Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիան մայիսի 9-ին Անտվերպենի «Ռիքս» շախմատի ակումբում կազմակերպել էր Բելգիայի հայ շախմատիստների առաջնություն՝ նվիրված Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձին: Բացելով առաջնությունը՝ ակումբի ղեկավար Ռոբերտ Սխերմանսը խոսեց հայ շախմատիստների, շախմատի պատմության մեջ նրանց ներդրումի մասին: Առաջնության հաղթող ճանաչվեց եւ ֆեդերացիայի գավաթին տիրացավ հայերիս կողմից արդեն որերորդ անգամ հանդես եկող ծագումով ալբանացի, մեր բարեկամ ու հայասեր, պրոֆեսիոնալ շախմատիստ Բաշկիմ Իսմայիլայը:
Երկրորդ տեղը գրավեց Արսեն Կիրակոսյանը, իսկ երրորդ տեղը՝ Գրիգոր Մարտիրոսյանը: Ամփոփելով առաջնությունը, ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մինասյանը առաջնությանը հետեւող բելգիացի շախմատիստներին ներկայացրեց մայիսի 9-ի խորհուրդը, խոսեց Շուշիի ազատագրման մասին եւ շախմատի ակումբին՝ ի նշան ձեւավորված բարեկամության, հուշանվեր նվիրեց:
Այնուհետեւ որոշում կայացվեց հայ շախմատիստների ակումբը կոչել Տիգրան Պետրոսյանի անունով, պարբերաբար անցկացնել պարապմունքներ, մրցումներ: