(Արաբկիր, Արաբկեր, Արաբրակես, Արաբրակնուա, Արապկեր, Արապկիր, Արապրասեզ, Արապրաքեն, Արարոքա քաղաք, Արափեր, Արափիր, Արափկիր, Արեպքեր, Արեպքիր-քաղաք Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայում, Մալաթիայից մոտ 30 կմ հյուսիս, Ցաղմուր լեռան հյուսիսարեւելյան կողմում, Եփրատի աջակողմյան վտակ Արաբկիրի օժանդակ Անկոյի ջուր գետի (հնում Ոսկի գետ) աջ կողմում:
Արապկիրը հիմնադրվել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու կողմից 1021 թ.՝ Արաբրակնուա հռոմեական բերդաքաղաքի մոտ: Արապկիրը ամենահնագույն հայկական բնօրրաններից մեկն է: Քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են Ք.Ա. 1200-ական թվականներին:
15-րդ դարում Արաբկիրի վրա գերիշխանություն է հաստատում Օսմանյան կայսրությունը: 1800-1830- ական թվականներին տեղի բնակչության թիվը հասնում էր 15 000-ի, որոնցից 12 000-ը հայեր էին: Սակայն 1830-50-ական թվականներին բնակչության թիվը խիստ նվազում է, հասնելով մոտ 9000-ի: Թվաքանակի այս անկումը խոսում է բնակավայրի հայության վիճակի մասին: Այստեղ հալածանքները, հարկերի խստացումը այնքան էին դժվարացնում հայերի կյանքը, որ նրանք այլեւս չդիմանալով՝ կամավոր հեռանում էին քաղաքից(ըստ Armenianhouse-ի տվյալների):
1895թթ. Արաբկիր գավառի բնակչությունը կազմել է 10 908 արական եւ 11 152 իգական սեռի, ընդհանուր առմամբ՝ 22 060 անձ, որոնցից 9 072-ը հայեր էին (Malatya Tarihi ve Sosyoekonomik Durumu (M.Ճ. 5500-M.S. 1920) Mevlut O?uz sayfa 434- ?stanbul- Kurti? Matbaac?l?k 2000):
Մ. Օրմանյանը «Հայոց եկեղեցիները» գրքում, Արաբկիրի հայկական եկեղեցիների եւ հայ բնակչության մասին գրում է, որ 1911 թ. Արաբկիրն ուներ եպիսկոպոսություն: Տեղի հայերը բնակություն էին հաստատել 16 անուն թաղամասերում: Նրանց թիվը հասնում էր 19 500-ի, որոնցից 500-ը՝ կաթոլիկ, 1000-ը՝ բողոքական եկեղեցու հետեւորդներ էին: Այստեղ հայերն ունեին 20 եկեղեցի (Մ.Օրմանյան, «Հայոց եկեղեցիները», Բուենոս Այրես, 1949թ., էջ 284):
Ֆաբրիքաթորյան եղբայրների պամպակի արտադրության պիտակ
Այստեղ եւս, ինչպես բոլոր հայկական շրջաններում, արվեստն ու արհեստը ծաղկում էր հայերի ձեռամբ: Նրանք, այգեգործության ու երկրագործության հետ մեկտեղ, զբաղվում էին շերամապահությամբ, բամբակագործությամբ, զինագործությամբ, առեւտրով:
19-րդ դարի երկրորդ կեսին Արաբկիր գավառի 84 անուն գյուղերից հայկական էին Վաշխեն կամ Վաղշենը, Ծագը, Հասկնին, Էհնեն, Կրանին, Անջրդին (Անչթին, 510 հայ), Սաղմկան, Աղնին, Օճախը, Ամպրկան (Ամբրգան, 250 հայ), Վանքը (129 հայ), Խոռոչը, Մաշկերտը, Օվան, Ծապլվարը, Շիփիկը (Չեփիկ, 468 հայ), Քուշնայը: Արաբկիրում հայտնի սրբավայր էր Սուրբ Աստվածածին վանքը:
Արաբկիրի հայտնի եկեղեցիներն էին Ս. Աստվածածին, Ս. Հակոբ, Ս. Գեւորգ եւ Ս. Լուսավորիչը:
Բացի եկեղեցիներից, կային այլ սրբավայրեր եւս, որտեղ այցելում էին տեղի հայերը: Այդ սրբավայրերն էին Ս. Սարգիս, Ս. Գեւորգ, Ս. Թագուհի, Կաթնաղբյուր, Ծակքար եւ այլն:
Շատ ցավալի է, որ այս սրբավայրերի նույնիսկ ավերակները մեր օրերում չկան: Արաբկիրի մայր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը կառուցվել է 13-րդ դարում: Այն հանդիսանում է Արեւմտյան Հայաստանում կառուցված ամենամեծ եկեղեցիներից մեկը: Այստեղ կարող էր տեղավորվել 3 000 անձ: 1915թ. եկեղեցին թալանվել է, իսկ ավելի ուշ՝ քանդվել: Ցեղասպանությունից հետո այս եկեղեցին նորոգվել է եւ օգտագործվել որպես դպրոց: Սակայն 1950 թ. Արաբկիրի պաշտոնատար անձինք եկեղեցին քանդելու որոշում կայացրին: Այս բարբարոսական միտքը թուրքական կառավարությունը իրականացրեց 1957 թ.՝ պայթեցնելով եւ հիմնովին քանդելով այն:
«Արաբկիրի քաղաքապետարանի որոշմամբ մայր եկեղեցու հողատարածքը 28 000 լիրայով վաճառվեց Հյուսեյին անունով մի արաբկիրցու»,- գրում է 1957թ. Արաբկիրում տպագրվող շաբաթաթերթերից մեկը: «Այսպիսով մեր ծննդավայրի մայր եկեղեցին՝ հավատքի տունը ոչնչացավ» (ntarnik L. Pladian New York 1969 –Arapkir Union, էջ 931):
Այս շրջանը հայտնի էր նաեւ իր կրթական կենտրոններով, որոնցից էին Մայր վարժարանը, Ս. Թարգմանչացը, Զարուհյան դպրոցը: Բացի այդ, գործում էին 14 դպրոցներ, որոնցում աշակերտների թիվը հասնում էր 962-ի:
Կա՞ն, արդյոք, այսօր Արաբկիրում հայեր
/Մեջբերումներ՝ Մուրթ Բեբիրօղլուի պատմածից «https://team-aow.discuforum.
info/t861-Arapgir-Kazasi.htm/.«Այսօր Արաբկիրում կա վեց հայ: Նրանք բոլորն էլ ամուր արմատներ են ձգել իրենց հայրենի հողում, ու կարծես թե հազարամյա կաղնու նման չեն էլ ուզում հեռանալ մայր հողից: Այս հայերից մեկն էլ արաբկիրցի Սարգիս Միրեշօղլուն է, հարյուրամյակը հատելուն մոտ Սարգիս բեյը: Վերջին հայերից մեկը մահից առաջ կատարեց եւս մեկ անձնվեր գործ. երբ Արաբկիրի մայր եկեղեցին քանդեցին, Սարգիս բեյը գնեց եկեղեցու դուռը եւ բերելով Ստամբուլ՝ հանձնեց պատրիարքարանի թանգարանին»: Ինքս անձամբ տեսել եմ այս հրաշալի դուռը: Այն Գում-քափուում գտնվող Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու Քազազ Ամիրա սրահի դռանն է տեղակայված:
«Ճիշտն ասած՝ չգիտեմ,- շարունակաում է իր հուշերը Բեբիրօղլուն,- հիմա Սարգիս բեյը կենդանի՞ է, թե՝ ոչ: Որովհետեւ արդեն շատ ծեր էր: Արաբկիրի հայերը իրար գտել են պատահաբար, ոչ ոք մյուսի մասին նախապես չի իմացել: Այստեղ են ապրում Միքայելը իր եղբոր հետ, Շեփիկ գյուղում Բաբկեն բեյը՝ քրոջ հետ եւ Սարգիս բեյը՝ իր խնամողի հետ: Հայերը մեծամասնություն են կազմել հատկապես Շեփիկ գյուղում: Շեփիկում են ապրել սուննի մահմեդականներ, ալեվիներ եւ հայեր: Տարօրինակ է պատմությունը: Այս երեք՝ իրարից տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչները ունեն միայն մեկ գերեզմանոց, իսկ տարբեր դավանանքի մարդիկ թաղված են կողք կողքի: Սա, կարծում եմ, կրոնների հանդուրժողականության եզակի օրինակներից մեկն է: Ես շատ էի ցանկանում լինել գերեզմանոցում ու գտնել իմ հարազատներին, բայց երբ այնտեղ հասա՝ ոչ մի հարազատի չգտա, որովհետեւ իմ պապն ու հայրը անթաղ էին մնացել Դեր-Զորի ճանապարհին: Հետո մենք շատ փնտրեցինք մեր տան ճամփան: Ու մեր ոտքերը մեզ հանկարծ տարան ու կանգնեցրին մի անծանոթ հողակտորի առջեւ: Ոչինչ չկար հնից. կանաչ մամուռի տակից հազիվ նշմարեցինք մեր փոքրիկ ջրամբարը, որի շնորհիվ ջրի պակաս ունեցող մեր գյուղում մեր այգին մշտապես կանաչ էր ու դալար: Հավաքվեցին հարեւանները, զարմանալի էր՝ բոլորը միանգամից մեզ հիշեցին ու ճանաչեցին: Ես հարցրի, թե ո՞ւր է Ս. Գեւորգ եկեղեցին: Այն եւս մեզ շատ մոտ պետք է լիներ: Մեզ ուղեկցող Հասանը մի քարակույտ ցույց տվեց: Այս եկեղեցու հետքն էլ մյուսների նման անհետացավ, մտածեցի ես ու դառը տխրությամբ հեռացա: Հետո մենք ուզեցինք գնալ Քյուչուք Չարշը թաղամաս: Այստեղ էլ էին հնում բնակվել հիմնականում հայեր: Անցանք Դեմիրքափը հայկական թաղամասի միջով: Ոչինչ չէր մնացել հնից: Ինձ համար ամեն ինչ շատ ծանր էր: Հասնելով մեր փնտրած թաղամասը, ես չկարողացա մտնել: Ու մենք հեռացանք: Մեր հարեւաններից շատերի տները այդպես էլ մնացել էին, բայց այգիները չորացել էին, փոխվել էր ամեն ինչ: Դառն է, երբ այդքան մոտիկ էր քեզ ու այդքան հեռու»:
Մեծ կոտորածը արաբկիրցիներից կենդանի թողեց մի քանի մասունք: Դեգերող կենդանի մնացած 800 արաբկիրցիները հաստատվեցին Արեւելյան Հայաստանում, որտեղ էլ՝ Երեւանի մոտ, 1925 թ. նոյեմբերի 29-ին հիմնադրեցին Նոր Արաբկիր ավանը: