Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունենք քաղաքացիական հասարակություն»

Մայիս 14,2010 00:00

ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը գտնում է, որ ժամանակն է փոխել «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքը:

«Հայաստանն իր հռչակագրով, սահմանադրությամբ համարվում է սոցիալական երկիր, բայց այդպիսին կոչվելով հանդերձ, սոցիալական բեւեռացում կա, որը փաստում են ոչ միայն արհմիությունները, ժողովուրդը, պետական այրերն ու իշխանության առաջին դեմքերը, այլեւ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը: Երբ նայում ենք, թե պետությունը որքա՜ն վարկեր է վերցրել, որոնք կուտակվելու են մեր սերունդների գլխին, հասկանում ենք, որ լուրջ պրոբլեմներ կան: Մեր երկրում սոցիալական բարեկեցությունը լուծվում է ժողովրդի 5%-ի համար, այս տարիների ընթացքում միջին խավ ոչ թե ստեղծվեց, այլ ավելի շուտ տարրալուծվեց, մի քանիսը հարստացան, մի քանիսն էլ ավելի վատթար վիճակում հայտնվեցին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա չի բացառում, որ եթե ճգնաժամի պայմաններում ռուս մեծահարուստների եկամուտները կրկնակի են աճել, ապա հայերի մոտ այդ թիվը եռապատկվել է. «Շատ դեպքերում ժողովրդի շրջանում ներքին ցնցումներն առաջանում են ոչ թե արտաքին քաղաքականության փոփոխություններից, այլ ներքին սոցիալական ոչ ճիշտ լուծումներ գտնելուց: Մտահոգիչ է, երբ մի ապրանք համաշխարհային շուկայում 1% է թանկանում, այստեղ՝ 50%»: Նա, օրինակ բերելով Ղրղըզստանում տեղի ունեցած վերջին դեպքերը, նշում է, որ լուրջ պետությունը պետք է համապատասխան հետեւություն անի դրանից. «Ղրղըզստանում սոցիալական բեւեռացման խնդիրների խտացումը բերեց այնպիսի վիճակի, որ ժողովուրդը միայն ներքաղաքական ցնցումների հետ հույս կապելով՝ սկսեց խնդիրների լուծումը պատկերացնել»: Գ. Վաղարշակյանի խոսքով՝ Հայաստանն այսօր այդ ցնցման ճանապարհին է. «Երբ մարդը հիվանդ է լինում եւ անընդհատ բժշկից խուսափում է, ինչ է թե բժիշկը վատ ռեզյումե կգրի, դրանից առողջական վիճակը չի լավանում, մենք այսօր սոցիալական պրոբլեմները կուտակած՝ գնում ենք: Ստացվում է՝ անցյալը քննադատելը հեշտ է, բայց էսօրվա իրավիճակին եկեք չանդրադառնանք, որովհետեւ իշխանությունների հետ բարդություն կունենանք»:

Գ. Վաղարշակյանը նշում է, որ ՀՀ-ում օտարերկրացու կառավարման ներքո գտնվող լուրջ կենսաոլորտներում, մենատնտեսային կազմակերպություններում արհմիութենական կազմակերպություններ ընդհանրապես չկան կամ էլ եթե կան, միայն ֆորմալ բնույթ են կրում: Նա կարծում է, որ պետությունն ինքը օրենսդրական դաշտում պետք է նպաստի խոշոր կառույցներում արհմիությունների գոյությանը, բայց դա չի անում, որովհետեւ իշխանություններին ցանկալի չէ:

Ճյուղային հանրապետական միութ յան նախագահը գտնում է, որ 2000թ. ընդունված «Արհեստակցական միությունների մասին» օրենքը բարեփոխման կարիք ունի, եւ առաջին հերթին ներքին կառուցվածքային փոխոխություններ են անհրաժեշտ: Ըստ նրա, օրենքի թույլ կետերից մեկն այն է, որ 3 հոգին կարող են միավորվել եւ արհեստակցական կազմակերպություն ձեւավորել, որը փոքր թվաքանակ է, եւ լիդերի խնդիր կա: Նրա խոսքով՝ բուհական համակարգում այս խնդիրներն ավելի ակնառու են, եւ մի ստվար զանգված անպաշտպան է: Ըստ գործող օրենքի, միայն բուհերի աշխատակիցներն են արհմիության ներքո, իսկ ուսանողները ենթարկվում են ուսանողական խորհուրդներին: «Այդ քայլն էլ քաղաքական նկատառումներից ելնելով էր արված, որպեսզի ուսանողները պետական դաշտի ներքո լինեն եւ ակտիվության չդիմեն»,- ասում է մեր զրուցակիցը: Նաեւ հավելում, որ հատկապես մասնավոր բուհերում արհմիության հետ համագործակցության որեւէ եզր չկա. «Խնդիրը լավագույն դեպքում ռեկտորին է հասնում, ինքն էլ ասում է՝ խնդիրը դռնից դուրս չգա»: Հարցրինք՝ եղե՞լ են աշխատակիցներ, որ դիմել են արհմիությանը եւ համապատասխան աջակցություն ստացել: Պարոն Վաղարշակյանը նախ ասաց, որ խնդրի դեպքում առաջին հերթին դիմում են բուհի արհկոմին, իսկ իրենք համակարգային խնդիրներով են զբաղվում, օրինակ՝ արձագանքում են աշխատավարձերի ուշացմանը: Ավելի ուշ հայտնեց, որ արհեստակցական միություններին դիմելու կուլտուրա առանձնապես չկա. «Քանի դեռ չունենք քաղաքացիական հասարակություն, շահերը ոտնահարվում են, մարդը չի ուզի իր ղեկավարին բարձրաձայնի, որովհետեւ աշխատանքը կորցնելու խնդիր կա, հետեւաբար աշխատողը պատրաստ է օրվա հացից չզրկվելու համար ամենավատթար պայմաններում աշխատել: Իսկ դա էլ շահագործման ամենից ուղիղ ճանապարհն է դառնում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել