Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԳԾԻ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՉԷ

Մայիս 18,2010 00:00

Իրենց հայտարարության մեջ երեկ այսպիսի գնահատական են տվել Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ «Ինտերնյուս» հ/կ-ն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին: Ծավալուն հայտարարության մեջ թվարկված են այս օրինագիծը ներկայացնելու այն հանգամանքները եւ բովանդակային դրույթները, որոնք հարցեր եւ մտահոգություններ են առաջացնում: Մասնավորապես՝ «Թե՛ օրենքի նախագիծը եւ թե՛ ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 12-ին հաստատած «Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման» հայեցակարգը չեն ներառում նախատեսված սոցիալական փաթեթի ձեւավորման սկզբունքները, դրանցից բխող թվայնացման անցման դեպքում հեռուստառադիոընկերություններին տրամադրվող լիցենզիաների տեսակները եւ համապատասխանաբար՝ այդ լիցենզիաների տրամադրման հիմքերը»: Ըստ հայտարարության հեղինակների՝ այս նախագծով դարձյալ «չեն ապահովվում ՀՌԱՀ-ի կազմի հասարակական-քաղաքական բազմազանությունը, հասարակության մասնակցությունը ՀՌԱՀ-ի ձեւավորմանը, վերջինիս որոշումների ընդունման թափանցիկությունը: Եվ դա այն դեպքում, երբ նախագծի անցումային դրույթներով այդ մարմնին վերապահվում է թվայնացման եւ հետագայում թվային հաճախականությունների օգտագործման հետ կապված ռազմավարական խնդիրների լուծումը»:
Եվ վերջապես, այս օրինագծով եւս հեռարձակման արտոնագրման մրցույթների անցկացման պայմաններն ու ընթացակարգերը հստակեցված չեն, ու դա կրկին վերապահված է ՀՌԱՀ-ին. «Այս պայմաններում, երբ մրցույթների հայտարարմանը մնացել է 2 ամիս, ընկերությունները շարունակում են մնալ անորոշ վիճակում: Գիտակցելով, որ օրինագծի ընդունումը հրատապ է, այսուհանդերձ համարում ենք, որ կառավարությունը չի ապահովել դրա պատշաճ որակը, եւ այդ պայմաններում՝ անհրաժեշտ է հասարակական, փորձագիտական քննարկում: Ելնելով վերը նշված դիտողություններից՝ կոչ ենք անում Ազգային ժողովին օրինագիծը չընդգրկել մայիսի 17-ին սկսվող հերթական քառօրյա նիստերի օրակարգում, կազմակերպել դրա խորհրդարանական լսումներ, որի ժամանակ պատրաստ կլինենք ներկայացնել մանրամասն վերլուծություն եւ առաջարկություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել