Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտահերթի նախադրյալներ կա՞ն, թե՞ չկան

Մայիս 15,2010 00:00

Ըստ իշխանության ներկայացուցչի՝ չկան, իսկ ՀԱԿ ներկայացուցիչը վստահ է, որ նախադրյալներ կան

ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ բանավեճում պնդեց, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է պահանջել իշխանափոխություն՝ արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով: Ըստ պարոն Ռուբինյանի, թեկուզ հենց այսօր հավանական եւ իրատեսական է արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն այդ արտահերթը, ամեն դեպքում, որոշ բաներից կախվածություն ունի, օրինակ՝ ընդդիմության պայքարելու ունակությունից. «Իհարկե, համարում եմ (նկատի ունի արտահերթ ընտրությունների անցկացումը- Մ. Ե.), բայց դա կախված է մեր պայքարելու ունակությունից, ցանկությունից, հասարակության համախմբվածությունից, ուրիշ ոչ մի բանից»,- երեկ հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չի հաջողվում ընդդիմությանը իրականացնել իշխանափոխություն: Ըստ պարոն Ռուբինյանի, մեղավորները իշխանությունն ու ոստիկանությունն են. «Բռնությունները շարունակվում են: Ոստիկանությունը սանձարձակ ձեւով ճնշում էր ցանկացած ազատ խոսք, ցանկացած բողոքի գործողություն: Այս բոլորը բերեց նրան, որ ՀԱԿ-ը փոխեց իր մարտավարությունը որոշ զարգացումների ֆոնի վրա. գիտեք, ԼՂ խնդրի քննարկումների ակտիվացում, հայ-թուրքական հարաբերությունների սկիզբ»: Անձամբ Կարապետ Ռուբինյանը համաձայն չէ այդ հիմնավորումների ու կուրսի փոփոխության հետ եւ վստահ է, որ պետք չէր փոխել պայքարի ձեւն այն աստիճան, որ որոշ մարդկանց մոտ կարծիք ստեղծվի, թե պայքարը դադարեցվել է:
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն էլ իր հերթին էր համոզված, որ այսօր մեր երկրում չկա հիմք եւ չկան նախադրյալներ արտահերթ ընտրությունների համար ու չեն էլ կարող լինել: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ «Անարդար է մարդկանց հերթական անգամ տանել դեպի մարտի մեկ, ունենալ զոհեր՝ հանուն այն բանի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գա իշխանության, եւ պետությունն էլ այն խաղալիքը չէ, որ հասարակական ողջ ռեսուրսն ու էներգիան սպառենք զուտ իշխանափոխության մասին կոչեր անելով: Դուք որ պահանջում եք, չի նշանակում, որ դրա համար արդեն հիմք կա. ցանկացած ընդդիմություն իշխանափոխություն է պահանջում, եւ դա նորմալ եմ համարում»:
Բանավիճեցին նաեւ «քաղբանտարկյալ» թեմայի շուրջ։ Իշխանության ներկայացուցիչը պնդեց, որ մեր երկրում քաղբանտարկյալ չկա, ՀԱԿ ներկայացուցիչը հակառակը պնդեց: Կարապետ Ռուբինյանը խոսեց ոչ լեգիտիմ իշխանության մասին, Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ ընդդիմությունն արդեն երրորդ տարին է՝ նույն բանն է ասում. «Արդեն երրորդ տարին է՝ դրանք հնչեցվում են որպես ընդդիմության դիրքորոշումներ՝ առանց դինամիկ փոփոխությունների՝ հաշվի չառնելով այն խնդիրները, որ քաղաքական համակարգում զարգացումներն ու իրավիճակը շատ ավելի արագ են փոփոխվում»: Մի բանում բանավիճողները համակարծիք էին. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան չկարողացավ անկողմնակալ գտնվել ու կարգավորել հարաբերությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել