Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԻ «ՊՈՉԸ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՏՔԻ ՏԱ՞Կ Է

Մայիս 15,2010 00:00

\"\"Հայաստանում երկու ամիս Հայաստանի մասին ԵՄ հայտարարությանը տեղյակ չեն եղել

Դեռ մարտի 2-ին Հայաստան ժամանած Եվրոպական Միության նախարարական պատվիրակությունը («Տրոյկա»-ն)՝ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, հանդիպել էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում  պատվիրակությանն էին փոխանցվել՝ հենց պարոն Մորատինոսին, նաեւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կատրին Էշթոնին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակները: Դրանցում ՀՀ առաջին նախագահը ընդգծել էր քաղբանտարկյալների առկայության հետ կապված անհանդուրժելի իրավիճակը եւ կարեւորել Եվրոպական Միության հրապարակային դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարության վերականգնման հարցում: Արտգործնախարար Մորատինոսը՝ ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների հետ զրույցում, այնպես էլ Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել էր, որ ԵՄ-ն հետամուտ կլինի հիշյալ հարցերի լուծմանը:
Արդեն մարտի 10-ին, Վիեննայում, ԵԱՀԿ մշտական խորհրդի շրջանակներում Եվրամիության նախագահությունը իր անդամ 27 պետությունների անունից հանդես էր եկել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական՝ թիվ 797 հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Եվրոպական Միությունը գոհունակությամբ հայտնում է, որ 2008 թվականի մարտի 1-ի երկրորդ տարելիցի հետ կապված հանրահավաքը այս տարի թույլատրված էր իշխանությունների կողմից: Սա գովելի զարգացում է վերջին տարվա իրադարձությունների լույսի ներքո: Եվրոպական Միությունը հավատում է, որ ոստիկանության աջակցության ծրագիրը, որն անցկացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, նպաստում է ոստիկանության վարքագծի բարելավմանը եւ հանրահավաքների անցկացման ապահովմանը, որպեսզի Հայաստանը հաղթահարի «Մարտի 1-ի» ճգնաժամը: Մենք շնորհավորում ենք ՀՀ իշխանություններին եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին՝ ծրագրի դրական եւ արդյունավետ կատարման համար: Անհրաժեշտ է համակողմանի հետաքննություն ցուցարարների եւ իրավապահ աշխատակիցների մահվան հանգամանքները պարզելու համար: Այս համատեքստում կարեւոր է ՀՀ Ազգային ժողովի Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացություններին ընթացք տալը: 2009 թվականի հունիսի համաներումից հետո իրենց քաղաքական գործունեության համար անազատության մեջ մնացած անձանց խնդիրը նույնպես պետք է լուծվի: ԵՄ-ն նաեւ նշում է, որ 2010 թվականի մարտի 8-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը մարտիմեկյան դեպքերին առնչվող դատավարությունների վերաբերյալ բացահայտեց ՀՀ դատական համակարգի բացթողումները: Մենք խրախուսում ենք ՀՀ իշխանություններին` օգտագործել այդ զեկույցում տեղ գտած եզրակացությունները` ՀՀ դատական համակարգի հետագա բարեփոխման եւ միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխանեցնելու համար: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին այդ ոլորտում»:
ԵՄ-ն, այո՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություն արել էր, բայց Հայաստանում դրա վրա, թերեւս, տաբու էր դրվել: Դրա մասին պաշտոնապես եւ պատասխանատու կերպով լռել են ոչ միայն հայրենի իշխանությունները, այլեւ Հայաստանում ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը (նկարում), որը, թվում էր, թե Հայաստանում է ԵՄ վարած քաղաքականությունը, առավել եւս Հայաստանին վերաբերող հայտարարություններն ու որոշումները ոչ միայն իշխանություններին, այլեւ մեր հանրությանը փոխանցելու համար:
Արդեն մայիսի 6-ին Լ. Տեր-Պետրոսյանը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կատրին Էշթոնից նամակ էր ստացել, որում վերջինս հայտնում էր, որ Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի համար շարունակում է մնալ առանցքային առաջնահերթություն՝ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության եւ երկխոսության համար, եւ որ ԵՄ-ն ՀՀ ղեկավարության առջեւ բարձրացրել է «Մարտի 1»-ի դեպքերի քննությանը մանրակրկիտ կերպով հետամուտ լինելու, բանտարկված բոլոր ակտիվիստներին ազատ արձակելու, ինչպես նաեւ խոսքի ազատությանը վերաբերող հարցերը: 
Կոնգրեսը երեկ իր տարածած հայտարարության մեջ արձանագրել է, որ ԵՄ-ի՝ սույն հայտարարության մասին հնարավոր է եղել տեղեկանալ միայն մեծ ուշացումով՝ երկու ամիս անց, այն էլ՝ շնորհիվ Բրյուսելում Կոնգրեսի անձնական շփումների: «Կարծում ենք՝ Հայաստանի վերաբերյալ ԵՄ հայտարարության մասին մամլո հաղորդագրություն տարածելը Երեւանում ԵՄ ներկայացուցչության պարտավորությունն է, ուստի՝  այդ հարցում ներկայացուցչության անգործությունը, որի պատճառով Հայաստանի հասարակության կողմից սպասված դիրքորոշումները անըմբռնելի ուշացմամբ են մատչելի դարձել մեր ժողովրդին, առաջացնում են մեր տարակուսանքը: Այս առթիվ մենք դիմել ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն՝ բացատրություններ ստանալու նպատակով: Վստահ ենք, որ Երեւանում ԵՄ պատվիրակության աշխատանքը պետք է համահունչ լինի ԵՄ-ի որդեգրած քաղաքական դիրքորոշումներին»,- հայտարարել է ՀԱԿ-ը:
Կոնգրեսը Հայաստանում Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերից բացատրություններ, իհարկե, պահանջել է, բայց դժվար թե վերջինս որեւէ համոզիչ կամ իրականությանը համապատասխանող պատասխան տա: Նա հո չի՞ կարող ասել, որ ինքը թերացել է, կատարել է ԵՄ հայտարարությունը ջրի երես չհանելու՝ ՀՀ իշխանության խնդրանքը կամ հորդորը, միգուցե նաեւ՝ ուղղակի պահանջը: Նույնիսկ Եվրոպական Միության նման հեղինակավոր կառույցի պաշտոնական ներկայացուցչի համար, ինչպիսին Լյուցենբերգերն է, դա պիտի որ միանգամայն հնարավոր լինի: Չէ՞ որ պարոն Լյուցենբերգերը դեռ անցյալ տարվա օգոստոսից սկսած, ըստ ամենայնի, պարտական է ՀՀ իշխանություններին: Հիշեցնենք, որ նա դեռ այն ժամանակ «Առավոտում» հրապարակված «Թրաֆիքինգ՝ դիվանագիտական մակարդակով»  ծավալուն հոդվածի առանցքային «հերոսն» էր, որին, նաեւ նրա տիկնոջը՝  Բելառուսի քաղաքացի Նատալյա Հրուշային ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանը, որը դիվանագետի ընտանիքում որպես նրանց երկուսուկես տարեկան դստեր՝ Ջուլիա դը Լյուցենբերգերի դայակ-դաստիարակ էր աշխատել, մեղադրում է Լյուցենբերգերների ընտանիքին՝ իրեն Հայաստանից խաբեությամբ եւ ապօրինի ճանապարհով Բելգիա տեղափոխելու ու աշխատանքային շահագործման՝ թրաֆիքինգի ենթարկելու մեջ: Հիշեցնենք, որ հրապարակումը աղմուկ բարձրացրեց, դրան անդրադարձան ե՛ւ «7 օր», ե՛ւ «Հետք» էլեկտրոնային կայքերը, բայց ՀՀ իշխանությունները՝ ոչ: Նրանք՝ ՀՀ ոստիկանությունից սկսած մինչեւ ՀՀ արտգործնախարարություն, ամեն ինչ արեցին սկանդալը պարտակելու համար: Ինքը՝ Ռաուլ դը Լյուցենբերգերը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումներին, այդպես էլ ժամանակ չէր գտել հերքել, հաստատել կամ որեւէ բացատրություն տալ իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ: Այն ժամանակ «Հետքին» ՀՀ ոստիկանությունից փոխանցել էին, թե Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը, որը զբաղվում է թրաֆիքինգի հարցերով, արդեն իսկ հարցումներ է ուղարկել մի շարք վայրեր՝ մամուլում հրապարակված ինֆորմացիայի հավաստիությունը ճշտելու համար: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էլ էր հավաստիացրել, թե «դեպքի իրական պատկերը ստանալու համար հարցում են ուղարկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն» եւ սպասում են պատասխանների: Երեւի դեռ սպասում են: Առ այսօր այս երկու գերատեսչությունները, նաեւ գլխավոր դատախազությունը լռում են իրենց «հետաքննության» մասին: Իսկ մեզ մնում է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները պարզապես պարոն Լյուցենբերգերի «ատամները հաշվել» ու նրա հետ գործարք են կնքել ահավասիկ նաեւ այսպիսի ծառայությունների, օրինակ՝ ԵՄ-ի հայտարարությունը պարոն դեսպանի կողմից խնամքով պարտակելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել