Ուրբաթ օրը, առավոտյան, Ղրղըզստանի Ջալալաբադ քաղաքում տեղի են ունեցել բախումներ՝ ժամանակավոր կառավարության համակիրների եւ նրանց ընդդիմախոսների միջեւ: Կողմերը նախ իրար վրա քարեր են նետել եւ միմյանց ծեծել են մահակներով, ապա հնչել են նաեւ կրակոցներ: Խորհրդավոր դիպուկահարները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ: Կան զոհեր: BBC-ի տվյալներով, նրանց թիվը հասնում է երեքի, հրազենային վնասվածքներ է ստացել 37 մարդ: Երկրի ժամանակավոր իշխանությունները կարգուկանոն հաստատելու համար Օշի մարզից հատուկ ջոկատայիններին հիմա էլ ուղարկել են Ջալալաբադ, որտեղ երկրի նախկին իշխանությունների համակիրները գրավել էին քաղաքապետարանի շենքը: Նոր իշխանությունների տվյալներով՝ Օշի վարչակազմի եւ Ջալալաբադի մարզպետարանի շենքերը կրկին անցել են ժամանակավոր կառավարության վերահսկողության տակ: Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը, ուշ երեկոյան կալանավորվել է «Նոր Ղրղըզստան» կուսակցության առաջնորդ Ուսեն Սադիկովը, որը, ըստ ժամանակավոր իշխանությունների, եղել է Օշում սկսված անկարգությունների կազմակերպիչը:
Երկրի նախկին նախագահ Բակիեւի կողմնակիցներն ավելի վաղ գրավել էին Օշի, Ջալալաբադի եւ Բատկենի վարչակազմի շենքերն ու պահանջել իրենց պաշտոններում վերականգնել նախկին մարզպետներին, իսկ նորերին՝ պաշտոնանկ անել: Իսկ Բիշքեքում նոր իշխանությունների կողմնակիցները բողոքի ակցիա էին անցկացրել Ղրղըզստանում Բելառուսի դեսպանության շենքի դիմաց՝ պահանջելով հանձնել նախկին նախագահ Բակիեւին:
Ղրղըզստանում ստեղծված անկայուն իրավիճակը մտահոգությունների տեղիք է տվել հարեւան երկրներին: Ղազախստանը ժամանակավորապես փակել է Ղրղըզստանի հետ սահմանը: Ղազախստանի իշխանությունները հերքում են, թե նախկին նախագահ Բակիեւի ավագ որդին՝ Մարատ Բակիեւը, գտնվում է Ալմաթիում (նախկին Ալմա-Աթա): Հինգշաբթի օրը Բելառուսի ԱԳՆ-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, Բիշքեքից ետ է կանչել իր դիվանագետներին:
Ընդսմին, ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովում հայտարարել է, թե Ղրղըզստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ոչ լեգիտիմ եւ ոչ սահմանադրական է՝ հավելելով, այդուհանդերձ, որ այն, ինչ կատարվում է Ղրղըզստանում՝ այդ երկրի ներքին գործն է:
Սպասվում էր, որ ուրբաթ օրը այդ երկրի ժամանակավոր իշխանությունները կառավարության արտակարգ նիստ են հրավիրելու՝ հարավում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Ի դեպ, ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան արդեն հասցրել է հայտարարել, թե երկրի երեք մարզային վարչակազմերի շենքերը գրաված մարդիկ «շատ հստակ մշակված ծրագիր են ունեցել: Ցավոք, նրանք գործում են Մոսկվայից ղեկավարվող կենտրոնի հետ միասին»: