Ենթարկվելով հարբած աղջիկների ոտնձգություններին, խեղճ բարմենները ստիպված են հասկացնել, որ իրենք հաճախորդի հետ «սաունա» չեն գնում:
Բարմենը նաեւ հոգեբան է, նրանք շատ հիշաչար են եւ բոլորին դեմքով հիշում են… «Առավոտի» հետ զրույցում այսպես նկարագրեց բարմենի աշխատանքը՝ «Cameleon» ակումբի բարմեն Հայկ Ղազարյանը:
«Ամեն մեկը չի կարող բարմեն աշխատել, դրա համար մարդ պետք է ունենա ստեղծագործելու ունակություն, մեծ համբերություն եւ զուսպ բնավորություն»,- նշում է Հայկը:
Ասում են՝ բարմենին չի կարելի բարկացնել, որովհետեւ երբեք չես իմանա, թե ինչ կարող են լցնել խմիչքիդ մեջ: Պարզվում է, բարմենները լավ հիշողություն ունեն. բոլորին դեմքով հիշում են, ու եթե նրանց փոքր-ինչ կոպիտ վերաբերմունք ցույց տաս, հաջորդ անգամ խմիչքիդ մեջ ինչ-որ բան կլցնեն: Այս միտքը հաստատեց նաեւ Հայկը. «Դա գալիս է մարդու բնավորությունից, ինքնագնահատականից: Բարի սեղանից այն կողմ ամեն ինչ այլ է՝ դու ես բարի տերը, ղեկավարողը: Չեմ սիրում, երբ աշխատում եմ եւ հաճախորդն ինձ ուղղություն է ցույց տալիս՝ ինչպես աշխատել, ինչպես լցնել խմիչքը կամ ինչն ինչի հետ խառնել»:
Հ. Ղազարյանը արդեն 4 տարի զբաղվում է բարմենի աշխատանքով եւ, իր խոսքերով, միանգամից է մասնագիտացել. «Բանակում ծառայելուց հետո ընդունվեցի Բարմենների հայկական ասոցիացիա. էությամբ աշխույժ մարդ եմ, ինչպես ժողովուրդն է ասում՝ արյունս եռում է ու բարմենի աշխատանքն էլ հենց այդպիսին է, որոշեցի բարմեն դառնալ: Ճիշտ է, Հայաստանի պայմաններում ամեն ինչ այլ է՝ բարմենին դեռ լուրջ չեն նայում, մի տեսակ լավ չեն ընդունում»:
Բարմենները, թերեւս, բոլորի համեմատ ամենաշատն են լինում ոտքի վրա՝ հաճախ մատուցում են նաեւ հոգեբանական ծառայություններ. «Դժվար է ժամեր շարունակ կանգնել ոտքի վրա, դեռ մարդկանց էլ սպասարկել, երբեմն չես հասցնում, երբեմն ուժերդ չեն բավարարում, երբեմն էլ ուղղակի հոգնում ես հարբած մարդկանց տեսնելուց, դեռ դրան գումարած էլ՝ նրանց տված հարցերին բարեհամբույր պատասխանելուց: Բարմենի մատուցած հոգեբանական ծառայությունների մասով էլ ասեմ՝ կարեւոր է, որ բարմենը կարողանա լսել բոլորին: Եվ հետո բարմեն լինելը մասնագիտություն է, ոչ թե աշխատանք, դա նաեւ ապրելու ոճ է: Օրինակ՝ ես այժմ սովորում եմ, այսինքն՝ ունեմ երկու կյանք. մեկում ես սովորական ուսանող եմ, մյուսում՝ երեկոյան, բարի տեր: Երկու տարբեր անձեր ենք ստացվում: Օրինակ, բարի սեղանից այն կողմ ես կարող եմ մարդուն երկար լսել, զրուցել նրա հետ…»:
Բարմենի մասնագիտության մեջ կա մի սահմանափակում՝ տարիքը: Հայկի բնորոշմամբ, մեծահասակները այս ոլորտում չեն կարող աշխատել, որովհետեւ նախ՝ տարիների ընթացքում կորցնում են պոտենցիալը, եւ հետո՝ բարերի, ռեստորանների տերերի համար երիտասարդ բարմեն, մատուցող ընտրելը դարձել է օրինաչափություն:
Հայկի հետ զրույցից պարզ դարձավ, որ կարեւոր է նաեւ բարմենի բնավորությունը՝ «նա պետք է կարողանա շփվել, կատակել, լսել բոլորին, ջերմ մթնոլորտ ստեղծել հաճախորդների հետ հարաբերություններում: Բարմենը պետք է նաեւ լավ հաշվապահ ու, կրկին շեշտում եմ՝ հոգեբան լինի: Շատ հաճախորդներ սթրեսի կամ խնդիրների պատճառով ալկոհոլի ազդեցության տակ բարմենի աջակցության կարիքն են զգում: Այս դեպքում պետք է կարողանալ լսել, ընկալել կամ գոնե պետք է ձեւացնես, թե լսում ես: Հակառակ դեպքում, որպես անտարբեր մարդ, կարող է մշտական հաճախորդ կորցնես: Բայց նաեւ պարտադիր չէ, որ բարմենը կամ մատուցողը բոլոր հաճախորդների հետ շփվի: Օրինակ, ես բարի սեղանի ետեւում մարդկանց համար լավ ընկեր եմ, մտերիմ եւ մտահոգ. իսկ սեղանից այս կողմ, այսինքն՝ դրսում, ես նույն այդ մարդկանց չեմ ճանաչում, մինչեւ անգամ չեմ բարեւում: Կարիք չկա դրսում, կենցաղում նրանց հետ շփվել»:
Բարմենը խոսեց նաեւ մարդկային բնավորությունների մասին. «Ամեն տեսակ հաճախորդ կա. նրանք շատ տարբեր են: Աղջիկների մասին էլ չեմ խոսում: Բարմենին տարատեսակ առաջարկներ են անում, եւ այդ ժամանակ բացահայտում ես մարդու տեսակը: Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ տղաները տեսել են աղջիկը մեկ րոպեով հեռացել է բարի մոտից, եկել ասել են, որ աղջկա խմիչքի մեջ ինչ-որ բան լցնեմ: Նման դեպքերն արդեն ինձ համար սովորական են դարձել, քանի որ շատ հաճախակի են պատահում: Մի անգամ էլ հինգ աղջիկ այնքան էին խմել, որ ոտքի վրա չէին կարողանում կանգնել: Սովորաբար ես չեմ կոպտում աղջիկներին, բայց ստիպված կոպիտ խոսեցի նրանց հետ, համբերությունս հատել էր. այնքան մնացին, մինչեւ ակումբը դատարկվեց: Եկան սկսեցին ինձ տարբեր առաջարկներ անել՝ միասին գնանք սաունա եւ այլն… Ես, բնականաբար, մերժեցի: Նրանք չլսելու տվեցին մերժումս եւ ինչքան ուժ ունեին համոզում էին ինձ: Շատ կոպիտ բացատրեցի, որ ես աշխատանքի մեջ եմ եւ աշխատանքից դուրս ես նրանց չեմ ճանաչում: Ես նկատել եմ, որ աղջիկները մեծ սեր ունեն խմիչքի նկատմամբ: Եվ, ի տարբերություն տղաների, նրանք նախընտրում են շատ թունդ խմիչքներ»: