Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՄՆԱՑ ՄԵԶ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ

Մայիս 18,2010 00:00

\"\"Ինչպե՞ս դիմավորեցինք Չավուշօղլուին՝ որպես թուրք մարդո՞ւ, թե՞ եվրոպացի պաշտոնյայի

«Մինչ այդ մենք հանձնաժողովի ձեւավորմանը (խոսքը ղարաբաղյան հարցով հանձնաժողովի մասին է- Մ. Ե.) ձեռնամուխ չենք լինի: Հենց խորհրդակցությունների նպատակը դա է՝ որպեսզի փորձենք հասկանալ՝ ինչ ենք մենք անելու, ինչքանով ենք մենք օգնելու գործընթացին, ինչ պետք է անենք՝ գործընթացին օգնելու համար»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Երեւան գալով՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, թե այս հանձնաժողովի վերստեղծման գործի նախաձեռնողը ինքը չէ, թեպետ մինչ այդ շարունակ հայտարարություններ էր անում այն մասին, որ ինքն ամեն ինչ կանի, որ հանձնաժողովն անպայման ստեղծվի, եւ անպայման ինքը պետք է լինի դրա ղեկավարը: ԵԽԽՎ նախագահի այցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մարտիմեկյան իրադարձություններին եւ դրանց առնչվող դատավարություններին: Մեւլութ Չավուշօղլուն անընդունելի էր համարել, որ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել 10 զոհերի մահվան համար: Վեհաժողովին մտահոգում է նաեւ, որ ամբողջությամբ լուծված չէ հետընտրական իրադարձությունների հետեւանքով ազատազրկված անձանց հարցը: Մեր տպավորությամբ, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի այցը Հայաստան ավելի շատ ընկալվեց ոչ թե որպես եվրոպական ազդեցիկ կառույցի ղեկավարի այց, այլ՝ թուրք պաշտոնյայի: Հայոց խորհրդարանի պատգամավորները եւս հենց այդպես՝ հայավարի դիմավորեցին Չավուշօղլուին. Դաշնակցությունը բոյկոտեց, ընդդիմադիրները եւ իշխանականներն անթաքույց ցույց տվեցին իրենց, մեղմ ասած՝ ոչ սիրալիր վերաբերմունքը: Իհարկե, այս ամենի մեջ մեղքի շատ ավելի մեծ բաժին ունի ինքը՝ պարոն Չավուշօղլուն, ով հայտնի է, մեղմ ասած, ոչ հայասեր լինելով: Այնուամենայնիվ, ԵԽԽՎ նախագահի այցից հետո որեւէ լուրջ հետք չմնաց, բացի այն, ինչ գիտեինք նաեւ այցից առաջ: Մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքների վերացմանն ուղղված, այսպես կոչված, Ճանապարհային քարտեզի իրականացման պահանջը (որոշակի օրենքներում փոփոխությունների անհրաժեշտությունը) արդեն հայտնի էր, իսկ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի հարցն այդպես էլ մնաց օդի մեջ: Մեր երկու դիտարկումների շուրջ զրուցեցինք մի խումբ պատգամավորների հետ: Մասնավորապես, Չավուշօղլուի այցի ընթացքում նկատելի էր, որ բոլորն իրար են անցել ոչ թե այն պատճառով, որ Հայաստան է ժամանել ԵԽԽՎ նախագահը, այլ՝ թուրք մի պաշտոնյա: Մյուս դիտարկումն այն էր, թե համապատասխան օրենքների փոփոխությունը որքանով կարող է արդյունավետ լինել, արդյոք դրանց փոփոխությամբ փոխվելո՞ւ է մեր ընտրական համակարգի որակը, մեր ոստիկաններն ավելի լա՞վն են դառնալու կամ հանրահավաքներն ավելի ժողովրդավարակա՞ն պայմաններում են անցնելու:
Անկախ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին հարցրինք՝ Ճանապարհային քարտեզի իրականացումից հետո, որն ստեղծվել է մարտի 1-ի հետեւանքները վերացնելու համար, ինչ-որ լուրջ փոփոխությունների հանգելո՞ւ ենք, թե՞ գովազդվում է հերթական «թիթիզ», ձեւական գործողությունների փաթեթը: Տիգրան Թորոսյանի կարծիքով. «Մեր կյանքի բացասական երեւույթները օրենքների հետեւանք չեն, եւ օրենքները փոփոխելով՝ մեր կյանքը չի փոխվի: Ճիշտ հակառակը՝ գործող օրենքներով, եթե դրանք իսկապես հարգվեն եւ կատարվեն, մենք կարող ենք ունենալ շատ լավ իրավիճակ»:
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի պնդմամբ եւս՝ մեր երկրի թիվ մեկ խնդիրը ոչ թե վատ օրենքներն են, այլ՝ օրենքների չկատարումը. «Տվյալ պարագայում, ինչքան էլ իդեալական օրենքներ լինեն, եթե դրանք կյանքում չեն իրականացվում, ապա այդ օրենքները ոչ մի արժեք չունեն: Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի դեպքերին, ապա ես մնում եմ այն կարծիքին, որ որեւէ բացահայտելու բան չկա, եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է»:
Արդյոք Չավուշօղլուի այցի ընթացքում չափից շատ չկենտրոնացա՞նք այն հանգամանքի վրա, որ այդ պաշտոնյան թուրք է, եւ մոռացանք այն կառույցը, որը նա է ներկայացնում: Համամիտ լինելով մեր գնահատականին՝ պարոն Դալլաքյանն ասաց. «Ցավոք, մեր քաղաքական իրականությունն այնպիսին է, որ իր մեջ մի տեսակ բարդույթավորվելու էլեմենտներ ունի: Շարունակելով ձեր հարցադրումը՝ ասեմ. երբ Ռուսաստանը եւ Թուրքիան միջպետական որոշակի հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրում, անմիջապես Հայաստանում որոշ անձինք եւ քաղաքական ուժեր խուճապի են մատնվում: Մինչդեռ, ես կարծում եմ, որեւէ անհասկանալի բան չկա նրանում, երբ երկու երկրներ միմյանց հետ համագործակցում են: Ըստ էության, մենք Թուրքիայի կամ թուրք քաղաքական գործչի վերաբերյալ ունենք բարդույթավորված մոտեցում, որը քաղաքականության մեջ անթույլատրելի է»:
«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ քանի դեռ մարտ 1-ի դեպքերի իրական պատճառները վեր չեն հանվել, եւ քանի դեռ 10 անմեղ զոհերի եւ վիրավորների մահվան հանգամանքները եւ վիրավորվելու պատճառները բացահայտված չեն, եւ մեղավորները արդար պատժի չեն արժանացել, բնականաբար, հասարակության մեջ կմնա անվստահությունը. «Ընդհանրապես, ցանկացած հանցագործություն կանխված է համարվում այն դեպքում, երբ հանցագործը իր արժանի պատիժը կրում է»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, դեռ իրական քայլեր չեն կատարվում համապատասխան օրենքների փոփոխության ուղղությամբ. «Կարծում եմ, իշխանությունները իրականացնելու են այնպիսի փոփոխություններ, որոնք իրենց են ձեռնտու լինելու 2012-ի ընտրությունների ժամանակ»: Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ ԵԽ-ն չունի համապատասխան մասնագիտական ձեւաչափ՝ քննարկելու Ղարաբաղի հարցը. «Մեր միջազգային բոլոր գործընկերների եւ մեզ համար նույնպես առավել ընդունված է եղել ԵԱՀԿ եռանախագահների ձեւաչափը: Եվ հետո՝ Չավուշօղլուն ցանկություն էր հայտնել լինել ենթահանձնաժողովի նախագահ, իսկ մինչ այժմ նրա դիրքորոշումը այս հարցում մեզ հիմք տալիս է զգուշանալ եւ մերժել նրա այդ ցանկությունը: Այս եւ էլի մի շարք նկատառումներից ելնելով՝ նպատակահարմար չեմ համարում, որպեսզի ԵԽԽՎ-ում նման ենթահանձնաժողով ձեւավորվի»,- վստահ է «Ժառանգության» ներկայացուցիչը:
Անկախ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը կարծում է, որ «Չավուշօղլուի այցին շատ մեծ նշանակություն պետք չի տալ, որովհետեւ նա ինչքան էլ լինի ԵԽԽՎ նախագահ, նախ եւ առաջ թուրք է եւ այդ իսկ պատճառով՝ կողմնակալ է: Եթե մենք խնդիրներ տեսնում ենք, մենք ինքներս պետք է ձգտենք մեր երկրի ներսում այդ խնդիրները շտկել եւ ոչ թե ինչ-որ մի եվրոչինովնիկի ասելով: Թուրքի կամ մեկ ուրիշ ազգի սիրտը դժվար թե այդքան ցավի այդ զոհերի համար, որքան մերը»: ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահ է, որ մարտի 1-ի ողբերգությունն այդքան չի կարելի շահարկել. «Մենք ինքներս կարող ենք այդ հարցը կարգավորել՝ առանց օտարերկրյա միջամտության, առանց օրենքներ փոխելու: Մենք մեր զոհերին ետ չենք կարող բերել, պիտի մտածենք՝ ինչպես անել, որ նման բաներ այլեւս չկրկնվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել