Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ՉԻ ԼԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ

Մայիս 15,2010 00:00

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ոչ միայն թվայնացման խնդիրներն է լուծում

\"\"

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրեց իր մշակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հաջորդ օրը հաստատվեց ՀՀ կառավարության կողմից: Այս օրինագծի բովանդակությունն արդեն լրագրողական եւ հասարակական մտահոգության առիթ է տվել: Իրենց մեկնաբանություններով եւ մտահոգություններով հանդես են եկել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ), «Ինտերնյուս» հ/կ-ն, Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ): Երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես- կենտրոնում այս եւ լրատվամիջոցների օրենսդրությանն ու կանոնակարգմանը վերաբերող քննարկում էր կազմակերպել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ինստիտուտը: ԽԱՊԿ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում օրենքի նախագծի մասին ասաց. «Կառավարությունը, իշխանությունն արդեն որոշել են, թե որ հեռուստաընկերություններն են 2011 թվականի հունվարի 20-ից հետո լինելու եթերում: Ինչպես նշված է՝ կա 11 մուլտիպլեքսի հնարավորություն, որոնցից յուրաքանչյուրն ունի անսահմանափակ տարողություն: Այդ դեպքում ինչո՞ւ է լիցենզավորվելու ընդամենը 18-ը: Սա ինձ ենթադրել է տալիս, որ իշխանությունները քվոտավորել են եթերը: Այդ սխեմայի մեջ «Ա1+»-ը չի կարող լինել եթերում: Ընդ որում, ձեւակերպումներն այնպես են տվել, որ «Ա1+»-ը հնարավորություն չունենա նաեւ արբանյակային հեռարձակում ունենալ»: 
ԵՄԱ նախագահ  Բորիս Նավասարդյանը նշեց, որ օրինագիծը լայն հանրային քննարկման չի արժանացել, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մեկ ասուլիսը չի կարելի համարել հանրային քննարկում: Ի դեպ, երեկվա քննարկմանը այդ նախարարությունից ներկայացել էր ոչ թե հրավիրված պատասխանատու ներկայացուցիչը, այլ Սիմոն Աղաջանյանը, որը իրավասու չէր քննարկելու նախագծի օրենսդրական մասը: «Վերջին 2 տարին կորցրած ժամանակ է, որովհետեւ թվայնացման անցնելու համար որեւէ լուրջ աշխատանք չի կատարվել, կամ էլ օրինագծի բովանդակությունից արվածը չի երեւում»,- ասաց Բ. Նավասարդյանը: Մասնագետները կարծում են, որ օրինագիծը թվային հեռարձակման քողի ներքո քողարկված կերպով այլ դրույթներ է մտցնում: Մտահոգությանը, թե թվայնացման գործընթացը կապված է «Ա1+»-ին եթեր չտրամադրելուն, ԵՄԱ նախագահը պատասխանեց. «Թվայնացումը արվում է ոչ նրա համար, որ որեւէ հեռուստաընկերություն արտոնագիր չստանա, մեր երկրի համար թվայնացումը օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այլ բան է՝ ինչպես է այն իրականացվում եւ արդյոք որպես պատրվա՞կ է օգտագործվում, որպեսզի մրցակցային դաշտը չապահովվի հեռարձակման ոլորտում: Այս օրինագծով «Ա1+»-ը շանս չունի, որովհետեւ այսօր նույնիսկ մեզանում գործող հեռուստաընկերություններից մի քանիսը զրկվելու են հեռարձակման իրավունքից»:
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, մոտ 15 րոպե գովելով նախորդ ամիս 11 հեռուստաընկերությունների կողմից ստորագրված խարտիան, անդրադարձավ նաեւ հնչող քննադատություններին, որոնք, ըստ նրա, շատ դեպքերում էթիկայի սահմաններից դուրս են: Պարոն Հովհաննիսյանը իր խոսքում ոչ միայն հայտնի մարդկանցից էր մեջբերումներ անում, այլեւ հիշեց Պոլոզ Մուկուչի հետ կապված մի անեկդոտ ու եզրակացություն անելով իր պատմածից՝ ասաց. «Ինչպես լրատվամիջոցն ունի քննադատելու, այնպես էլ քաղաքացին ունի պաշտպանվելու իրավունք»: Սրանից հետո Հանրային խորհրդի անդամը սկսեց մեջբերումներ անել Մեսրոպ Հարությունյանի՝ խարտիային վերաբերող «Տարբերել վարունգը» հոդվածից: Սրանից հետո քննարկումը վերածվեց լեզվակռվի: Հ. Հովհաննիսյանը հոդվածի ոճը «խիարագիտական» անվանեց: Մեսրոպ Հարությունյանն էլ ի պատասխան ասաց. «Քանի որ այստեղ դասախոսություն էր, ստիպված եմ ես էլ որոշ պարոնների համար պարզագույն դասախոսություն կարդալ: Եթե դու քեզ դնում ես հանրության ուշադրության կենտրոնում, հանրությունից արձագանք ես ստանում, դա կարող է լինել դրական, բացասական, հեգնական կամ վիրավորական, եթե պատրաստ չես դրան, մի՛ գնա հանրային գործունեության: Եթե դուք շաբաթը մեկ հեռուստատեսությամբ ելույթներ եք ունենում, խարտիաներ եք ներկայացնում, պատրաստ եղեք լսելու հանրությունից եկող բոլոր արձագանքները»: Ապա ավելացրեց. «Նեղանում են, երբ ասում ես՝ պրոֆեսիոնալ չեն, 13 տարի համակարգիչ եմ օգտագործում, բայց ես ինձ հո չեմ համարում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ ու գրում խարտիա դրա վերաբերյալ: Ինչո՞ւ է իրենց թվում, եթե պուլտով ալիքների վրայով վազում են, արդեն հեռուստատեսության մասնագետ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել