Բեյրութում հրատարակվող «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Դյունիայանի նախաձեռնությամբ եւ Հալեպի՝ Հ.Բ.Ը.Մ. գործադիր մարմնի հովանավորությամբ՝ Գալուստ Գյուլպենկյան կենտրոնի սրահում վերջերս տեղի ունեցավ Հովհաննես Շիրազի 95-ամյակին նվիրված գրական երեկո: Հյուրերն էին արաբ գրող՝ հայագետ, թարգմանիչ Նիզար Խալիլին, որը բանաստեղծի ընկերն է եւ Շիրազի մի շարք ստեղծագործությունների, այդ թվում նաեւ՝ «Սիամանթո եւ Խջեզարե» պոեմի արաբերենի թարգմանիչը, հայ մտավորականներ, քաղաքական գործիչներ:
Ինչպես «Նոյյան տապանին» հայտնում են «Հովհաննես Շիրազ» հիմնադրամի նախաձեռնող խմբից, այդ հանդիսությունը տեղի ունեցավ Բեյրութում Հ.Բ.Ը.Մ. «Տեմիրճեան» կենտրոնի «Ասպետներու սրահում»: Այստեղ եւս հավաքվել էին լիբանանահայ մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ: Հանդիսության գլխավոր հովանավորն էր «Ծաղիկ» շաբաթաթերթի խմբագրակազմը, հանձին՝ խմբագիր Հակոբ Դյունիայանի, ինչպես նաեւ Լիբանանում ՀՀ դեսպանությունը: Այս առիթով Հալեպ եւ Բեյրութ էր հրավիրվել Հովհ. Շիրազի դուստրը՝ բանաստեղծուհի Անի Շիրազը, որը հանդես եկավ բանախոսությամբ, կարդաց հատվածներ Հովհ. Շիրազի ստեղծագործություններից: Եվ Հալեպում, եւ Բեյրութում կայացած գրական երեկոները լուսաբանեց ոչ միայն սիրիահայ եւ լիբանանահայ մամուլը, այլեւ MTV հեռուստաալիքը, կարեւորելով այս երեկոների նշանակությունը: Հատկապես հուզիչ էր գեղանկարիչ Հրաչ Այնթապլյանի նվերը՝ Հովհաննես Շիրազի մեծադիր դիմապատկերը, որը գեղանկարիչը ստեղծել էր հատուկ մեծ բանաստեղծի 95-ամյակի հանդիսություններին ներկայացնելու նպատակով:
Այս միջոցառումների շրջանակներում Անի Շիրազը հյուրընկալվեց Հայկազյան համալսարանում, որտեղ Տերյան հայագիտական գրադարանում բանաստեղծի դստերը շնորհվեց Հայկազյան համալսարանի խորհրդանշան-կրծքանշանը: