Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղրղզները չեն խաղաղվում

Մայիս 14,2010 00:00

\"\"Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հինգշաբթի հայտարարել է, որ կվերականգնի երկրի հարավում գտնվող Օշի մարզի նկատմամբ վերահսկողությունը: Ավելի վաղ Օշի նախկին մարզպետի համակիր մի քանի հարյուր մարդ, հիմնականում՝ կանայք, իրենց վերահսկողության տակ էին առել տեղական վարչակարգի շենքը: Ի դեպ, դա տեղի էր ունեցել առանց գրոհի կամ ուժային գործողության: Հանրահավաքի մասնակիցներն ուղղակի ստիպել էին Օշի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սոորոնբա Ժեենբեկովին՝ լքել վարչակարգի շենքն ու իր պաշտոնին էին վերադարձրել նախկին մարզպետ Մամասադիկ Բակիրովին: Այդ մասին փոխանցում է BBC-ն՝ հավելելով, որ մարզպետարանի աշխատակիցները մնացել են իրենց զբաղեցրած պաշտոններում: Շենքի ներսում ջարդարարություն, կողոպուտ չի եղել, իսկ ոստիկանությունն էլ նախընտրել է տեղի ունեցածին չմիջամտել: Միաժամանակ, աղբյուրի մատուցմամբ, Օշի բնակիչները, իրենց ասելով, հոգնել են ներկայիս կառավարության կողմնակիցների եւ ընդդիմախոսների անվերջ հանրահավաքներից եւ իշխանության վակուումից: Նրանք կարծիք են հայտնել, թե ժամանակավոր կառավարությունը չի արձագանքում եւ չի տիրապետում երկրի տարածաշրջաններում ստեղծված վիճակին: Ժամանակավոր իշխանություններն արդեն հայտարարել են, թե մտադիր են օրենքին համապատասխան միջոցներ ձեռնարկել Օշում իրավիճակը կայունացնելու եւ ռեւանշի որեւէ փորձ կասեցնելու համար: Օշում ժամանակավոր կառավարության հրաժարականը պահանջող ղրղզները պահանջում են նաեւ վերադարձնել պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւին եւ կալանքից ազատ արձակել ՆԳ նախկին նախարար Մոլդոմուս Կոնգանտիեւին:

Ղրղըզստանում ստեղծված՝ Կուրմանբեկ Բակիեւի պաշտպանության կոմիտեն, սակայն, հայտարարել է, թե որեւէ կապ չունի Օշում ծավալվող իրադարձությունների հետ՝ հայտարարելով, թե այդ մարզում հանրահավաքների կազմակերպիչները մարզպետի կողմնակիցներն են, որոնք դժգոհ են ժամանակավոր մարզպետի գործունեությունից: Այդուհանդերձ, ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան հայտարարել է, թե քաղաքական առանձին խմբեր փորձում են ապակայունացնել վիճակն ու Բիշքեքում բողոքի ակցիաներ են կազմակերպում: Դրանք կազմակերպելու մեջ Օտունբաեւան մեղադրել է արտերկրում բնակվող ղրղզ գործարար Արմատ Բարիկտաբասովին եւ Բիշքեքի նախկին քաղաքապետ Նարիման Տուլեեւին, որի վերադարձը բիշքեքցիների մի հատվածը շարունակում է պահանջել արդեն մի քանի օր շարունակ:

Միեւնույն ժամանակ՝ Բիշքեքում բողոքի ակցիաներ են անցկացնում նաեւ ժամանակավոր կառավարության կողմնակիցները: Նրանք Բելառուսի դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ այդ երկրից պահանջել են հանձնել Մինսկում ապաստանած Կուրմանբեկ Բակիեւին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել