Այս մարդիկ ոչինչ չեն տեսնում, բայց արտակարգ լսողություն ունեն: Դրա համար էլ ֆուտբոլ խաղում են ոչ թե սովորական, այլ ձայն հանող հատուկ գնդակով, որի մեջ ձայնային սարք է տեղադրված: Գնդակի ծանր լինելը, որպեսզի այն գետնից գրեթե չկտրվի, պարտադիր պայման է:
Հանդիպումն անցկացվում է 25 րոպեանոց երկու խաղափուլով: Փոխարինումներ կատարել թույլատրվում է խաղի ընթացքում: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է հինգ ֆուտբոլիստից, մեկը՝ դարպասապահ: Մարզազգեստը սովորական է: Բայց ֆուտբոլիստների աչքերն անպայման կապվում են: Դա արվում է նրա համար, որպեսզի տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողները դաշտում հավասար պայմաններում լինեն:
Բացի ֆուտբոլիստներից, խաղին մասնակցում են նաեւ մարզիչը եւ, այսպես կոչված, գիդը, որը սովորաբար կանգնում է մրցակցի դարպասի ետեւում եւ իր խաղացողներին ուղղորդում դեպի նշանակետ: Ֆուտբոլիստներին դաշտում օգնում է նաեւ դարպասապահը, որը խաղի կանոններով կարող է տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ չունենալ, թույլ տեսնող լինել: