Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Մայիս 14,2010 00:00

\"\"Մի քանի հոգով նորաձեւություն ստեղծելու փոխարեն՝ պետք է երիտասարդներին արտահայտվելու հնարավորություն տալ

«Հայկական նորաձեւությունը հուսալի ձեռքերում է». այս կարծիքին է Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի տնօրեն Սերգեյ Քոչարյանը:

Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ քոլեջի ուսանողների անհատական աշխատանքների ցուցադրությունը:

Ուսանողները ներկայացել էին առօրյա, ավանգարդ, երեկոյան եւ ազգային հագուստներով:

Աշխատանքներում շատ էին առօրյա, երիտասարդության կողմից սիրված սպորտային հագուստները, իսկ երեկոյան զգեստների մեծամասնությունը համապատասխան գլխարկներով էին, որոնց առատությունը անզեն աչքով էլ նկատելի էր: Ցուցադրությունն առանձնացավ նաեւ փոքրիկ երեխաների բեմելներով՝ մինչեւ 3-4 տարեկան աղջիկների եւ տղաների, որոնցից մեկն անդադար լաց էր լինում, ամենափոքրիկն էլ վայր ընկավ, ինչը հանդիսատեսի մեծ արձագանքին արժանացավ: Նկատենք, որ հանդիսատեսը ոչ այնքան մեծ ոգեւորությամբ դիմավորում էր հագուստները, որքան՝ փոքրիկ երեխաներին:

Ցուցադրությունը պատշաճ չէր պատրաստվել նաեւ մոդելների ընտրության հարցում: Մոդելների դերում հանդես եկան մի քանի գեր աղջիկներ, որոնք դահլիճում նստած հանդիսատեսին, կարելի է ասել, զվարճացրին իրենց բեմելով: Պրոֆեսիոնալ մոդելներ ցուցադրությանը չկային. կամ քոլեջի մյուս կուրսերի ուսանողներն էին մոդելների դերում, կամ անձամբ իրենք՝ մոդելավորողները:

«Առավոտի» հետ զրույցում Ս. Քոչարյանը նկատեց, որ նախնական փուլերում էլ են այդ ոչ մոդելային արտաքին ունեցող աղջիկները ներկայացել եւ ինքն անձամբ արգելել է նրանց մասնակցել. «Թե ինչպե՞ս էին այդ մի քանիսը արանքից պլստացել, պոդիում դուրս եկել, ես էլ չգիտեմ: Ախր, նրանց կառուցվածքն այնպիսին չէ, ես բազմիցս ասել եմ, դեռ շատերին էլ արգելել բեմ դուրս գալ: Նկատողություն արեցի մոդելավորողների ղեկավարներին, ասում են՝ աղջիկները ցանկացել են իրենք իրենց հագուստները ցույց տալ…»:

Նրա փոխանցմամբ, նորաձեւության ցուցադրությունը կրում է ամենամյա բնույթ: Իսկ հագուստների եւ հավաքածուների վրա ուսանողները սկսում են աշխատել սեպտեմբեր ամսից: Տնօրենի խոսքով, վերջնական ցուցադրությանը մասնակցում են հարյուրավոր ուսանողներից լավագույնները. «Ընտրությունը մեծ է եղել ու բարդ: Մի քանիսն անգամ նեղացել են, որ այդքան աշխատում են, բայց հնարավորություն չեն ստանում ցուցադրվելու: Հենց նոր մի ծնող բողոքում էր. ասում՝ իմ աղջկան ինչու չեք թողել մասնակցի, այնքան հագուստներ ունի կարած, մեկը մեկից լավն է: Ես էլ պատասխանում եմ, որ հաջորդ տարի դուրս կգա: Ամեն ծնող չի հասկանում, որ միայն տեսքով չեն գնահատում հագուստի լավ կամ վատ լինելը»:

Ըստ նախնական հայտարարության՝ պետք է լիներ մրցույթ-ցուցահանդես, սակայն այդպես էլ մրցույթը չկայացավ եւ լավագույնները չհայտարարվեցին: Ս. Քոչարյանն այս առիթով պարզաբանեց. «Մրցույթը կայացավ, բայց չընտրվեցին լավագույնները: Կար ժյուրի, որը ցուցադրության ընթացքում նշումներ կատարեց: Մի քանի օրից արդեն նրանք կամփոփեն եւ կասեն արդյունքները: Դրանք զեկուցագրով կներկայացնենք մշակույթի նախարարություն: Իսկ մրցույթը կանցկացվի 5 անվանակարգերում՝ ամենօրյա, երեկոյան, կոկտեյլ, ավանգարդ եւ մանկական»:

Ի դեպ, ժյուրիի կազմում Երեւանի գեղարվեստի ակադեմիայի դասախոսներն էին: Ցուցադրությանն իրենց աշխատանքներով ներկայացել էր նաեւ Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջը: Ըստ քոլեջի նկարչության եւ ոճերի պատմության դասախոս Նունիկ Հակոբյանի, ամեն տարի Վանաձորը մասնակցում է. «10 նմուշով էինք ներկայացել՝ «Գարնանային ռոմանտիկա» հավաքածուով»: Գնահատելով թեթեւ արդյունաբերության քոլեջի ուսանողների աշխատանքները, նա ասաց. «Շատ են կրկնվում, ամեն ինչ նույնն է: Այսինքն՝ ցուցադրում են այն, ինչ կա: Բայց չէ՞ որ նորաձեւություն բառը հուշում է նորույթ՝ նոր ձեւով: Մեր հավաքածուն, համենայնդեպս, շեշտադրությունը դրել է չկրկնվելու վրա»:

Ինչ վերաբերում է հայկական նորաձեւության ներկա վիճակին, Ն. Հակոբյանը նշեց. «Չորս կողմից ասում են՝ չունենք նորաձեւություն: Բայց թող ամեն ամիս լինեն նման ցուցադրություններ, տեսեք՝ ինչպես կզարգանա այս ոլորտը: Ուղղակի պետք չէ մի քանի հոգով նորաձեւություն ստեղծել: Պետք է նոր սերնդին էլ ինքնաարտահայտվելու հնարավորություն տալ»:

Կա արդյո՞ք Հայաստանում բարձրաճաշակ նորաձեւություն, Ս. Քոչարյանի հավաստմամբ՝ այո. «Արագ են աճում, այնպիսի մտքեր ունեն, զարմանում ես: Մի քանի ամիս առաջ մեր ուսանողներից երկուսն ինտերնետով մասնակցեցին մրցույթի, երկրորդ կարգի մրցանակ ստացան: Այնպես որ, նորաձեւություն կա, աճում է, զարգանում է, թող ոչ ոք առանց տեղեկանալու չխոսի հակառակի մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել