Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու ցուցահանդես՝ մեկ օրում

Մայիս 15,2010 00:00

Երեկ Երեւանում միանգամից երկու հետաքրքիր ցուցահանդես էր բացվել՝ հնդկական ապրանքների «Լավագույնը՝ Հնդկաստանից» ցուցահանդեսը եւ 10-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: «Դինամո» մարզադաշտում բացված հնդկական ապրանքների ցուցահանդեսը Երեւանում նորություն չէ, եւ դատելով այցելուների քանակից՝ կայացած է: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին հագուստ, ինտերիերի պարագաներ, համեմունքներ, թեյերի տեսականի, տեքստիլ, գորգեր, ձեռագործ իրեր եւ զարդեր… Մուտքի մոտ բազմաթիվ հյուրերին ողջունում էին Հնդկաստանից ժամանած պարուհիներ եւ պարողներ, որոնց պարբերաբար միանում էին նաեւ տեղացիներ: Այս ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 23-ը:
Ակնհայտորեն կայացած էր նաեւ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը բացվեց երեկ՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ցուցահանդեսին մասնակցում էր թվով 87 ընկերություն, որոնցից 13-ը՝ Թուրքիայից, 6-ը՝ Վրաստանից, 2 ընկերություն՝ Թունիսից, 1 ընկերություն՝ Արցախից, 65-ը՝ Հայաստանից: Ընդ որում՝ թուրքական պատվիրակությունն առաջին անգամ էր մասնակցում, եւ մասնակիցների հիմնական մասը՝ թվով 40 հոգի, Վան նահանգից էին, այդ թվում՝ փոխքաղաքապետեր, գործարարներ եւ լրագրողներ:
Վանի Առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Զահիր Կանդասօղլուն միջոցառման բացման ժամանակ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը նվիրեց Վանի խորհրդանիշերը պատկերող ափսեներ:
Հայկական ճանապարհորդական գործակալությունների ընկերակցության նախագահ Եղիշե Թանաշյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կնպաստի բոլոր մասնակիցների, մասնավորապես՝ թուրքական կողմի հետ ակտիվ համագործակցությանը տուրիզմի ոլորտում: Իսկ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը հայտնեց, որ 2010-ին ակնկալում են հանրապետությունում զբոսաշրջության բնագավառում 5 տոկոսից ավելի աճ, այն դեպքում, երբ համաշխարհային մասշտաբով ակնկալվում է ընդամենը 2 տոկոսի աճ: «2009-ը փորձություն էր տնտեսության բոլոր ճյուղերի համար, անցյալ տարի ողջ համաշխարհային զբոսաշրջային ոլորտը կրեց մեծ վնասներ, սակայն Հայաստանում գրանցվեց 3% աճ, այն դեպքում, երբ համաշխարհային զբոսաշրջությունը 4% անկում գրանցեց»,- ասաց փոխնախարարը: Նկատենք, սակայն, որ երեկ կայացած Հայաստանի զբոսաշրջության մրցունակության չորրորդ համաժողովի ժամանակ Իտալիան ներկայացնող զբոսաշրջության մասնագետի տվյալներով՝ իրենց երկրում նույնպես 2009-ին զբոսաշրջության աճ է գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել