Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դասագրքաստեղծ դպրոց չունենք

Մայիս 15,2010 00:00

Այս տարի ավագ դպրոցի հումանիտար, բնագիտական եւ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագրքերի մրցույթում մասնակցության հայտ էր ներկայացրել 7 հրատարակչություն: «Մի շարք դասագրքերի մասով մրցակցություն չի եղել, իսկ 4 հումանիտար հոսքի առարկաների համար՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ռուսերենի դասագրքերը բովանդակության համար չեն անցել շեմային միավորը, նախարարության կողմից խնդիր էր դրվել, որ մեկ տարի էլ հին դասագրքերով կամ նոր մեթոդական ցուցումներով հինն օգտագործենք, քան թե դպրոցներ մտնեն սահմանված որակական չափանիշներին չհամապատասխանող գրքեր»,- «Հայելի» ակումբի երեկվա ասուլիսում հայտնեց Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը: Դասագրքերի բարդ բովանդակությունից դժգոհողներին էլ ի պատասխան՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանն ասաց. «Ցավոք, չունենք պատրաստված ուսուցիչների խումբ, ովքեր կարողանան դասագրքեր հեղինակել, եթե գտնվեն էլ, ապա՝ սակավաթիվ կլինեն: Չունենք դասագրքաստեղծ դպրոց, այդ է պատճառը, որ դպրոցների համար նախատեսված դասագրքերի հեղինակները հիմնականում գիտնականներ ու դասախոսներ են»: Տիկին Հարությունյանն էլ հավելեց. «Ուսուցիչների 80%-ը դրական կարծիք ունի դասագրքերի վերաբերյալ, պարզապես պետք է հաշվի առնել, որ կա նաեւ սովոր չլինելու հանգամանքը, իսկ այն, որ ասում են, թե դասագրքային բովանդակությունն ու պահանջները նույնիսկ ուսուցիչները չեն հասկանում, վկայում է այն մասին, որ մեր ուսուցիչները խիստ անտարբեր են դասագրքերի բովանդակությանը՝ փորձագիտության ժամանակ եւ բարդությանը հետամուտ են լինում միայն դրանցով աշխատելիս»:
Նա նաեւ հավելեց, որ ինչ-որ առումով բարդ կարելի է համարել միայն պատմության ու որոշ բնագիտական առարկաների դասագրքերը: Աշակերտների համար ավելի մատչելի դարձնելու նպատակով, այս տարի դասագրքերի գնահատման գործընթացում փոփոխություններ են կատարել. «Նախորդ տարիներին յուրաքանչյուր առարկայից մեկ հանձնաժողով էր ստեղծվում, որին ներգրավվում էին եւ՛ ուսուցիչներ, եւ՛ դասախոսներ, եւ՛ գիտնականներ, բայց հիմնականում դասախոսները որոշակիորեն ճնշում էին ուսուցիչների ազատ կարծիքը, այդ պատճառով այս տարի գործել է առանձին ուսուցիչների խումբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել