնական կայքում թափուր աշխատատեղերի մասին հայտարարություն է տարածել նաեւ առողջապահության նախարարությունը:
Քաղաքաշինության եւ գյուղատնտեսության նախարարությունից պարզաբանեցին, որ իրենք դեռ 2-3 ամիս ժամանակ ունեն եւ մինչեւ նախարարության ներսում չքննարկեն՝ հստակ չեն կարող ասել, թե իրենց քանի՞ աշխատակից գործազուրկ կդառնա, կամ առհասարակ կրճատումներ կլինե՞ն, թե՞ ոչ: Գյուղնախարարության աշխատակազմի ղեկավար Կարլեն Միքայելյանի խոսքերով՝ «Ինձ թվում է, որ մեզ մոտ ավելորդ գործառույթներն այնքան շատ չեն, որ կրճատում լինի, բայց փոխնախարարների հետ քննարկումներից ավելի պարզ կլինի: Վարչապետն ասել է, որ կրճատված հաստիքներից ավելացած գումարները լավ աշխատողներին ոգեւորելու համար պարգեւատրումների վրա ծախսենք, բայց մեզ մոտ չեմ կարծում, որ որեւէ հաստիք կկրճատվի ու գումար կավելանա»: Տրանսպորտի եւ կապի նախարարությունում նույնպես համոզված են, որ «ավելորդ հաստիքներ» չունեն, այնտեղ էլ մտադիր չեն կրճատումներ անել. «Մեր նախարարությունում հիմնական կառուցվածքային փոփոխությունները եղել են 2002-ի նոյեմբերի 29-ին, դրանից հետո մեծ վերակազմավորում եւ կրճատում չի եղել, ընդհակառակը՝ ավելացել են մի քանի բաժիններ ու նոր աշխատողներ: Հիմա էլ, կարծում ենք, կրճատումներ մեզ մոտ չի սպասվում»: Ֆինանսների նախարարությունից պատասխանեցին, որ իրենց աշխատակազմում հաստիքային փոփոխություններ կիրականացվեն: Վերջին անգամ այս նախարարությունում կրճատումներ ու գործառույթների հստակեցում եղել է 2008-ին: Այդ ժամանակ կրճատվել է 75 հաստիք:
Նշենք, որ բոլոր նախարարություններում աշխատակազմի ղեկավարները կրճատման հարցին շատ ցավոտ էին մոտենում: Պատճառն այն չէ, որ նրանք անհանգստանում են իրենց աշխատակիցների գործազուրկ դառնալու համար, պարզապես հայտնի է, որ այսօր պետական ապարատի «ամենաքնած» բաժիններում անգամ ոչ մի պատահական մարդ չի աշխատում, եւ վարչապետի նախաձեռնությունը լուրջ փորձություն է նախարարությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել