Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ

Մայիս 15,2010 00:00

Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի «Առավոտ» օրաթերթին (30.04.2010թ.) տված հարցազրույցից ինձ համար, ցավով եմ ասում, պարզ դարձավ, որ նա տնօրենի երկվորյակն է, պասիվ երկվորյակը (շատ կուզենայի սխալված լինել): Չի բացառվում, որ թատրոնի տնօրենը նրան, ժողովրդական լեզվով ասած, «թասիբի» է գցել, «քոլոզել» է, թե տես, Զավեն Վարդանյանն ինչեր է գրում, քեզ նկատի ունի, սա էլ վեր է կացել եւ գրիչ է ճոճում իմ դեմ: Ընդհանրապես, կարդալով օպերային թատրոնի ղեկավարների հարցազրույցները, նորից ու նորից համոզվում եմ նրանց բանավիճելու անկարողությանը, եւ թե որքան խաբուսիկ է Կարեն Դուրգարյանի պահվածքի արտաքին կեղեւը:
Հիմա անդրադառնամ հարցազրույցին: Հասկանալի է, որ ես օպերային թատրոնի մասին հայտնում եմ իմ կարծիքը եւ համաձայն եմ այն օբյեկտիվ կարծիքի հետ, որը վաղուց ձեւավորված է պրոֆեսիոնալ շրջանակներում, հատկապես՝ վոկալ: Այդ կարծիքը՝ օպերային թատրոնի գործունեության մասին, խիստ բացասական է:
Ներկայացումներին ներկա մարդկանց բազմությունը՝ չափանիշ չէ: Շատ անգամ բեմում եւ նվագախմբում ավելի շատ մարդ կա, քան դահլիճում: Իմ քննադատական հոդվածներից հետո, տնօրենը որոշ ներկայացումների համար կարողանում է դահլիճ հավաքել, իսկ հայկական օպերաների ներկայացումներին, բնական է, գալիս են սփյուռքահայերը: Ձրիաբար օպերային թատրոն գալ, հաճելի է բոլորին, անկախ նրանց հասկանալու եւ ներկայացման մակարդակից: Նրանց մեջ քանի՞ գիտակ-մելոման կա: Հիսուն, հարյուր…
Սովորաբար քննադատում են վատ աշխատողին, վատ աշխատանքը, թերին, անորակը, այսինքն՝ այն, որով հագեցած է մեր օպերային թատրոնը:
Ինչ վերաբերում է իմ գործունեությունն ու իմ ով լինելը չճանաչելուն, իմ կրտսեր կոլեգան ժամանակից շուտ տառապում է ամնեզիայով: Ուստի, ընթերցողների համար ասեմ, որ Կարեն Դուրգարյանը ֆիլհարմոնիայի նվագախմբում իբրեւ ֆլեյտահար աշխատելիս՝ նվագել է իմ ծրագրերում: Հատկապես հիշարժան է այն ծրագիրը, որտեղ կատարեցի Մալերի երգերը, Վագների «Տրիստան եւ Իզոլդա» օպերայի նախանվագն ու Իզոլդայի մահվան տեսարանը, Բրամսի 4-րդ սիմֆոնիան, որի IV մասում կա ֆլեյտայի ծավալուն մի հատված, եւ Կարեն Դուրգարյանն այն լավ նվագեց: Ընդհանրապես, մեր հարաբերությունները եղել են նորմալ, եւ նա իրեն միշտ պահել է հարգալից հեռավորության վրա:
Սիրով ընդունում եմ օպերային թատրոն ինձ հրավիրելու Կարեն Դուրգարյանի առաջարկը: (Ըստ երեւույթին, նա մեկ-մեկ մտքի պայծառացում ունենում է եւ հիշում է իմ գործունեությունն ու իմ մասնագետ լինելը, որ իսկապես կարող եմ օգտակար լինել): Բայց ինչու հենց «Սպարտակ» եւ «Երկրաշարժ»: Ի՞նչ տրամաբանությամբ: Բալետը չի մտնում իմ նախասիրությունների մեջ: «Երկրաշարժի» երաժշտությունը կատարողական այլ տիպի համակարգ ունի: Ուստի այն, ինչը ես նկատի ունեմ իբրեւ թերություն, կարող եմ օգտակար լինել այն վերացնելու՝ ինչպես ճիշտ նկատում է Կարեն Դուրգարյանը, եվրոպական դասական օպերային երաժշտության կատարման մեջ: Որպեսզի հնարավորինս օգտակար լինեմ նվագախմբին, բեմադրությանը, ճիշտ կլինի նոր օպերաներ վերցնել, այնպիսիներից, որոնք, իմ համոզմամբ, թատրոնի արտիստական կազմը եւ նվագախումբը կկարողանան ներկայացնել փայլուն կերպով: Օրինակ, Ռոսինիի «Մոխրոտը», Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք», Դոնիցետտիի «Սիրո նեկտարը», Գլյուքի «Օրփեոս եւ Էվրիդիկեն»: Հասկանալի է, որ աշխատանքային գրաֆիկը պետք է կազմենք միասին, այնպես, որ չխաթարվի նրա սահուն ընթացքը:
Գիտելիքների մասին: Մի՞թե իմ կրտսեր կոլեգան կարծում է, թե գիտելիքների չափը որոշվում է մի պատահական վրիպմամբ, բաներ, որ գիտենք դեռ դպրոցից եւ կոնսերվատորիայից: Մի՞թե կարելի է այդքան մանկամիտ լինել եւ ինձ «բռնացնել», որ ես չգիտեմ, թե ով է գրել «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան, որը Ռախմանինովի դիպլոմային աշխատանքն է եղել: Ես խորհուրդ եմ տալիս Կարեն Դուրգարյանին լրացնել իր գիտելիքների այն պակասը, որը խանգարում է նրան տեմպերը ճիշտ վերցնելու, մտահոգվել, թե երգիչներն ինչու են դժվարանում իր հետ երգելիս:
Ինչ վերաբերում է նվագախմբին, այո, «նման պայմաններում», որը տարիներ շարունակ տիրում է թատրոնում, որի հեղինակը տնօրենն է, նաեւ ինքը, իր համակերպությամբ եւ հլու-հնազանդությամբ, իսկապես նվագախմբի բոլոր երաժիշտներին պետք է հերոսի կոչում տալ: Դիմանալ այդ գաղջ մթնոլորտին, ապաշնորհ ղեկավարությանը, ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճին՝ դժվար է: Նույնը վերաբերում է նաեւ երգչախմբին, ավելացնեմ նաեւ վոկալ կազմը:
Մտքովս էլ չի անցել մեր թատրոնը համեմատել «Լա Սկալայի» կամ «Մետրոպոլիտենի» հետ: Հարյուր տարի հետո էլ չենք կարող համեմատել, մանավանդ որ, այսօրվա ղեկավարությունը այնպես է քանդում, որ շատ ժամանակ պետք կլինի միայն այն ուղղելու եւ հետո առաջ շարժվելու համար: «Լա Սկալա»… Այսօրվա տեսքով չենք կարող համեմատել Ռուսաստանի գավառային որեւէ քաղաքի օպերային թատրոնի հետ անգամ:
Թատրոնի նվագախմբի հյուրախաղերի վերաբերյալ մի փոքրիկ ուղղում: Նրա մի մասը, միայն մի մասն է ելույթներ ունեցել Գերմանիայում, Իսպանիայում, Կատարում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Թուրքիայում՝ արաբական ժողովրդական երգերի նշանավոր կատարող Ֆեյրուզի (որը 80-ին մոտ հարգարժան մի տիկին է), վերջերս էլ թուրք թե արաբ մի կոմպոզիտորի հետ, այլ ոչ թե հանդես է եկել դասական երաժշտության ծրագրով: Այդ հյուրախաղերը փող աշխատելու համար են, որտեղ կատարման որակը այնքան էլ կարեւոր չէ: Պետք չէ հասարակությանը թյուրիմացության մեջ գցել: Այդ շրջագայություններն ինձ ուրախացնում են միայն այն բանի համար, որ մեր երաժիշտներն ինչ-որ գումարներն են աշխատում եւ տեսնում են հետաքրքիր, գեղեցիկ քաղաքներ: «Դրսի» իմպրեսարիոները (ինչպես նաեւ ներսի) շատ լավ հասկանում են եւ գիտեն ինչպես տնտեսել եւ այդ տիպի շրջագայությունների ծրագրերի համար ինչպիսի համապատասխան նվագախումբ հավաքել: Ես նրանց խորհուրդ կտամ միշտ հրավիրել մեր երաժիշտներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան գումար աշխատելու եւ, ամենակարեւորը, օպերային թատրոնի թթված մթնոլորտից դուրս գալու եւ լիաթոք թթվածին շնչելու համար:
Ինձ եւ իմ ընկերներին ոչինչ հարկավոր չէ հիշեցնել: Հիմա ես բռնացնեմ Կարեն Դուրգարյանին՝ իր իսկ գիտելիքների չափորոշիչով: Եթե նա այդքան գիտակ դիրիժոր է, պետք է իմանա, որ իմ հրաշալի ընկերներից մեկը Պետական մրցանակ ստացավ այն ստեղծագործության համար, որի առաջին կատարողը եղել է դիրիժոր Մերուժան Սիմոնյանը: Գիտելիքների պակասի մի ուրիշ փաստ: Կոմպոզիտորը մրցանակը ստացել է ստեղծագործության բարձր որակի համար եւ՝ էլի գիտելիքների հերթական պակաս, ոչ թե կատարման որակի համար: Կատարման որակի համար Պետական մրցանակ կատարողն է ստանում: (Լավ բռնացրի, չէ՞, իմ կրտսեր կոլեգային: Այսպիսի կարեւորագույն բաներ ինչպե՜ս կարող է չիմանալ Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը):
Կարեն Դուրգարյանը նշում է, թե ստամբուլյան մամուլը գրել է. «գիտեինք, որ հայեր կան, բայց չգիտեինք, թե նման մշակույթ ունեն»: Ես հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման եւ բարելավման կողմնակից եմ, բայց այդ ո՞ր օրվանից Ստամբուլն ունի Վիեննայի, Բեռլինի, Մոսկվայի կամ Փարիզի մշակութային մթնոլորտը կամ ինչ երաժշտական բարձրարվեստ քննադատական միտք կա, որ մեզ համար այն դառնա ուղեցուցային, հպարտանալու իսկական առիթ: «Մշակութային» ինչպիսի երկիր, որն անխնա ոչնչացրել է հայկական մշակութային արժեքները, նրա մամուլը խոսում է հայերի մշակույթից: Այ քեզ բան: Պետք է խորապես տխրել, երբ այդ տիպի «գովասանք» ես լսում Թուրքիայում: «Գիտեինք հայեր կան, բայց չգիտեինք, թե նման մշակույթ ունեն»: Եվ Կարեն Դուրգարյանը հպարտանում է թուրքական մամուլի գնահատականից:
«Առավոտ» օրաթերթի նույն հարցազրույցի վերջում թատրոնի տնօրենը նորից խոսում է թվաքանակից՝ «երկու տարում հինգ պրեմիերա»: Հիշում եմ «հնգամյակը երեք տարում» սովետական գործելակերպը, որը երկիրը բերեց կործանման: Կամ, «եթե թատրոնը տարվա մեջ գոնե երեք պրեմիերա է ունենում, ուրեմն աշխատում է»: Եթե թատրոնը տարվա մեջ մեկ կամ երկու խոտան պրեմիերա է ունենում, ղեկավարությանը ազատում են աշխատանքից:
Ամփոփեմ: Զարմանք է պատճառում այն փաստը, որ օպերային թատրոնի ղեկավարությունը մշտապես խոսում է թվերից, քանակից, գումարից: Այնպիսի տպավորություն է, թե խոսում ենք վատ տնտեսագետների եւ ֆինանսիստների հետ, ոչ թե երաժշտական օջախ ղեկավարող երաժիշտների հետ: Ես գրում եմ ներկայացումների որակի, աշխատանքային խնդիրների, խաղացանկի ընտրման, կադրային քաղաքականության, մթնոլորտի մասին: Ես եւ Օպերային թատրոնի վիճակով մտահոգ արվեստագետները խոսում ենք որակի մասին, նրանք՝ քանակի: Սա հաստատում է այն, որ գեղարվեստական խնդիրներին վերաբերող հարցերում նրանք ասելիք չունեն, որ քննադատությունը համապատասխանում է իրականությանը: Ղեկավարության մի էական եւ վտանգավոր հատկության մասին եւս: Միթե կարելի է, իրեն հարգող ղեկավարը կամ ղեկավարությունը, այդքան սուտ խոսել, կեղծել իրականությունը, թոզ փչել, փորձել մարդկանց մոլորության մեջ գցել: Եթե միայն Կամո Հովհաննիսյանը սա աներ, կհասկանայի՝ նա սովետական տիպի չինովնիկ է, որը հիանալի տիրապետում է կեղծ տպավորություն ստեղծելու, սուտը ճիշտ ներկայացնելու, ամպագոռգոռ հայտարարություններ անելու մասնագիտությանը: Բայց, երբ այս մակարդակի վրա է նաեւ թատրոնի գլխավոր դիրիժորը, սա անբացատրելի է, ի վերջո, նա Կամո Հովհաննիսյանից շահեկանորեն տարբերվող անձ է, նա երաժիշտ է:
Մի հայտարարություն: Ես չեմ ուզում Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Դրա համար կան անձեր, որոնք հիանալի գիտեն թատրոնը, սիրում են այն, կարող են անմնացորդ նվիրվել եւ բարձրացնել Օպերային թատրոնի մակարդակը: Պետք է հեռացնել այսօրվա տնօրենին եւ հրավիրել այդ արվեստագետներին՝ օպերային թատրոնի աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար: Գլխավոր դիրիժոր նույնպես չեմ ուզում լինել: Դուրգարյանը, եթե սիրում է օպերան, օպերային թատրոնը, ապա արմատապես պետք է վերանայի իր գործունեությունը օպերային թատրոնում իբրեւ գլխավոր դիրիժոր: Բայց լինել օգտակար՝ միշտ պատրաստ եմ: Նոր մարդկանցով եւ միահամուռ ուժերով միայն հնարավոր կլինի փոխել օպերային թատրոնի մթնոլորտը եւ շարժվել առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել