Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ով էլ գա, դիմելու ենք»

Մայիս 15,2010 00:00

«Հայաստանի նախորդ (Ռոբերտ Քոչարյանի) իշխանությունը մարտի 1-ին 10 հոգի է սպանել, իսկ ներկայիս իշխանությունը մատը մատին չի խփում՝ այդ հանցագործությունը բացահայտելու համար: Բայց ես չէի ցանկանա այս խնդիրը քննարկել ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ: Ոչ թե այն պատճառով, որ ատելությամբ եմ լցված թուրք ժողովրդի նկատմամբ, այլ՝ որովհետեւ հենց Չավուշօղլուի երկրում սպանվել է իմ հայրենակից եւ գործընկեր Հրանտ Դինքը, դատարանի առաջ են կանգնել միայն անմիջական կատարողները, իսկ դատավարությունը վերածվել է ծաղրուծանակի»: «Առավոտի» մայիսի 14-ի համարի խմբագրականի այս պարբերությունը մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում զոհվածներից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ընկալել է որպես զոհերի հարազատներին ուղղված կշտամբանք, թե՝ նրանք չպետք է դիմեին Չավուշօղլուին: Իրականում մեջբերված հատվածում ոչ միայն չկա նման ձեւակերպում, այլեւ չկա զոհերի հարազատների հասցեին ուղղված որեւէ կշտամբանք: Ակնհայտ է, որ խոսքը հետեւյալի մասին է. Թուրքիան այն երկիրը չէ, որի ներկայացուցիչը կարող է նպաստել, որպեսզի մեր իշխանությունները բացահայտեն մարտի 1-ի զարհուրելի հանցագործությունը: 
Այդուհանդերձ, մեծ հարգանք տածելով տիկին Հովհաննիսյանի նկատմամբ, փոխանցում ենք նրա խոսքերը՝ Չավուշօղլուի հետ հանդիպելու շարժառիթների մասին. «Նախ՝ մենք նրան դիմել ենք որպես ԵԽԽՎ նախագահի, ու նրա ազգության մասին մենք ընդհանրապես մինչեւ նրա Երեւան գալը չենք իմացել: Դրա մասին պետք է մտածեն այն պատգամավորները, որոնք ընտրել են նրան, որոնց Չավուշօղլուն անվանեց լավ բարեկամներ, այսինքն՝ Դավիթ Հարությունյանին: Ուզում եմ ասել նաեւ, որ Եվրոպայից ով էլ գա, ինչ պաշտոնյա էլ գա, անկախ նրա ազգությունից,  մենք գնալու եւ նրան դիմելու ենք, որովհետեւ մենք ուրիշ ճար չունենք: Տեսեք, թե ինչ է կատարվում: Այսօր, օրինակ, զոհերից երեքի՝ Սամվել Հարությունյանի, Հովհաննես Հովհաննիսյանի եւ Գրիգոր Գրիգորյանի հարազատների բողոքի գործով դատն էր, որտեղ մեզ ուղղակի ծաղրում էին: Եթե չեմ սխալվում՝ դատավոր Արմեն Խաչատրյանը, ծաղրում էր մեզ, իսկ էն ստահակը՝ ՀՔԾ-ից (խոսքը ՀՔԾ ՀԿԳ քննիչ Վահագն Հարությունյանի մասին է – խմբ.), որ եկել էր դատարան, մեր բողոքներն ու դատը թատրոն անվանեց: Այս պայմաններում բա ուրիշ ո՞ւմ դիմենք: Պատկերացրեք, մեր երեխաները սպանված են, մեր իրավունքները ոտնահարված են: Ես խոստանում եմ՝ այնքան ենք դիմելու, մինչեւ էս երկրում մեզ կամ սպանեն, կամ վտարեն, կամ մեր երեխաների սպանությունը պետք է բացահայտվի: Մենք երեխա չենք բերել, 23 տարի մեծացրել, բանակ ուղարկել ու ուսումի տվել, որպեսզի այսօր նրանց սպանեն եւ ձեռքները լվանան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել