Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է «ԹՈՒՐՔ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ»

Մայիս 15,2010 00:00

«Ժառանգություն» խմբակցության հետ մայիսի 13-ի հանդիպման ընթացքում ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվել էր, թե արդյոք հավանե՞ց Ստամբուլը: Այդ քաղաքում մայիսի 10-11-ը տեղի էր ունեցել ԵԽԽՎ Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նիստը, որին մասնակցել էր նաեւ այդ հանձնաժողովի մշտական անդամ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:
Նիստի ընթացքում մասնավորապես քննարկվել են առավել վտանգված լեզուների վերաբերյալ զեկույցի, բանաձեւի եւ հանձնարարականի նախագծերը, որոնց հեղինակը ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Էրթուղրուլ Կումսուօղլին է: Ըստ «Ժառանգության» երեկ տարածած հաղորդագրության, թեմայի վերաբերյալ ելույթ ունենալով՝ Զարուհի Փոստանջյանը հայտնել է, թե «զեկույցը պարունակում է մի շարք թերություններ ու բացթողումներ, մասնավորապես՝ վտանգված լեզուներ արեւմտահայերենի եւ ասորերենի մասով, որոնք ներառված չէին կազմված փաստաթղթի նախագծում, այնինչ այդ լեզուները ներառված են ՄԱԿ-ի թողարկած վտանգված լեզուների ցանկում»: Նա նաեւ մատնանշել է, որ փաստաթղթում անդրադարձ չի կատարվել այն պատճառահետեւանքային կապերին, որոնց հետեւանքով նշյալ լեզուները դարձել են վտանգված ու վերացման շեմին են. «Ընդգծելով, որ արեւմտահայերենի պարագայում՝ դա Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման հետեւանքն են»: Էրթուղրուլ Կումսուօղլին, ըստ հաղորդագրության՝ «Վիրավորվածի զգացումով եւ ընդգծված դժգոհությամբ է պատասխանել Զարուհի Փոստանջյանի ելույթին՝ հայտնելով, որ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ՀՀ պատվիրակը վիրավորում է իր զգացմունքները եւ թուրք ինքնությունը»: Մեր կողմից հավելենք, որ վերջին ձեւակերպումը Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով նախատեսված մեղադրանքից է:
Փաստաթղթի քննարկումը հետաձգվել է, իսկ ԵԽԽՎ Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Էնդրյու Մաքինթոշը նշել է, որ սա բավականին ընդգրկուն թեմա է՝ հանձնաժողովն առաջիկա ամիսներին կքննարկի բոլոր առաջարկները, եւ դրանք հնարավորինս կներառվեն փաստաթղթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել