Լրահոս
Օրվա լրահոսը

Գրաքննո՞ւմ են մարտի 1-ի թեման

Մայիս 15,2010 00:00

Ընդամենը երկու օր առաջ  Հայաստանում պատկերապատումի զարգացման միության կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հրատարակվել է մի հավաքածու, որում զետեղված են նկարիչներ Արթուր Թեւոսյանի, Լեւոն Գյուլխասյանի, Հասմիկ Մինասարյանի, Վահրամ Բաղդասարյանի, Լենա Աղայանի, Հասմիկ Աղայանի, Ագատա Բադալյանի, Գագիկ Հակոբյանի, Տիգրան Առաքելյանի եւ Լուսինե Խանդիլյանի պատկերապատումները: Հավաքածուում պետք է տեղ գտնեին նաեւ երիտասարդ նկարիչ Գոռ Ենգոյանի պատկերապատումները, սակայն հրատարակվելուց հետո Գոռը հայտնաբերել է, որ իր աշխատանքները չկան, եւ հավաքածուի 24-րդ էջից հետո «թռիչք» է կատարվել ուղիղ 35-րդ էջ: Ըստ նկարչի՝ իր պատկերապատումները դուրս են մղվել ՀՀ մշակույթի նախարարության հրահանգով, քանի որ դրանք աղերսվում են 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին: Իսկ թե որքանով են աղերսվում, այդ մասին պատմում է Գոռը: «Պատկերապատումիս գլխավոր հերոսը՝ 17-ամյա մի երիտասարդ, մարտի 1-ի դեպքերի ժամանակ գտնվում է Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ այդ դեպքերից հետո վերադառնում է տուն: Քնելուց առաջ նա որոշում է մտնել www.odnoklassniki.ru ինտերնետային կայքը եւ զրուցում իր համադասարանցի մի աղջկա հետ: Այնուհետեւ երիտասարդը աղջկան հրավիրում է սուրճ խմելու: Աղջիկը չի ցանկանում գնալ, որից հետո էլ արժանանում է երիտասարդի ոչ բարեհաճ արձագանքին: Հաջորդ օրը աղջկա եղբայրն իր ընկերների հետ  դաժան ծեծի է ենթարկում երիտասարդին, ինչի հետեւանքով էլ նա մահանում է: Եվ ահա այդ ողբերգական դեպքի ֆոնին հայկական հեռուստաընկերությունները հայտարարում են, որ վերջին օրերին Երեւանում ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել: Հավանաբար այդ երիտասարդի մահը աննշան մի բան էր թվում Երեւանի կենտրոնում գնդակահարված 10 քաղաքացիների կողքին»,- ասում է իրական այս պատմությունը պատկերների միջոցով ներկայացրած  Գոռ Ենգոյանը: Նկարիչն ասաց նաեւ, որ ինքը իր պատկերապատումներում օգտագործել է նաեւ մարտի 1-ի դեպքերը պատկերող կադրեր, որոնք էլ հավանաբար դուր չեն եկել մեր նորօրյա գրաքննիչներին:
Երեկ Նկարչի տանը բացված ցուցահանդեսում եւս չկային Գոռ Ենգոյանի պատկերապատումները: Նրանցից միայն մեկը, որը  կտրել էին  պատկերապատումների շարքից  եւ զետեղել  հավաքածուում, ներկայացված էր նաեւ ցուցահանդեսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել