Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԱՐԵԼ

Մայիս 15,2010 00:00

Մինչդեռ ուսուցիչները պահանջում են վերանայել կառավարության որոշումը

\"\"

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել ենք, որ Գյումրու թիվ 23 դպրոցի լուծարման դեմ բողոքները չեն դադարում, ու այն, կառավարության որոշման համաձայն, փակվելու է օգոստոսի 1-ից: Շենքը տրամադրված է ՌԴ-ին, որն էլ տարիներ շարունակ պահանջում է ազատել այն՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների երեխաների կրթական պայմանները բարելավելու նպատակով: Նշել էինք նաեւ, որ կոլեկտիվի բողոքները բացարձակապես հաշվի չեն առնվում: Օրերս դպրոցի կոլեկտիվն ու աշակերտների ծնողները բողոքի պիկետ անցկացրին կառավարության շենքի դիմաց՝ վարչապետի հետ հանդիպում պահանջելով: Վարչապետն էլ, իր հերթին, նրանց մոտ ուղարկեց Ալեքսանդր Ղազարյանին, ում սովորաբար ուղարկում են նման դեպքերում, ով էլ, Շիրակի արդեն նախկին մարզպետի պես, փորձում էր դպրոցի կոլեկտիվին համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու, ուսուցիչներին աշակերտների հետ միասին այլ դպրոցներ են տեղափոխելու, մի խոսքով՝ գործազուրկ մարդ չի մնալու:
Ուսուցիչները եղան նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մոտ, ով էլ իր հերթին նրանց ուղղորդեց ՌԴ դեսպանի մոտ: Կգնա՞, արդյոք, ռուսական կողմը զիջումների, այս հարցին դժվար է պատասխանել, հատկապես որ մի քանի օր առաջ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վլադիմիր Խրուլյովը (լուսանկարում) իր պաշտոնական պարզաբանումներն էր ուղարկել մեր օրաթերթին, որտեղ գրված է. «Վերջին շրջանում առանձին ԶԼՄ-ներ նյութեր հրապարակեցին թիվ 23 միջնակարգ դպրոցի փակման վերաբերյալ, խոսակցությունների ու ենթադրությունների հիման վրա՝ առանց հաշվի առնելու հարցի իրավաբանական կողմը: Այդ հարցի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որը կբացահայտի ծագած խնդրի էությունը: 1994 թ. օգոստոսին Հայաստանի կառավարության կողմից կայացել է որոշում՝ 8-րդ զինվորական թաղամասում գտնվող երկու կառույցները՝ կիսակառույցներով եւ հարակից տարածքներով, ռուսական 102-րդ զինվորական ռազմաբազային հանձնելու մասին, քանի դեռ այն տեղակայված է Հայաստանի տարածքում, իսկ նպատակը ռուս զինծառայողների երեխաների կրթական գործընթացը կազմակերպելն է: ՀՀ կառավարության այս որոշումը կատարվել է մասնակիորեն: 15 տարվա ընթացքում 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը բազմիցս դիմել են ՀՀ կառավարությանը՝ կրթության եւ գիտության, ինչպես նաեւ պաշտպանության նախարարություններին՝ ընդգծելով ՀՀ կառավարության որոշման լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Իսկ սրա համար հաշվի է առել այն, որ այդ կառույցներից մեկը զբաղեցնող ՌԴ ՊՆ թիվ 19 դպրոցի պայմանները ամբողջապես չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմերին՝ նորմալ կրթադաստիարակչական պրոցես անցկացնելու համար. չկա ճաշարան, սպորտային դահլիճ, դասասենյակների հրապարակը չի համապատասխանում ռուսական կրթական չափանիշներին եւ այլն»: Այնուհետեւ պարոն Խրուլյովը մեկ անգամ եւս շեշտում է, որ ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշման համաձայն՝ դպրոցը լուծարելու են եւ շենքը հանձնելու են ռուսական 102-րդ ռազմաբազային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել