Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԵՐ՝ 65 ՏԱՐՎԱ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մայիս 15,2010 00:00

Մանկավարժ դառնալ երազող կապանցի Քնարիկ Հայրապետյանը դարձավ հրետանավոր եւ այժմ միայն խաղաղություն է ուզում:

\"\"

Կապանի Մելիք Ստեփանյան փողոցի մեկհարկանի առանձնատներից մեկում է ապրում Հայրենական մեծ պատերազմի վետերան Քնարիկ Հայրապետյանը: Ամեն տարի մայիսի 9-ին, ավանդույթի համաձայն, Քնարիկ տատը պահարանից հանում է խնամքով պահված ու հուշամեդալներով զարդարված տոնական պիջակը եւ որպես պատվավոր հյուր, Հայրենական մեծ պատերազմի մյուս մասնակիցների, իր զինակից ընկերների հետ տոնական միջոցառումներին ներկայանում այդ հագուստով: Այս տարի մասնակցել է Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում կազմակերպված զորահանդեսին, այցելել Բաղաբուրջի հուշահամալիր, Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ կապանցի վետերանների պատվին կազմակերպված ճաշկերույթին ու մյուս տոնական միջոցառումներին:
Քնարիկ Հայրապետյանի համար մայիսի 9-ը լավ առիթ է իրեն մեծարված զգալու եւ իր հերոսական ուղուց որոշ դրվագներ վերհիշելու, զինակից ընկերների հետ կիսելու պատերազմական իր գրառումները:
«Մանկավարժական տեխնիկումում էի սովորում: Պայթեց Երկրորդ համաշխարհային պատերազմը…»,- այսպես սկսեց իր պատմությունը 86-ամյա Քնարիկ տատը: Հասցրեց ավարտել միայն երկրորդ կուրսը, փակվեց ուսումնական հաստատությունը, ովքեր հնարավորություն ունեին՝ ուսումը շարունակեցին Գորիսում: «Մտածեցի՝ ոչինչ, տարկետում է, մի տեղ կաշխատեմ, հետո որ հնարավորություն լինի՝ կշարունակեմ ուսումս»,- հիշում է Քնարիկ տատը: Բայց մանկավարժ դառնալու երազանքը այդպես էլ երազանք մնաց: Հրաման եկավ. գրագետ աղջիկներին պետք է հավաքագրել՝ ռազմաճակատ ուղարկելու նպատակով: Կապանից, Գորիսից, Ղարաբաղից աղջիկներ հավաքագրեցին: Նրանց թվում էր նաեւ Քնարիկ Հայրապետյանը: Ընդամենը 18 տարեկան էր, երբ մեկնեց ռազմաճակատ: «1942 թվականի հունվարն էր. մեզ՝ աղջիկներիս, պատերազմը սկսվելուց մի տարի հետո հավաքագրեցին: Մի տարի Բաքվում պահելուց հետո տարան Ռուսաստանի Մոզդոկ քաղաքը: Սկզբից շատ դժվար էր. աղջիկ-երեխա, ո՛չ ռուսերեն գիտեինք, ո՛չ մի բան: Հագուստներս ծանր էին, հրացանը ուսներիս ու բահը՝ միշտ մեր ձեռքին, որ վտանգի ժամանակ իսկույն խրամատ փորեինք ու թաքնվեինք: Զենիթչիկ (հրետանավոր) էինք, հրանոթների հետ գործ ունեինք: Ինքնաթիռների բարձրությունն էինք ճշտում: Հրանոթներն էլ էնքան ծանր էին, ամեն մեկը 16 կիլոգրամ»,- ռազմի դաշտից պահպանված հիշողություններով կիսվում է Քնարիկ տատը:
Պատերազմական տարիների վերհուշը չի ընկճում Քնարիկ տատին, հիշում եւ պատմում է իրեն բաժին հասած ծանր տարիները: «Բալա ջան, մեր տեսած օրերը Աստված չանի տեսնեք»,- արցունքն աչքերին հոգոց է հանում Քնարիկ տատը:
Նրա հիշողության ծալքերում գուցե շատ բան խամրել է, միայն թե ոչ՝ 1945-ի մայիսի 9-ի հաղթանակի բերկրանքից առաջացած խենթությունը: Երբ լսում է պատերազմի հաղթական ավարտի մասին լուրը՝ ուրախությունից ձեռքի տակ եղած վերջին չորս փամփուշտն օդ է կրակում, ինչի համար էլ նկատողություն է ստանում, որովհետեւ կրակելու հրաման չէր ստացել: Քնարիկ Հայրապետյանը նաեւ հիշում է, թե ինչ խիստ կարգ ու կանոն էր հաստատված այդ օրերին, նույնիսկ կոշիկների վրա մի թեթեւ փոշի լինելու դեպքում նկատողություն էին ստանում:
1945-ի հունիսին 21-ամյա Քնարիկը, իր հետ ծառայող մյուս աղջիկների հետ, վերադարձավ հայրենիք: Պատերազմից հետո աղջիկները որոշ ժամանակ նամակագրական կապի մեջ էին միմյանց հետ: Բայց տարիների ընթացքում այդ կապը մարեց: Վերջին անգամ Քնարիկ տատը նամակ ստացել է շատուշատ տարիներ առաջ՝ Ղարաբաղում ապրող ընկերուհուց: Ամալյան հաղորդում էր, որ ինքն արդեն ամուսնացել եւ ունեցել է առաջին զավակը: Այդ ժամանակ ծնվել էր նաեւ Քնարիկ Հայրապետյանի մեծ որդին:
Այսօր Քնարիկ տատը իր զինակից ընկերներից ոչ մի նորություն չունի: Բայց կապանցի վետերանը նրանց չի մոռացել եւ շատ հաճախ իր այգում աշխատելիս մեկ առ մեկ վերհիշում է նրանց հետ ապրած օրերը:
Օրվա ազատ ժամերին մշակում է տնամերձ փոքր այգին, որից ստացված բերքով հոգում է իր ապրուստը: Սակայն առաջվա պես չի կարողանում մշակել, շուտ է հոգնում, տարիքն էլ արդեն իրենն է ասում: Այգու միայն մի փոքրիկ հատվածն է մշակում, ցանում առաջին անհրաժեշտության բանջարեղեն: Ամուսնու մահից հետո՝ արդեն 15 տարի, մենակ է ապրում: Քնարիկ տատի հոգսերը քիչ թե շատ հոգում էր երկրորդ որդին, որը սոցիալական պայմաններից դրդված մեկնել է արտերկիր՝ ապրուստը հոգալու հույսով: Քնարիկ տատը շատերի պես սովորական կյանքով է ապրել՝ չորս զավակ մեծացրել, թոռներին ու ծոռներին խնամել: Այսօր ապրում է համեստ կյանքով, երանի տալիս նախկին օրերին, երբ ամեն ինչ լավ էր, բոլորով հավաքվում էին, ոչնչի կարիք չէին ունենում: Իսկ այսօր կարիքը ստիպել է ամեն մեկին մի անկյուն քաշվել, ինչը Քնարիկ տատի սրտով չի եւ մտահոգում է նրան: Բայց գոնե տոնական օրերին, գոնե տարին մեկ օր վետերանը փորձում է չմտածել դրա մասին եւ իրեն ուղղված շնորհավորանքները փոխադարձում խաղաղության մաղթանքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել