Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԼՐԻՎ ՉԵՆ ՍՏԱՆԱ

Մայիս 15,2010 00:00

«Երեւանի առնվազն երկու տարածքներում՝ Դավիթաշենում եւ Կոմիտասի փողոցի հարակից կիրճում, առկա է ռադիոնուկլիդներով աղտոտվածության բարձր մակարդակ»,- ըստ «Էկոլուրի»՝ այս խնդիրը օրերս կլիմայի փոփոխությանը նվիրված «Կոպենհագենից դեպի Կանկուն» գիտաժողովի ժամանակ բարձրացրել է Թռչնասերների կենտրոնի նախագահ Սիլվա Ադամյանը: Նա հիմք էր ընդունել Երեւան քաղաքի տրանսպորտի կայուն զարգացման ծրագրի նախագծային փաստաթղթերը, որոնք իրականացվել են Զարգացման ասիական բանկի հետ վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագրային փաստաթղթերում ներկայացվում է քաղաքի քարտեզը, որի վրա նշված են աղտոտված տարածքները: Դրանց համաձայն՝ քաղաքի հողերի ռադիոնուկլիդային աղտոտվածության բնական մակարդակը 500-600 Բկ/կգ է, իսկ մեզ մոտ միջինում հասնում է մինչեւ 800 Բկ/կգ-ի, որոշ տարածքներում՝ 919Բկ/կգ: Ս. Ադամյանը ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա եւ պահանջեց մոնիտորինգ իրականացնել: Սակայն նրանք ասացին, որ այդ խնդրով չեն զբաղվում, եւ որ այդ գործողությունները պետք է այլ մասնագիտացված կառույցներ իրականացնեն: «Բնապահպանության նախարարությունը պարտավոր է արձագանքել շրջակա միջավայրի աղտոտման մասին ահազանգերին եւ չպետք է իր վրայից գցի պատասխանատվությունը»,- «Էկոլուրին» ասել է Սիլվա Ադամյանը: Նա նաեւ ընդգծեց, որ ռադիոնուկլիդային աղտոտվածությունը Զարգացման ասիական բանկի ծրագրի համար նաեւ սոցիալական կողմ ունի, քանի որ համաձայն բանկի՝ աղտոտված տարածքներում ապրող բնակիչները, ճանապարհի կառուցման դեպքում, լրիվ փոխհատուցում չեն ստանա: «Ազգի առողջությունը հնարավոր չէ փոխհատուցումներով գնահատել: Պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի քաղաքի բնապահպանական աղետը չարագացվի»,- իրադրությունը մեկնաբանեց «Էկոլուրի» տնօրեն Գագիկ Քոչինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել