Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈ՞ՂՄ, ԹԵ՞ ԴԵՄ

Մայիս 14,2010 00:00

Ռուսական դպրոցների բացման հարցում տարաձայնությունները չեն մարում

\"\"Երեկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում (ԵՃՇՊՀ) տեղի ունեցավ «Ռուսերենը՝ որպես միջազգային կապերի իրագործման միջոց ժամանակակից կրթադաշտում» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը: ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ զանազան թեմաներով ռուսերեն զեկուցումներ էին պատրաստել, որոնք հետո զարգացվեցին սեկցիոն քննարկումներում:

Քանի որ ներկայումս շատ է խոսվում ռուսական դպրոցների ստեղծման մասին, դեմ եւ կողմ կարծիքներ են հնչում, համալսարանի ռեկտոր, Ռուսաստանում սովորած շրջանավարտների միության նախագահ Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունի՞, որ այս նախաձեռնությունը կդիտվի որպես ակցիա՝ ի պաշտպանություն ռուսական դպրոցների վերաբացման: Ռեկտորը պատասխանեց. «Յուրաքանչյուր ազգ պիտի մտածի մայրենի լեզվով: Ուստի բոլոր տեսակետներից կարեւոր է հայերենի իմացությունը՝ հատկապես սկսած առաջին դասարանից, ինչը, ցավոք, երբեմն բացակայում է: Պարադոքսալ դեպքեր կան, երբ ուսանողներն առաջին կուրս են գալիս եւ իրենց անուն-ազգանունը տառասխալով են գրում: Ես միշտ դեմ եմ եղել եւ լինելու եմ՝ մայրենի լեզվի հաշվին ուրիշ լեզուներ սովորելուն: Բայց նաեւ կողմ եմ լինելու այլ լեզուներ խորապես իմանալուն: Ես եւ իմ երեխաներն ավարտել ենք հայկական դպրոց՝ այն ժամանակ, երբ ռուսական դպրոցները մոդայիկ էին: Բայց հետո սովորել եմ ռուսերեն: Այս պարագայում ոչ թե հարցերը պետք է հակադրել, այլ համադրել: Ոչ թե պիտի խոսել հայերենի հաշվին ինչ-որ այլ լեզուներով դպրոցներ ստեղծելու մասին, այլ պիտի լինեն հայկական դպրոցներ, բայց խորացված լեզուների իմացությամբ»: Դառնալով ի պաշտպանություն ռուսական դպրոցների բացմանը գիտաժողովով ակցիա անելու տպավորությանը, պարոն Թոքմաջյանը պատասխանեց. «Չեմ մտածում նման բաների մասին, քանի որ կարծում եմ, որ այսպիսի նախաձեռնությունները միշտ օգտակար են»:

Ի տարբերություն ռեկտորի՝ «Առավոտի» զրուցակից ուսանողները կողմ էին ռուսական դպրոցների բացմանը: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Ասատրյանը, որը հանդես եկավ «Հայկական դպրոցում ռուսերենի դասավանդման հաղորդակցական ուղղվածությունը» թեմայով զեկուցմամբ, «Առավոտին» ասաց. «Ռուսական դպրոցների բացումը ճիշտ է: Ռուս-հայկական կապը եղել է եւ կլինի, որքան էլ չընդունենք, բայց մենք միշտ էլ ամեն ինչով կախված ենք Ռուսաստանից: Ուստի, ճիշտ է, որ դպրոցում ուսուցանվի ռուսերեն լեզուն ավելի մեծ ժամաքանակով եւ հատկապես ուշադրություն դարձվի խոսակցականին»: Մեր այն դիտարկմանը՝ արդյո՞ք ուսանողուհին չի կարծում, որ ռուսական դպրոցների բացման դեպքում կտուժի մայրենին, նա պատասխանեց. «Մտավախություն չեմ տեսնում, քանի որ միշտ էլ ճիշտ հայերեն խոսելը պրոպագանդվում է եւ կարծում եմ՝ դժվար թե նման բան լինի, քանի որ մենք՝ որպես պետություն, ունենք մեր լեզուն ու կրոնը»:

Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանողուհի Ստելլա Հարությունյանն էլ, որ ցանկացավ «Առավոտի» հարցերին պատասխանել ռուսերեն, նշեց. «Դրական եմ համարում ռուսական դպրոցների բացումը, քանի որ ռուսերենը հայերիս կյանքում միշտ էլ խաղացել է կարեւոր դեր: Եթե չգիտես ռուսերեն եւ եթե երեխան ռուսերենի գիտակցությամբ չի ձեւավորվում, ապա նա կարիերայի, հեռանկարների հնարավորութունից զրկվում է: Ես չեմ ժխտում, որ մայրենի լեզուն պետք է իմանալ, պիտի լավ իմանալ: Ի վերջո, դա նաեւ տվյալ անձի իրավունքն է՝ տանել իր երեխային այն դպրոցը, որը նա ցանկանում է: Ցավոք, երբ լսում ես ռուսական դպրոցների բացմանը դեմ արտահայտվողներից շատերին, տեսնում ես, որ նրանց հայերենը ոչ բավարար մակարդակի վրա է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել