Նոր ինտրիգներ մոգոնող ՍԴՀԿ ԿՎ ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, կուսակցության քարոզչական դիվանի պատասխանատու Հակոբ Տիգրանյանի հնչեցրած մեղադրանքներին, որ ՀԱԿ-ը ցանկանում է «գերի վերցնել» ՍԴՀԿ-ն եւ կուսակցությունն իր կամակատարը դարձնել:
– Իմ կողմից շատ հարգված Հակոբ Տիգրանյանը, կարծում եմ, ծայրահեղությունների մեջ է ընկել, եւ նրա ձեւակերպումն ինձ մոտ միայն ժպիտ է առաջացնում: Ի՞նչ է նշանակում «գերի վերցնել». ՍԴՀԿ-ն իր կամքով անդամագրվել է ՀԱԿ-ին ու իր կամքով էլ շարունակում է անդամությունը՝ իր ուժերի ներածի չափով նպաստելով համաժողովրդական շարժմանը: ՀԱԿ-ում ներգրավված բոլոր 18 կուսակցություններն էլ ազատ են իրենց գործողություններում եւ որոշումներում: Իսկ ՍԴՀԿ-ն իր ողջ պատմության ընթացքում երբեւէ գերի չի եղել ոչ մի քաղաքական ուժի, հիմա էլ գերի չէ: ՍԴՀԿ-ն ազատ է ցանկացած պահի ՀԱԿ-ից դուրս գալու որոշում կայացնել, բայց մենք գտնում ենք, որ ՀԱԿ-ը մեր երկամյա պայքարի կարեւոր արդյունքներից մեկն է, ու քանի դեռ պայքարը շարունակվում է, քանի դեռ մեր առջեւ դրված խնդիրները վերջնական լուծում չեն ստացել՝ մենք կմնանք ՀԱԿ-ում: Իսկ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի խնդիրների հետ ՀԱԿ-ը որեւէ կապ չունի:
– Պարոն Տիգրանյանը նաեւ ՀԱԿ-ին առաջարկում է ձերբազատվել ձեզանից եւ ձեր թիմակիցներից՝ իբրեւ օրինազանցների, եւ այդ պարագայում, արդեն, համահնչակյան կենտրոնը կհամագործակցի ՀԱԿ-ի հետ: Դրան ինչպե՞ս եք վերաբերվում:
– ՀԱԿ-ը ճանաչել եւ համագործակցում է ՍԴՀԿ այն կառույցի հետ, որը հայաստանյան քաղաքական դաշտում գործում է միանգամայն օրինական հիմքերով, եւ որի ատենապետը ստորագրել է համագործակցության հռչակագրի տակ: Կասկածից վեր է, որ ՀԱԿ-ը պետք է միայն օրինական կառույցի հետ համագործակցեր, քանի որ ՀԱԿ-ը պայքարում է Հայաստանում հենց օրինականության վերականգնման համար: Նաեւ՝ ՀԱԿ-ի շահերից բնավ չէր բխում նման պառակտումն ու ինտրիգը: Իմ սփյուռքյան ընկերները օրինականությունն ինչ-որ բանի հետ հավանաբար շփոթում են: Նրանց պահվածքն ինչ-որ տեղ նույնիսկ զարմացնում է: Ես շատ կարեւորում եմ կուսակցության հայաստանյան կառույցի համագործակցությունը համահնչակյան ընտանիքի հետ եւ երբեւիցե դրանից չեմ հրաժարվել: Այդ իրենք են, որ խախտելով օրինական եւ բարոյական նորմերը՝ փորձում են ճանաչել մի թեւի, որն ամբողջովին դուրս է օրենքի շրջանակներից:
– Տեւական ժամանակ, կարծես, կրքերը հանդարտվել էին, քանի որ հարցի լուծումը փորձ է արվում դատական ատյաններում գտնել, բայց անցյալ շաբաթվա ընթացքում թե համահնչակյան կենտրոնը, թե հայաստանյան մյուս թեւը նոր արշավ սկսեցին ձեր դեմ. ինչո՞վ է դա պայմանավորված:
– Նախ ասեմ, որ ես չեմ պատրաստվում ոչ հակահարված տալ, ոչ էլ պաշտպանվել եւ հակված եմ այս թեմայով այլեւս չխոսել: Իրենք ի՞նչ են որոշել՝ չգիտեմ, իրենց գործն է բայց կարծում եմ, որ նման պահվածքը՝ դրսից փորձել այստեղ ինչ-որ հարցեր կարգավորել, հարիր չէ համահնչակյան կենտրոնական վարչությանը: Այս ժամանակահատվածում իրենք պետք է կարողանային վերլուծել եղածը եւ դրական լուծումներ տալ: Երբեւիցե ողջունելի չէ պառակտումը հնչակյան կուսակցության ներսում: Սփյուռքյան իմ ընկերներին նաեւ ցանկանում եմ հիշեցնել, թե այս ամենն ինչպես է սկսվել. դեռ համահնչակյան 19-րդ համագումարից առաջ հայաստանյան մամուլում երկու հրապարակում եղավ՝ ուղղված իմ դեմ: Ես գիտեի, թե դա ում ձեռքի գործն է եւ ինչ նպատակ է հետապնդում, համահնչակյան կենտրոնի ատենապետ Սեդրակ Աճեմյանը նույնպես հարցի էությանը լավատեղյակ էր: Կենտրոնի իմ մի քանի ընկերների խնդրեցի այդ ամենը լուրջ քննարկման առարկա դարձնել եւ վերջ դնել նման գործելաոճին, որպեսզի շարունակություն չունենա: Չարեցին: Ավելորդ մեկնաբանություններ տալ չեմ ցանկանում, բայց թող չփորձեն իրենց սխալների մեղքը ՀԱԿ-ի վրա բարդել: Ես որեւէ մեկին չեմ ցանկանում մեղադրանք առաջադրել կամ պաշտպանել, պարզապես՝ այսպես է սկսվել ամեն ինչը, եւ որեւէ մեկին մեղադրելն անհիմն է:
Կենտրոնի իմ ընկերներին միայն կասեմ՝ ճիշտ կլիներ, որ հայցը ետ վերցնեին, որովհետեւ այդ պարտությունը լինելու է ոչ թե շիրխանյանական թեւինը, այլ համահնչակյան կենտրոնական վարչության պարտությունը: Ես դա չեմ ցանկանա: Մեզ համար այդ ինստիտուտը մնում է կարեւորագույնը, եւ ես շատ հարգանքով եմ վերաբերվում կենտրոնի իմ ընկերներին՝ չնայած մեկը մյուսի ետեւից նրանց թույլ տված սխալներին: Այո, սխալներ եւ ծայրահեղություններ նաեւ մեր կողմից են եղել, բայց որեւէ այնպիսի քայլ չենք արել, որի համար այսօր մեզ մեղավոր զգանք:
Հ. Գ. ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այս առիթով «Առավոտին» փոխանցեց, որ ՍԴՀԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱԿ-ի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա, քանի որ իրավիճակում էլ փոփոխություն չկա: Հիշեցնենք, որ այս առիթով անցյալ տարի արած իր հայտարարությամբ ՀԱԿ-ը փաստում էր, որ զերծ է մնում մեկնաբանություններից, քանի դեռ իրավիճակում հստակություն չկա, իսկ մինչ այդ շարունակելու է աշխատել այն անձանց հետ, ում հետ մինչ այդ աշխատել է: