Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Միսս եւ Միստր Վանաձոր- 2010-ը»

Մայիս 15,2010 00:00

\"\" \"\"

Օրերս Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց «Միսս եւ Միստր Վանաձոր-2010» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթ-փառատոնը: Որպես լիցենզավորված մրցույթ-փառատոն՝ այն իր տեսակի մեջ առաջինն էր Վանաձորում (մինչ այս անց էր կացվել մանկական «Միսս եւ Միստր» գեղեցկության մրցույթ- փառատոնը): 3-5, 6-9, 10-13 եւ 15-18 տարիքային խմբերում մասնակցում էին 36 աղջիկ ու տղա: Նրանցից 5-ը Վանաձորի մանկատան սաներ էին: Մրցութային ծրագիրը ներառում էր՝ դեֆիլե, արագ պար, դասական պար: Յուրաքանչյուր տարիքային խումբ բեմահարթակ ելավ 3 անգամ: Մասնակիցներին փառատոնին անվճար նախապատրաստել էր «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզերի ղեկավար, «Լուիզա դանս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Լուիզա Ծատուրյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար ՀՀ ժողովրդական արտիստ, ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Հակոբ Ազիզյանի նախագահությամբ կազմվել էր ժյուրի, որի կազմում էին Վանաձորի թիվ 24 նախակրթարանի տնօրեն, մանկագիր Ռոզա Վարդանյանը, «Միսս աշխարհ» մրցույթի շրջանակներում անցկացված «Միսս Հայաստան» եւ «Միսս Ինֆինիտի» մրցույթների մրցանակակիր Ալլա Գրիգորյանը, «Թոփ-մոդել աշխարհ-2007» Մարինա Ավետյանը, Լոռու մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի ավագ մասնագետ, երգիչ Մհեր Մելիքյանը:
«Վանաձորյան մրցույթ-փառատոնը բարձր մակարդակի էր ոչ միայն կազմակերպչական առումով. դուք նաեւ շատ լավ հանդիսատես ունեք: 3-9 տարեկան բոլոր մասնակիցները առանց բացառության արժանի են հանդես գալու մրցույթ-փառատոնի հանրապետական փուլում, եւ ես այս տարի բացառություն կանեմ՝ բոլորին հրավիրելով Երեւան»,- մեզ հետ զրույցում ասաց «Միսս եւ Միստր աշխարհ» մրցույթ-փառատոնի նախագահ Աշոտ Խաչատրյանը:
3-5 տարիքային խմբում «Միսս Վանաձոր» ընտրվեց Վիկտորյա Հովհաննիսյանը, «Միստր Վանաձոր»՝ Գարիկ Եղիազարյանը: Այս տարիքային խմբում առաջին մրցանակ էր սահմանել մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն, որին արժանացավ Դիանա Առաքելյանը: 5-8 տարիքային խմբում «Միսս Վանաձոր» դարձավ Մոնիկա Ոսկանյանը, «Միստր Վանաձոր»՝ Մհեր Բեգլարյանը:
10-13 եւ 15-18 տարիքային խմբում մասնակցում էին միայն աղջիկներ: Առաջին խմբում «Միսս Վանաձոր» էր Սոֆի Գեւորգյանը: 15-18 տարիքային խմբում նույն տիտղոսին արժանացավ Հայարփի Ավետիսյանը:
Վերջում մասնակիցները հուշանվերներ ստացան փառատոնի հովանավորների, ինչպես նաեւ Լուիզա Ծատուրյանի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել