Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ 1915Թ.

Մայիս 14,2010 00:00

Կողոբերդ–Քեղի-Բինգյոլ (Խորձյանի գավառ, Ծոփք նահանգ-Ճապաղջուր)

\"\"Քեղին ընկած է Արածանիի (Արեւելյան Եփրատ) աջակողմյան վտակ Քղի գետի աջ ափին, որով եւ բաժանված է երկու մասի: Գավառը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ քաղաքը ընկած է գեղատեսիլ լեռնալանջի վրա: Քեղիի շրջանը համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Խորձյան գավառին: XVI-XX դարերում այդ գավառի տարածքը կազմում էր Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի Քեղիի գավառակը, որի կենտրոնը Քեղին էր։

Քեղին հին հայկական բնակավայր է, հարուստ՝ մշակույթով ու ավանդույթներով, այն եղել է նաեւ հայ գրչության կենտրոններից մեկը։ Այստեղ ընդօրինակվել են զանազան ձեռագրեր, որոնցից մեզ հայտնի է 1464 թ. Երեմիա Սարկավագի օրինակած մի Մաշտոց եւ մի Գանձարան։ Քեղիի ավանից էր Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը (1770-1779), որը հայտնի Նաղաշ Հովնաթանի ձեռքով նկարազարդել էր տվել Էջմիածնի տաճարը եւ Աղա Մահմեդ խանին մեծ կաշառք տալով՝ Էջմիածինն ազատել հարկից։

Այս տեղանունը հնագույն աղբյուրներում հիշատակվում է Կեղի, Կողոբերդ, Քեղի, Քղի, Կղի տարբերակներով՝ որպես գյուղ, ավան, գյուղաքաղաք եւ քաղաք։ Համանուն սանջակն ընկած էր լեռնային մի տարածքում, որտեղ ցրված էին 363 փոքր ու մեծ գյուղեր, որոնցից 51-ը հայաբնակ էին: Սույն մարզը 20-րդ դարի սկզբում ունեցել է մոտավորապես 60 հազար բնակչություն, որի շուրջ 20 հազարը հայեր էին:

Երկու անգամ Քեղիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով խիստ ավերվել է շրջանը: Դրանցից մեկը տեղի է ունեցել 1415 թվականին, որի հետեւանքներն աստիճանաբար վերացվել են, բայց քաղաքի բնակչության մի մասը ցրվել է այլեւայլ տեղեր։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1616 թվականին։ Հին Քեղին, որ գտնվում էր Հանգստուն գյուղի մոտ, այդ երկրաշարժից ամբողջովին ավերվել է եւ նրա բնակիչների մի մասը հիմնել է մեր նկարագրած ներկայիս Քեղին։

Սկզբնական շրջանում այստեղ բնակվել են բացառապես հայեր, ավելի ուշ՝ հայերից բացի, բնակություն են սկսում հաստատել նաեւ քրդեր եւ թուրքեր:

 

Քեղիի հայ բնակչության տեղաբաշխվածությունը՝ 19-րդ դարում

1800-1830թթ. Քեղին ուներ մոտ 14 հազար բնակիչ, որից 8 հազարը՝ հայեր, 1830-1850թթ՝ 13,3 հազար բնակիչ, որից ավելի քան 7 հազարը՝ հայեր։ Ըստ որոշ աղբյուրների, մինչեւ 1915թ. Մեծ եղեռնը՝ նրա բնակչության թիվը հասնում էր 15 հազար մարդու, որից 10 հազարը հայեր էին։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին գավառի 51 գյուղերում ապրում էին 19,859 հայեր (3,028 տուն): Քեղիի գավառում հայերն ունեին 45 եկեղեցի, 5 վանք եւ 63 դպրոց, որտեղ սովորում էին 2,925 աշակերտներ: Բուն գավառի կենտրոնում ապրում էին 2,116 հայ (396 տուն), եւ 595 թուրք: 20-րդ դարասկզբին գործող երկսեռ դպրոցում սովորում էին 120 աղջիկ եւ 172 տղա: Մեծ եղեռնի նախօրեին Քեղիում ավելացավ եւս մեկ դպրոց, իսկ աշակերտների թիվը հասել էր 412-ի:

Քեղիի բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Քառքաձոր թաղամասում, որտեղ էին գտնվում նաեւ Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սարգիս եւ պատրիարքարանի կենտրոն համարվող Ս. Հակոբ եկեղեցինները: Հուշարձաններով հարուստ Քեղիում էին գտնվում նաեւ երկու հրաշալի Ս. Աստվածածին եւ Ս. Նշան մատուռները: Տեղի հայտնի սրբատեղիներից Սուրբ Փրկիչը եւ Ս. Կիրակոս վանքերը՝ մահմեդականների համար եւս համարվում էին սրբավայրեր:

Քեղիում է գտնվում հայտնի ս. Աստվածածին սրբավայրը, որը Սետեխառում լեռան ստորոտից բխող աղբյուր է: Քաղաքից 1-1,5 կմ հեռավորությամբ, ժայռոտ լեռան բարձր գագաթին կառուցված հին բերդը՝ Քղիի ամրոցը, կամ ինչպես նշվում է հայկական աղբյուրներում՝ Կողոբերդը: Այն եղել է Արշակունի սեպուհների նստավայրը եւ կառուցված է եղել նրանց կողմից՝ IV դարում։ Այսօր այն պայթեցնում են տնտեսական աշխատանքների համար: Իսկ թուրքական համապատասխան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում:

Քղի գավառի բնակչության

տեղաբաշխումը՝ ըստ գյուղերի եւ թվաքանակի

Սա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են Քղիի գավառի հայկական գյուղերը եւ այդ գյուղերում գործող հայկական եկեղեցիները: Ցավալի է, բայց այստեղ նշված բոլոր սրբատեղիները այսօր քանդված են:

Աբվանք-Չիչեքթեփե. 30 ընտանքի, 178 անձ,

Ագաշենգիլի. 14 ընտանիք, 130 անձ,

Աքփընաք. 70 ընտանիք, 457 անձ, Ս. Հակոբ եկեղեցի,

Ախփուզութ-Դուրանլար. 17 ընտանիք, 79 անձ, Ս. Գեւորգ եկեղեցի,

Աքրագ-Յոլգուդան. 50 ընտանիք, 350 անձ, Ս. Աստվածամայր եկեղեցի,

Ալթընհուսեյին. 7 ընտանիք, 96 անձ, Ս. Աստվածածին եկեղեցի,

Արմարիչ-Այանօղլու, 20 ընտանիք:, 139 անձ, Ս. Վարդան եկեղեցի,

Արեք-Էսքիքավաք. 170 ընտանիք, 1165 անձ, Ս. Հովհաննես եկեղեցի,

Արինչ-Կուզօղլու. 37 ընտանիք, 215 անձ, Սուրբ

Փրկիչ եկեղեցի,

Աստղաբերդ-Ադաքլը. 113.828 անձ,

Ավուրթունգ-Նաչաքլը. 27 ընտանիք, 163 անձ,

Ջան-Ջան. 32 ընտանիք, 249 անձ,

Ջանաքչը. 177 ընտանիք, 1.216 անձ,

Գարիբաս-Լիսթեդե. 21 ընտանիք, 116 անձ,

Չելեբի. 12 ընտանիք, 100 անձ,

Գերմե. 24 ընտանիք, 175 անձ,

Գիֆթլիք. 40 ընտանիք, 390 անձ, Ս. Գեվորգ եկեղեցի,

Քոմաք. 7 ընտանիք, 55 անձ,

Դարման-Բալգարփընար. 330 ընտանիք, 1.843 անձ, Ս. Սարգիս եկեղեցի,

Դինեք-Աքըմլը. 26 ընտանիք, 214 անձ,

Ճերմակ-Յելդեղիրմենի. 113 ընտանիք, 791 անձ, Ս. Գեւորգ եկեղեցի,

Հաքուսթում-Թոփրաքլը. 62 ընտանիք, 421 անձ, Ս. Խաչ եկեղեցի,

Հերդիֆ. 100 ընտանիք, 700 անձ, Ս. Գեւորգ եկեղեցի,

Հերգեփ-Բիլեքայա, 2 ընտանիք, 14 անձ,

Հոգհաց-Դահըլչա. 64 ընտանիք, 448 անձ, Ս. Աստվածածին եկեղեցի,

Ինք-Այշաքլը. 6 ընտանիք, 30 անձ,

Ճըբուռգյուղ-Գյունեյագիլ. 56 ընտանիք, 340 անձ,

Քարաբեք-Քարաբեյ. 40 ընտանիք, 320 անձ, Ս. Մինաս եկեղեցի,

Քերբոզ-Քուսբայըրը. 57 ընտանիք, 352 անձ, Ս. Սարգիս եկեղեցի,

Խաչատուր-Քութլուջա. 8 ընտանիք, 56 անձ,

Խասգյուղ-Հասքյոյ. 5 ընտանիք, 29 անձ,

Հազի-Քադըքյոյ. 25 ընտանիք, 122 անձ,

Խոլխոլ-Յալադերե. 6 ընտանիք, 53 անձ,

Խորսագ-Հարսակ. 114 ընտանիք, 798 անձ, Սուրբ Մինաս եկեղեցի,

Խաչքար-Սաբջաք. 21 ընտանիք, 168 անձ,

Խուբեք-Հաքթանըր. 11 ընտանիք, 77 անձ,

Խոիփս-Յազգյունու. 250 ընտանիք, 1. 750 անձ, Սուրբ Կարապետ եւ Սուրբ Սարգիս եկեղեցիներ,

Քեղի-Քըղը գավառակ. 396 ընտանիք, 2.006 անձ, Ս. Սարգիս եւ Ս. Գրիգոր եկեղեցիներ,

Քուզուլչուբուխ-Քըզըլչուբուք. 20 ընտանիք, 141 անձ, Սուրբ Հակոբ եկեղեցի,

Լեք-Աքբուդաք. 10 ընտանիք, 47 անձ, Ս. Սարգիս եկեղեցի,

Լիչեք-Լիչիք. 42 ընտանիք, 384 անձ, Ս. Սարգիս,

Մելիխան-Դյոսենգի. 48 ընտանիք, 398 անձ, Ս. Աստվածածին,

Մուսրում-Սարըխան. 3 ընտանիք, 22 անձ,

Օղնաթ-Գոյնուք. 104 ընտանիք, 684 անձ,

Օրոր-Գյոքչելի. 72 ընտանիք, 524 անձ, Ս. Գեւորգ,

Սաքաձոր-Քուշլուջա. 73 ընտանիք, 456 անձ, Ս. Սարգիս,

Սեխհանք-Դոշլուջե. 22 ընտանիք, 179 անձ,

Սեգեֆիլ-Աչըքգյունեյ. 117 ընտանիք, 658 անձ, Ս. Նշան եկեղեցի,

Շարուք-Սարըքուշաք. 23 ընտանիք, 206 անձ,

Շեն-Շենքյոյ. 18 ընտանիք, 128 անձ,

Յոլմեզ-Օլմեզ. 17 ընտանիք, 101 անձ:

Քեղիի Արեք-Էսքիքավաք գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ վերածված անասնագոմի

Քեղիի հայ բնակչությունը եւս պարբերաբար ենթարկվել է հալածանքների, բռնի կրոնափոխության, բնաջնջման: Իսկ հարյուրավոր քղեցի տարագիր հայերի ճակատագիր մեզ այդպես էլ մնում է անորոշ: «Le Genocide Des Armeniens» գրքում մանրամասնորեն նկարագրված են քղեցիների տանջանքները, որոնք ամիսներ շարունակ ենթարկվել են անմարդկային չարչարանքների, դարձել սովի ու համարճարակի զոհ: Դեպի Ռասուլ-Այնա 3000 աքսորյալներից ամիսներ հետո կենդանի մնացած 300 անձանց հետքը վերջնականորեն բնաջնջելու համար նրանք տարվել են Դեր-Զորի անապատ, որոնց մասին այլեւս ոչ մի տեղեկություն: Ականատեսները պատմում են, որ մինչ տեղահանությունը, արդեն իսկ սպանվել էին հազարավոր քղեցիներ, 461 կին, երեխա եւ օրիորդ մահեդականների կողմից գերեվարվել էր: Հարազատների աչքերի առջեւ թուրքերը Չան գյուղում սպանել էին 3000 մարդ, Քարաքոջանում՝ 2500, Բալուի կամրջի մոտ՝ 10 000, Խարբերդի մոտակայքում՝ 13 000 հայերի: Շատերի ճակատագիրն էլ գրվեց անհայտության էջերի վրա:

Տեղահանության, ջարդերի ու աքսորի մասին ամենախոսուն վկայությունները վերաբերում են հենց Քեղիի հայությանը: Այստեղ հալածանքները կրել են պարբերական բնույթ, իսկ տեղի հայությունը ջարդերից ու մահմեդականացումից խույս տալու համար հայացքն հառել է դեպի արեւմուտք: Բացի հարյուրավոր աղբյուրներից, այս մասին է վկայում նաեւ «Տիտանիկի» զոհերի ցուցակը: Ըստ որի, բոլոր հայ ուղեւորները Քեղիից էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել