Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերթը հասավ ուսանողական այգուն

Մայիս 15,2010 00:00

\"\"\"\"

Երեք շաբաթ առաջ Ուսանողական այգում մեկնարկած շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել: Ահազանգում են «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության խմբի անդամները: Երեկ «Հայելի» ակումբում խմբի անդամ Վահրամ Սողոմոնյանն ասաց. «Քաղաքապետարանից մեզ ասում են, թե շինարարության թույլտվությունը տրվել է դեռ 1996-ին, բայց այն ժամանակ դրանք թեթեւ կոնստրուկցիաների տեսքով էին, իսկ այժմ կապիտալ շինարարություն է սկսվել, բետոնապատվում է ամբողջ տարածքը… Բացի այն, որ դա հակասում է ճարտարապետական, քաղաքաշինական ու բնապահպանական բոլոր չափանիշներին ու ՀՀ օրենսդրությանը, նաեւ վիրավորանք է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակին ու նրա գործին»: Քաղաքապետարանի կայքում արդեն տեղադրված է այգում բետոնապատման աշխատանքների մեկնարկին վերաբերող պարզաբանումը, որում մասնավորապես նշված է. «Արձանի տեսանելիության եւ շրջակայքի բարեկարգման խնդիրը մի խումբ ակադեմիկոսներ ու գիտնականներ բարձրացրել էին դեռեւս Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման արարողության ժամանակ, այս հանգամանքը հաշվի առնելով, քաղաքապետարանի կողմից կառուցապատողին քաղաքաշինական առաջադրանք է տրվել՝ հիմնանորոգման շնորհիվ Աբովյան փողոցի կողմից ապահովել Վ. Համբարձումյանի արձանի տեսանելիությունը»: Վահրամի համար էլ քաղաքապետարանի պարզաբանումը «աբսուրդ է». «Արձանը տեսանելի չեն դարձնում՝ բետոնապատելով, ընդհակառակը՝ բետոնապատելու արդյունքում արձանը չի էլ երեւում, մնացել է կոնստրուկցիաների ետեւում»: Խմբի անդամ Մարիամ Սուխուդյանն էլ ընդգծեց, որ այս ընթացքում այգում տասնյակ ծառեր են հատվել. «Մենք լուսանկարել ենք, որտեղ ակնհայտ է, որ ծառերն արմատից են հատել»: Խմբի մեկ այլ անդամ՝ Արթուր Ավթանդալյանն էլ ասաց, որ, իրենց տեղեկություններով, այգում պատրաստվում են 2 սրճարան կառուցել: Խումբը նաեւ օրեր առաջ հանդիպել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին. «3 ժամ տեւած հանդիպման ժամանակ մեզ քաղաքապետը մոտավորապես ցանկանում էր ասել, թե այս անգամ էլ հանդուրժենք, մյուս անգամ նման դեպքեր չեն լինի»:
Ապօրինի շինարարության դեմ խումբն արդեն մի քանի շաբաթ է՝ ստորագրահավաք է կազմակերպել, դժգոհողների շարքերում ոչ միայն ուսանողներն ու դասախոսներն են, այլեւ Ազգային գրադարանի աշխատակիցներն ու հարակից շենքերի բնակիչները: Խումբը երեկ լուռ բողոքի ակցիա էր կազմակերպել Ուսանողական այգում, իսկ մայիսի 21-ին կրկին Ուսանողական այգում եւ կրկին ապօրինի շինարարության դեմ նախատեսել են ռոք համերգ: Վահրամը նաեւ հավելեց, որ իրենք դիմել են քաղաքապետարան:
Ի դեպ՝ խմբին պատասխանելու վերջնաժամկետը երեկ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել