Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկայինը դատի է տվել «ԳԱԼԱ»-ին

Մայիս 15,2010 00:00

Սակայն դատավճիռ դեռ չկայացրած՝ ԴԱՀԿ-ի աշխատակիցները հեռուստաընկերությունից 822 200 դրամ են բռնագանձել:

\"\"

Արդեն երկու ամիս է՝ Գյումրու անկախ լրատվական ալիքը հայտնվել է տարբեր ապօրինությունների մեջ. մաքսայինը, այսպես ասած, «պատանդ» է պահում հեռուստաընկերության ներկրած տեխնիկասարքավորումները՝ առանց հիմնավոր պատճառաբանության հրաժարվելով մաքսազերծել այն: Իսկ երեկ հեռուստաընկերություն էին այցելել ԴԱՀԿ-ի աշխատակիցները՝ բռնագանձելով այն 822 200 դրամը, որը հեռուստաընկերության գլխին ջարդել են իբրեւ թե եկամուտները թաքցնելու համար:
«ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մաքսայինում իրենց գրավոր հարցմանը, թե ինչո՞ւ չեն մաքսազերծում տեխնիկասարքավորումները, պարզապես չեն պատասխանում, իսկ Պետական եկամուտների կոմիտեի լրատվության բաժնից անկեղծանում են, թե պատասխան չունեն: Այնպես որ, Վահան Խաչատրյանի փոխանցմամբ, իրենք պատրաստվում են դատի տալ մաքսայինին՝ հեռուստաընկերության նոր ձեռք բերած գույքը իրենց մոտ «ապօրինի» պահելու համար: ԴԱՀԿ-ի աշխատակիցների երեկվա այցի հետ կապված էլ Վահան Խաչատրյանն ասաց. «Վարչական դատարանը վարույթ է ընդունել Հարկային տեսչության հայցը, ու որպես հայցի ապահովում՝ ԴԱՀԿ-ն եկել արգելանք է դրել մեր գույքի կամ դրամական հաշիվների վրա՝ 822 200 դրամի չափով: Բայց էսօր տեղեկացա մեր փաստաբանից, որ ԴԱՀԿ-ն իրավունք չուներ առգրավել այդ գումարը, որովհետեւ դատարանը որոշում է կայացրել կալանք դնել, այսինքն՝ իրենք պետք է պարտավորություն վերցնեին, որ էդ գումարը մնար կասսայի մեջ, չծախսվեր, բայց իրենք առգրավել են, ԴԱՀԿ-ի դեպոզիտ հաշվի վրա է, դատարանի որոշումից հետ նոր պարզ կդառնա՝ էդ գումարը կվերադարձնե՞ն մեզ, թե՞ կբռնագանձեն»: «ԳԱԼԱ»-ի սեփականատերը վստահ է, որ դատարանի որոշումը հօգուտ իրենց չի լինի, եւ ոչ միայն գումարը չի վերադարձվի, այլեւ դրան կավելանա ԴԱՀԿ ծառայողների գումարը:
Տեղեկացնենք, որ այս ապօրինություններից բացի, հեռուստաընկերությանն ամեն կերպ սնանկացնում են՝ վերջինս դարձյալ մնացել է առանց գովազդատուների: Իսկ ինչո՞ւ են փոքր հեռուստաընկերության հետ այսպես վարվում, ի՞նչ են շահելու «ԳԱԼԱ»-ի եթերազրկմամբ, հարցրինք Վահան Խաչատրյանին: «Ես մի անգամ էլ եմ ասել, նորից կրկնում եմ, որ մեր հետեւից ընկնողը ամենաբարձր ատյանից է, կարծում եմ, որ նախագահականից է հրահանգը գալիս: Չեմ մտածում, որ «ԳԱԼԱ»-ն կփակեն, ավելի ճիշտ՝ կփորձեն փակել, բայց չեն կարողանա, կարծում եմ՝ սա երկարատեւ մշակված ծրագիր է, ուզածներն այն է, որ հեռուստաընկերությունը թուլանա, մուտքերը պակասեն, որպեսզի երկու տարի հետո, երբ լիցենզավորման խնդիր լինի, մենք չկարողանանք լուրջ ծրագիր ներկայացնել: Սա նրանց առջեւ դրված խնդիրներից մեկն է, մյուսն էլ այն է, որ շատ է ակտիվացել քաղաքական դաշտը. տարբեր կազմակերպություններ, տարբեր կուսակցություններ սկսել են շատ ակտիվ գործունեություն, եւ էստեղ ունենալ անկախ լրատվական ալիք, որը լուսաբանի ընտրությունները կամ ցույց տա բոլորի լավ կամ վատ կողմերը՝ դա էնքան էլ ձեռնտու չէ իշխանություններին»,- համոզված է Վահան Խաչատրյանը:
Ի դեպ, «ԳԱԼԱ»-ի սեփականատերը նաեւ ապշած է, որ ՀՀ օմբուդսմենից բացի, այս ապօրինությունները ոչ մեկին չեն հետաքրքրում, նույնիսկ այն հ/կ-ներին ու իրավապաշտպան կազմակերպություններին, որոնց «ուղիղ» պարտականությունն է խոսքի ազատության պաշտպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել