Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիզիրյանը՝ Շիրակի մարզպե՞տ

Մայիս 15,2010 00:00

Լիդա Նանյանին հարկադրեցին հրաժարական տալ

Ինչպես հայտնի է՝ նախորդ օրը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել կառավարությանը: Մարզպետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկ մարզպետը «բարի լույսի» փոխարեն, այս լուրն է հաղորդել՝ ասելով. «Հաջորդ շաբաթվանից սպասեք նոր մարզպետին»: Թե ո՞րն է մարզի ղեկավարին պաշտոնանկ անելու պատճառը, մեր աղբյուրները թեեւ մի քանի վարկած են թվարկում, սակայն դրանցից ամենատրամաբանականն այն է, որ ԱԺ ընտրություններից առաջ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ, իսկ կին-մարզպետը չի կարող կառավարել քաղաքական իրավիճակը: «Բարգավաճը» սկսել է գրոհել մարզը. քիչ թե շատ հայտնի մարդիկ համալրում են այս կուսակցության շարքերը, մյուս կողմից էլ ՕԵԿ-ն է սկսել իր խաղերը. մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, օրերս մարզի 18 գյուղապետեր դարձել են ՕԵԿ-ականներ, իսկ այս ամենը բնականաբար ձեռք չի տալիս Հանրապետական կուսակցությանը: Հանրապետականներին անհանգստացրել ու զայրացրել է նաեւ այն, որ վերջերս Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով նաեւ կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, Գյումրիում տեղի ունեցած ԵԿՄ վարչության նիստում, երկրապահներին կոչ է արել հեռու մնալ կուսակցական կեղտոտ խաղերից: Քաղաքապետը մի պահ մոռացել է, որ ինքը եւս հանրապետական է, եւ երբ սթափվել է, այսպես է հիմնավորել իր խոսքը. «Ճիշտ է, ես էլ կուսակցական եմ, բայց ես ավելի շատ հավատացյալ մարդ եմ»: Մի խոսքով, հանրապետականները հասկացել են, որ կուսակցականաշինության առումով Գյումրու քաղաքապետի վրա հույս դնել չարժե, ու որոշել են մի այնպիսի մարդ ուղարկել Շիրակի մարզ, որի նկատմամբ միգուցե ջերմ զգացմունքներ չունենան, բայց որից կվախենան: Որպես ամենահավանական թեկնածու շոշափվում է Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ, ՀՀ կալանավայրերի վարչության պետ Աշոտ Գիզիրյանի անունը: Թեեւ շրջանառվում են նաեւ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանի եւ ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի անունները եւս, սակայն երեկ ուշ ժամի մարզպետարանցիներին հստակեցվել է նոր ղեկավարի անունը՝ մարզպետի աթոռը միանշանակ զբաղեցնելու է Աշոտ Գիզիրյանը: Ի դեպ, կան կարծիքներ, որ վերջինիս բերում են որպես հակակշիռ ուժ Գյումրու քաղաքապետին, այսինքն՝ նա, լինելով օրգանի աշխատող, անհրաժեշտության դեպքում կկարողանա կարգի հրավիրել քաղաքագլխին: Նշենք, որ թեեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այս պահին բուժման նպատակով գտնվում է Ֆրանսիայում, սակայն մարզպետարանցիները շարունակում են պնդել, թե «մարզպետի ոտքերի տակ Վարդանիկը սապոն դրեց»: Որոշ մարզպետարանցիներ իրենց խոսքերը հիմնավորում են այն հանգամանքով, որ Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանը կուսակցության անունից անընդհատ բողոքներ է ներկայացրել երկրի նախագահին Լիդա Նանյանի դեմ: Քաղաքապետը մասնավորապես դժգոհել է, որ մարզպետը, լինելով ՀՀԿ-ի կողմից նշանակված, կուսակցության բարգավաճման համար ոչինչ չի անում: Եվ որ մարզպետը ավելի շատ օգնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին, մասնակցում նրանց միջոցառումներին, իսկ հանրապետականներին անտեսում է. հանրապետական կադրերի մեծ մասն էլ գործազուրկ են, իսկ մարզպետը չի մտածում նրանց աշխատանքի տեղավորելու մասին: Վարդան Ղուկասյանի նյարդերի վրա բնականաբար ազդել է նաեւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի մտերմությունը: Հիշեցնենք, որ վերջինս՝ ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորը, նախորդ ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար՝ այսպիսով դառնալով Վարդան Ղուկասյանի աչքի փուշը:
Ինչեւէ, շիրակցիները առանձնապես ոգեւորված չեն Գիզիրյանի վերադարձով, եթե ընտրության հնարավորություն լիներ, նրանք միանշանակ կնախընտրեին Լիդա Նանյանին: Օբյեկտիվ լինելու համար շեշտենք, որ որոշ թերություններով հանդերձ, հանրապետության միակ կին մարզպետը կարգուկանոն մտցրեց Շիրակի մարզպետարանում, վերջ դրեց այդ կառույցում տիրող պարապուրդին, հարկադրեց սեղաններից հավաքել խաչբառերն ու սովորեցրեց աշխատել: Նա նաեւ աչքի ընկավ լրատվամիջոցների հետ իր փայլուն աշխատանքով. եթե մինչ այդ մարզպետարանում հատուկենտ լրատվամիջոցների հետ էին շփվում, ապա Լիդա Նանյանը առանց խտրականության աշխատեց բոլորի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել