Չորեքշաբթի ուշ երեկոյան Գերմանիայի «Համբուրգ Արենայում» հայտնի դարձավ Եվրոպայի լիգայի անդրանիկ խաղարկության չեմպիոնը: Ու թեեւ մրցաշարն արդեն ուրիշ էր, սակայն եզրափակիչն ընթացավ ճիշտ եւ ճիշտ ՈՒԵՖԱ-ի գավաթի գագաթնախաղերի ոգով. հավասար մրցակիցներ, հաղթանակի հավասար ցանկություն ու անկոտրում պայքար՝ 120 րոպեների ընթացքում: Առաջին անգամ նման հանդիպման մասնակցող անգլիական «Ֆուլհեմն» ու 48 տարի առաջ այս մրցաշարի նախահայրը հանդիսացող Գավաթակիրների գավաթի տիրակալ իսպանական «Ատլետիկոն» դիտարժան պայքար նվիրեցին իրենց երկրպագուներին:
Եզրափակիչները միշտ էլ հետաքրքիր են լինում՝ անկախ մրցակիցներից, մրցավայրից ու մրցավարից: Եզրափակիչների տրամաբանությունն է դա: Ու եթե անգամ խաղը դիտարժան չի ստացվում, միեւնույն է, եզրափակիչը հիշվում է: Այն նայում ես շունչդ պահելով, քանի որ հանդիպման ավարտին հերթական կամ նոր գավաթակրի անունն է հայտնի դառնալու, նրա պատվին են շեփորները հնչելու:
Իր գոյության վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչները հենց վերը նշված պատճառներով էին դիտվում, իսկ բուն մրցաշարը վաղուց կորցրել էր հետաքրքրությունը ոչ միայն ֆուտբոլասերի, այլեւ՝ ակումբների համար: 1955 թվականին սկիզբ առած այդ մրցաշարը պարբերաբար ենթարկվում էր փոփոխությունների թե՛ անվանման, թե՛ ձեւաչափի առումով՝ 55 տարիների ընթացքում Տոնավաճառների գավաթից վերաճելով ՈՒԵՖԱ-ի գավաթի, ապա՝ Եվրոպայի լիգայի: Բայց անգամ այս բարձրագոչ անվանումն ու ձեւաչափային փոփոխությունները առանձնակի հետաքրքրություն չմտցրին մրցաշար: Ու եզրափակիչում էլ հանդիպեցին իրենց առաջնություններում ոչնչով աչքի չընկած երկու ակումբներ՝ առանց ամբիցիոզ ծրագրերի, համարձակ որոշումների: Այդ խաղում էլ հաղթողը, մյուս բոլոր գավաթակիրների պես, երջանիկ էր: Բայց պարտվողը, ի տարբերություն բոլոր մյուս եզրափակիչներում պարտվողների, չէր շտապում ազատվել միգուցե կարեւորագույն հաղթանակը կորցնելու մասին վկայող իր արծաթե մեդալներից: «Յուրաքանչյուրն ուզում է լինել առաջինը, բայց մենք հպարտանում ենք մեր երկրորդը լինելով»,- խաղից հետո հայտարարեց «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչը: Հենց այս՝ երկրորդը լինելու հպարտությամբ էլ անցնում է նորաստեղծ կամ հին ու վերափոխված Եվրոպայի լիգան: Ու անկասկած՝ հաջորդ մրցաշրջանում նույնպես ոչինչ չի փոխվի, այս դեպքում՝ անգամ անունը. փիլիսոփայությունը մնալու է նույնը:
Այս ֆոնի վրա ցավալի են մեր ակումբների ելույթները նախ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություններում, ապա՝ Եվրոպայի լիգայում: Գրեթե չմոտիվացված այս մրցաշարում մեր թիմերի լավագույն ցուցանիշը նախընտրական երկրորդ փուլն է եղել: Մեր ակումբներին ավելիին հասնել դեռ չի հաջողվել ու դժվար թե առաջիկա տարիներին հաջողվի: Որքան էլ «Ֆուլհեմը» գտնվի իր առաջնության մրցաշարային աղյուսակի միջնամասում, միեւնույն է, այդ թիմը պայքարում է իր տեղի համար: Հայաստանում աղյուսակի հորիզոնականների համար պայքարները թվացյալ են, մակերեսային: Դրա արդյունքն էլ ակումբների ելույթներն են եվրալիգաներում. ներկայություն՝ ներկայության համար: Դրա հետեւանքն են հավաքականների ելույթները միջազգային հանդիպումներում, արդյունքը, որ օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի ու երիտասարդական հավաքականների թեկնածուների միջեւ հանդիպումն ավարտվեց երիտասարդների վստահ հաղթանակով… Ու այսօր հայկական թիմերից ոչ մեկը տեղ չի գտել մայիսի 5-ին ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի՝ IFFHS-ի հրապարակած լավագույն 350 ակումբների շարքում:
Եվրալիգաների խմբային փուլն անգամ մեր ֆուտբոլի համար վարդագույն երազ է. քայլերով՝ մոտ, բայց՝ անհաս, հեքիաթային: Ընդամենը մեկուկես-երկու ամսից մեկնարկելու է եվրոպական հերթական մրցաշրջանը: Ու անկախ ուժերի իրական դասավորվածությունից, մենք հուսալու ենք, հավատանք, աղոթենք, երկրպագենք… Իսկ հետո՝ վերլուծենք պարտությունների պատճառները:
Եվրոպան դեռ մեր ֆուտբոլի խելքի բանը չէ, անգամ՝ նման Եվրոպան: