Ասում է Հայաստանում առաջին անգամ հանդես եկող օպերային երգիչ Ստանիսլավ Տրիֆոնովը
Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 13-ին ներկայացրին Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան: Դերերգերով հանդես եկան Բելառուսի ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ Ստանիսլավ Տրիֆոնովը (Օնեգին), Լիանա Ղազարյանը (Տատյանա), Ռոզա Հովսեփյանը (Լարինա), Գրետա Բագիյանը (Օլգա), Նարինե Անանիկյանը (Ֆիլիպիեւնա), Հովհաննես Այվազյանը (Լենսկի), Սուրեն Շահիջանյանը (Գրեմին), Պերճ Քարազյանը (Տրիկե), Հայկ Տիգրանյանը (Զարեցկի): Ներկայացման մեջ ընդգրկված է «Հովեր» կամերային երգչախումբը (ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան):
«Եվգենի Օնեգինը» Երեւանում ունեցել է 3 բեմադրություն, առաջին անգամ բեմադրվել է 1940-ականների սկզբներին (բեմադրիչ՝ Վոլչեկ, դիրիժոր՝ Գեւորգ Բուդաղյան), երկրորդ բեմադրությունը կայացել է 50-ականների կեսերին (բեմադրիչ՝ Գոհարինե Մելքումյան, դիրիժոր՝ Յուրի Դավթյան) եւ վերջինը՝ 60-ականներին (բեմադրիչ՝ Հրաչյա Ղափլանյան, դիրիժոր՝ Սուրեն Չարեքյան), սակայն շուրջ 5 տարի հետո այն հանվել է խաղացանկից:
Տարբեր առիթներով ներկայացրել ենք այս բեմադրության մեներգիչներին: Մեր հանդիսատեսի համար նոր անուն է Օնեգինի կերպարը մարմնավորող Ստանիսլավ Տրիֆոնովը: Նա առաջին անգամ է Հայաստանում: Պրեմիերայից առաջ կարճատեւ զրույց ունեցանք նրա հետ: Օպերային երգիչը հայտնեց, որ Բելառուսի ազգային օպերային թատրոնում ինքը երրորդ թատերաշրջանն է անցկացնում, հանդես է եկել Ուկրաինայի, Մոլդովայի օպերային թատրոններում, իսկ իրեն հիմնականում համարում է ազատ արվեստագետ, քանի որ, որպես հրավիրյալ երգիչ, բեմ է բարձրացել աշխարհի առաջատար օպերային թատրոններում, կատարելով համաշխարհային օպերային գրականության բաս- բարիտոնի համար գրված գլխավոր դերերգեր: Կեսկատակ-կեսլուրջ էլ ասաց. «Չէի երգել միայն Երեւանում… Թեեւ շատ եմ լսել Երեւանի կոնսերվատորիայի ու, բնականաբար, հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչների մասին, բայց նրանց հետ բախտ չեմ ունեցել հանդես գալու որեւէ ներկայացման մեջ: Անձամբ ճանաչում եմ միայն Ուկրաինայի ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Սուսաննա Չախոյանին եւ Էդուարդ Պողոսովին, որի հետ ծանոթացել եմ Իտալիայում: Ձայնագրություններով հիացած եմ օպերային երգիչներ Հասմիկ Պապյանով, Բարսեղ Թումանյանով…»: Ս. Տրիֆոնովը տեղեկացրեց, որ ինքը հանգամանքների բերումով 1997թ. Չեխիայի ազգային օպերային թատրոնում կարիերայի սկզբում առաջին անգամ Օնեգինի դերերգով է հանդես եկել: Հենց այս դերերգն է նա համարում իր այցեքարտը, քանի որ արձագանքն այնքան մեծ էր, որ դրան հաջորդել են բազմաթիվ հրավերներ: Տպավորված է երեւանյան Օնեգինով: Ըստ երգչի՝ այսօր էլ աշխարհի որոշ թատրոններում, իշխող «քարացած» օպերային բեմադրություններին հակառակ, հայ բեմադրիչը դերասանական խաղի եւ այլնի միջոցով ներկայացմանը իսկապես հաղորդել է կենդանություն: Իր խաղընկերների հասցեին էլ շռայլեց հետեւյալ ջերմ խոսքերը. «Երիտասարդ հիանալի երգիչներ են, նրանց հետ հաճելի է եւ բեմում, եւ կուլիսներում»: Դիրիժոր Էդ. Թոփչյանի մասին էլ ասաց. «Այնքան ազդեցիկ է աշխատում, որ աչքերս փակ էլ զգում եմ նրա ձեռքերի յուրաքանչյուր շարժումը…»:
Հավելենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է աջակցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ համաշխարհային դասական երաժշտության այս գոհարը նոր մեկնաբանմամբ ներկայացնելու հարցում: «Արվեստը մարդուն հաղորդակից է դարձնում մտավոր եւ հոգեւոր գեղեցկությանը: Այդ առումով անգնահատելի է երաժշտարվեստի դերը: Բոլոր ժամանակների դասական գլուխգործոցները կարեւոր են որպես ձեռքբերում: Դրանք ձեւավորում են արժեքային այն համակարգը, որը սերունդներին դաստիարակում է գեղեցիկն ու բարին գնահատելու, անկեղծորեն սիրելու եւ նվիրվելու ոգով»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: