Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ԶՈՀԵՐ ԿԱՆ

Մայիս 15,2010 00:00

\"\"Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում բանակային ու ոստիկանության ուժերի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բախումների արդյունքում երկու մարդ սպանվել եւ ամենաքիչը 18-ը վիրավորվել են: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն: Իշխանությունները դեռ նախորդ օրն էին հայտարարել մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմադիրների կառուցած վրանային ճամբարը ցրելու իրենց մտադրության մասին եւ զրահատեխնիկայով օղակի մեջ էին վերցրել ճամբարը՝ այնտեղ մուտքն արգելելու համար: Երեկ բախումները ուղեկցվել են կրակոցներով եւ պայթեցումներով, հրկիզվել են ավտոմեքենաներ: Կատաղի բախումներ են տեղի ունեցել Բանգկոկի ողջ կենտրոնական շրջաններում, տասնյակ հազարավոր զինվորներ փորձել են արգելափակել ընդդիմադիր «կարմիրշապիկավորների» ճամբարը: Ընդդիմությունը պահանջում է երկրի վարչապետ Վետչաչիվայի հրաժարականը, որը երեկ բանակին եւ ընդդիմությանը հանգստության կոչեր է արել: BBC-ի մատուցմամբ, բանակի զինվորները ընդդիմադիրների ուղղությամբ կրակել են մարտական փամփուշտներով, կիրառվել է նաեւ արցունքաբեր գազ, ընդդիմությունը պաշտպանվելու նպատակով բարիկադներ է կառուցել եւ հրաժարվում է լքել վրանային ճամբարի տարածքը: Մայրաքաղաքի վրայով անընդհատ ուղղաթիռներ են սավառնել: Աղբյուրի մատուցմամբ, բախումների պահին մայրաքաղաքի կենտրոնը ռազմական գործողությունների գոտի է հիշեցրել:
Ծավալված իրադարձությունների ընթացքում հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ «Ֆրանս պրես» գործակալության լրագրողներից մեկը, նաեւ ընդդիմության կողմն անցած, թաիլանդական բանակի նախկին գեներալ Սավասդիպոլ Խիտտիյան:
Մի քանի օր առաջ, թվում էր, թե Թաիլանդի կառավարությունն ու ընդդիմությունը ընդհանուր հայտարարի են եկել: Վարչապետը մայիսի 3-ին հայտարարել էր սեպտեմբերին խորհրդարանը լուծարելու եւ նոյեմբերի 14-ին նոր ընտրություններ նշանակելու մասին: Բայց ընդդիմությունը պահանջել էր նաեւ, որ մեղադրանք առաջադրվի վարչապետի տեղակալ Սուտեպա Տաուգսուբանային, որը ապրիլի 10-ին ընդդիմության նկատմամբ բռնություն կիրառելու հրահանգ տվողն է եղել: Հիշեցնենք, որ այդ օրը սպանվել էին «կարմիրշապիկավորների» 19 ներկայացուցիչներ, մեկ լրագրող եւ հինգ զինվորական: Արդեն մայիսի 13-ին վարչապետը չեղյալ էր հայտարարել իր կողմից՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել