Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՐԻ՞ ՎԵՐՑՆԵԼ ՍԴՀԿ-ԻՆ

Մայիս 15,2010 00:00

\"\"Հնչակյան կրքերը կրկին թեժանում են

«ՀԱԿ-ը միջամտել է մեր ներքին գործերին անջատողական մոտեցումներով եւ կուսակցությունն իր ձեռքը գերի վերցնելու հեռանկարով: Դա բոլոր կուսակցությունների համար անընդունելի եւ անհանդուրժելի միջամտություն է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության անդամ, կուսակցության քարոզչական դիվանի պատասխանատու Հակոբ Տիգրանյանը: Հիշեցնենք, որ սույն մեղադրանքները Հնչակյան կուսակցությունում դեռ անցյալ տարեվերջին սկսված պառակտումների առիթով են, որոնց արդյունքում այսօր գոյություն ունի երկու ՍԴՀԿ՝ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարածը, որը ՀԱԿ անդամ է եւ ում մոտ գտնվում է կուսակցության կնիքը, ու Գեւորգ Պերկուպերկյանի ղեկավարածը, ում իր պաշտոնական հայտարարությամբ սատարել է ՍԴՀԿ ԿՎ-ն: Հնչակյան թնջուկի պարզաբանումը դատական ատյանում այդպես էլ չի սկսվում. արդեն երկրորդ անգամ ինչ-որ պատճառաբանությամբ նիստը հետաձգվում է: Այս մեղադրանքներից հետո ՍԴՀԿ կեդրոնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունն այսպես են պատկերացնում. «Հնչակյան կուսակցությունն իր 123 տարվա ընթացքում միշտ ունեցել է դաշնակիցներ զանազան պայքարների դաշտում: Այդ ընթացքում մենք միշտ մնացել ենք անկեղծ մեր դաշնակիցների հանդեպ, եղել ենք առաջամարտիկ եւ չենք դաշունահարել նրանց թիկունքից, չենք հեռացել պայքարի դաշտից եւ լքել մեր դաշնակիցներին: Դժբախտաբար, Հնչակյան կուսակցության հանդեպ ՀԱԿ-ի վերջին շրջանի մոտեցումները մեզ համար խորթ են եւ ոչ հարազատ: Ինչպե՞ս կարող է ապագայում առողջ գործակցություն լինել մեր եւ նրանց միջեւ, երբ իրենք որոշել են կուսակցությունից վտարված օրինազանցների մի խումբ ճանաչել իբրեւ օրինական: Ոչ միայն մասնակցել են կուսակցության համար անօրինական եւ անջատողական «համագումարին», հունվարի 9-ին, այլեւ հովանավորել են այն: Նկատի ունենալով, որ այս բոլորն անողը մեր «քաղաքական դաշնակից» ՀԱԿ-ն է, ապա կարող եք արդեն երեւակայել մեր շարքի հուսախաբությունը եւ հիասթափությունը ՀԱԿ-ի հանդեպ»: Չնայած այս ամենին, մեր զրուցակիցը նաեւ պնդեց. «Մենք հաստատ կանգնած ենք մեր դիրքերին, հետեւաբար, ապագան կախված է ՀԱԿ-ից: ՀԱԿ-ը պետք է օրինազանցներին արտաքսի իր շարքերից եւ առաջարկի համագործակցություն Հնչակյան Կեդրոնի կողմից ընդունված Հայաստանի ՍԴՀԿ օրինական կառույցի հետ: Կուսակցության օրինական իրավունքները կվերադարձնեն ՍԴՀԿ-ին»:
Իսկ թե հատկապես ո՞րն է ՀԱԿ-ի դերակատարումը ՍԴՀԿ-ն պառակտելու գործում՝ Հակոբ Տիգրանյանն ասում է. «Հնչակյան կուսակցությունը եղել է եւ կմնա ազատ խոսքին ու ազատ մամուլին հավատացող քաղաքական կազմակերպություն: Սակայն, դժբախտաբար, այն ոճն ու ձեւը, որ Հնչակյան կուսակցությունը թիրախ դարձավ եւ դեռ շարունակում է թիրախ դառնալ ՀԱԿ-ի հովանավորյալ մամուլի կողմից, հույս չի ներշնչում ոչ ազատ խոսքի եւ ոչ էլ ազատ մամուլի պաշտպանների համար: Ցավոք սրտի, այս «քարոզարշավը» հիմնված է բամբասանքների ու ենթադրությունների վրա: Սակայն ամենավտանգավորն այդ ամենի մեջ նրանց հետապնդած հետին նպատակներն են, որ հստակ են այլեւս: Դիմակները պատռվել են, եւ ամեն ինչ հստակ ու մաքուր երեւում է. ՀԱԿ-ը փորձեց գերի վերցնել Հնչակյան կուսակցության օրինականությունը, եւ, բնականաբար, իրենց մամուլը դարձավ դրա միջոցը: Դժբախտաբար, ՀԱԿ-ը ոչ միայն դերակատարություն ունի, այլեւ մեղսակից է: Բարեբախտաբար, Հնչակյան կուսակցությունն ավելի միակամ է, քան երբեք՝ իր բոլոր շրջաններով, շարքով եւ ղեկավարությամբ: Այստեղ ուզում եմ ողջունել ՍԴՀԿ Հայաստանի կառույցը՝ ատենապետությամբ ընկեր Գեւորգ Պերկուպերկյանի, որ բարձր պահեց հնչակյան ինքնուրույն դրոշն ու փաստեց, որ կուսակցության ներքին գործերին որեւէ միջամտություն անընդունելի է»:

P. S. «Եթե իրավական առումով դատավարությունն ընթանում է նախկին մի քանի կուսակցական ընկերների դեմ, որոնք, կարելի է ասել, գողացել են կուսակցության իրավունքները, ապա քաղաքական առումով այսօր ցավով պետք է նշեմ, որ այն ընթանում է Հայ ազգային կոնգրեսի որոշ ղեկավարների դեմ»,- երեկ մամուլի ասուլիսում խոսելով «հնչակյաններն ընդդեմ հնչակյանների» գործի մասին՝ հայտարարել է պերկուպերկյանական ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը: «ՀԱԿ-ը վերջին տարվա ընթացքում, կենտրոնացնելով իր ողջ քարոզչական ռեսուրսը, սկսել է խայտառակ մի պայքար կուսակցության դեմ, ընդ որում` ոչ միայն կուսակցության հայաստանյան կառույցի, այլեւ ամբողջ կուսակցության դեմ»,- ասել է նա:
Լյուդմիլա Սարգսյանի եւ ՀԱԿ-ի պատասխանն արտահայտված տեսակետի վերաբերյալ՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել