Լրահոս
Օրվա լրահոսը

33. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Մայիս 14,2010 00:00

\"\"
Տեսարան Թեղուտ գյուղից։«

\"\"
Իմպուլս» ռադիոկայանի աշխատակիցներ Դավիթ Խումարյանը, Ալա Աբովյանն ու հիմնադիր-տնօրեն Կորյուն Խումարյանը մոնտաժում են հերթական ռադիոհաղորդումը։

Շենքի 6-րդ հարկում տեղակայված «Իմպուլս» ռադիոկայանի հիմնադիր-տնօրենը անվանի լրագրող Կորյուն Խումարյանն է: Կորյունի համար անսպասելի էր այցս:

– Սեպտեմբերից սկսած ճանապարհորդում եմ Երեւանի մի ծայրից մյուս ծայրը, ռեպորտաժներ տպագրում «Առավոտում»,- ասացի ես,- ձեր շենքին եմ հասել։

Այստեղ էին նաեւ Կորյունի կինը՝ Ալա Աբովյանն ու որդիները՝ Գարիկն ու Դավիթը: Տղաները բանակում են ծառայում, ու հենց արձակում են ստանում, առաջին հերթին հայտնվում են ռադիոկայանում, օգնում ծնողներին պատրաստելու հերթական հաղորդումը: Իսկ Ալան, որը Հանրային ռադիոյում խմբագիր-հաղորդավար է աշխատում, իր 27-ամյա հարուստ փորձով օգնում է ամուսնուն:

«Մայակ» լրատվական ռադիոկայանի հայաստանյան սեփական թղթակից Կ. Խումարյանը 1998 թ. ծրագրով մասնակցեց բացված հաճախականության համար հայտարարված մրցույթին ու շահեց այն: Նման քայլին գնալու առիթը 1995-ին «Մայակի» հաղորդումները եթերից հանելն էր: Մտածում էր ստեղծել մի ծրագիր, որի միջոցով ռադիոունկնդիրներին հասցվեր «Մայակի» լրատվությունը: Կորյունի համար կարեւոր էր օգնել հասարակությանը՝ վերադառնալու ազգային արմատներին: Նա տեսնում էր, որ ռադիոեթերը դարձել է ամերիկյան երաժշտության ու ապրելակերպի քարոզչության միջոց, որը նորմալ երեւույթ համարվել չէր կարող: Ընտանիքի անդամներից բացի, խմբագրությունում ընդգրկեց ընկերների, առավել ունակ ուսանողների: Կորյունը դասավանդում է Երեւանի պետական եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանների ժուռնալիստիկայի ֆակուլտետներում: Ուսանողները դասերը անց են կացնում ռադիոկայանում, որտեղ սովորում են ռեպորտաժներ գրել, ձայնագրել, մոնտաժել: Ռադիոկայանի երաժշտական քաղաքականությունը ապահովում է «Ակունք» անսամբլի գեղարվեստական ղեկավար Հարություն Փանոսյանը:

– Ինչո՞ւ եք ռադիոկայանի անունը «Իմպուլս» դրել,- Կորյունին դիմեցի ես:

– Մեր նպատակն էր հաղորդումների միջոցով ազդակ տալու երկրին, հասարակությանը, որ գան ազգային արմատներին:

– Մեր հիմնական կարգախոսն է. «Տուն դառնալու ժամանակն է»,- ասաց Ալան:

– Շոու-բիզնեսը փոփոխություններ է կրում,- ասաց Դավիթը,- գործընթացն արդեն գնում է, ետ ճանապարհ չկա, «տուն դառնալը» շարունակվում է: «Իմպուլսը» ամբիոն է տրամադրում մշակույթի, գիտության այն գործիչներին, որոնք ասելիք ունեն, սակայն նրանց ասելիքը տեղ հասցնելու հնարավորություն չի տրվում:

Ավագ որդին՝ Գարիկը 15 տարեկանից կապվել է ռադիոկայանի հետ, որն էլ հիմք դարձավ, որ նա ժուռնալիստականում սովորի: Շուտով նա կպաշտպանի «Լրատվական պատերազմները» թեկնածուական թեզը:

– Եթե շարունակվի զարգացումը, «Իմպուլսի» ռազմավարությունը կստեղծի բաց ռադիոկայան բոլորի համար,- ասաց Դավիթը,- կվերածվի իրական հասարակական ռադիոկայանի:

– Իսկ ի՞նչ պետք է անի մարդը «տուն» դառնալուց հետո,- ասաց Կորյունը,- կարծում եմ, որ «Քայլ» ու «Լուսամուտ» հաղորդաշարերը, որոնք շաբաթօրյա են, ամենօրյա կդառնան:

– Մեր «Լուսամուտը» պետք է ավե լի լայն դարձնենք, ավելի հասարակական դարձնենք,- ասաց Դավիթը:

– Բայց դա չպետք է գաղափարախոսության հաշվին լինի,- ասաց Կորյունը,- Թուրքիայի հետ կապված մենք պետք է փոփոխենք հաղորդումների բնույթը: Կարող ենք գնալ Թուրքիա եւ մեր ազգակիցների մասին հաղորդումներ պատրաստել: Հայախոս գյուղեր կան, որտեղ պահպանվել է հարյուր տարի առաջվա բարբառը, մշակույթը: Հայրիկ Մուրադյանի ժամանակ Հարությունը հետաքրքրվում էր Թուրքիայի հայկական խմբերով: Աբխազիայում ապրող երաժիշտների գործերն էին հաղորդում, որից էլ սկսվեց հետաքրքրությունը Թուրքիայի վարչական տարածքում գտնվող Համշենով: Եփրատի ափին ապրող մի երիտասարդ, անունը՝ Գուսան Սեւան, եկավ, գտավ մեզ: Մեղվաբույծ է: Չավուշի մասին երգեր ուներ, կարծում էր, թե Չավուշը քուրդ է, ինքը թուրքերեն էր երգում, հայերեն չգիտեր, բայց գիտեր, որ ինքը հայ է: Հիմա իր ու եղբոր երեխաներին հայերեն է սովորեցնում: Արդեն զգում եմ, որ մեր աշխատանքը արդյունք է տալիս:

– Իսկ ի՞նչ հաղորդաշարեր ունեք:

– «Ակունքը» Հարություն Փանոսյանն է վարում, «Զրույցներ հոգեւոր երաժշտության մասին» հաղորդաշարը վարում է տաղանդավոր երգչուհի Աննա Մայիլյանը։ Ես շատ բարձր եմ գնահատում նման կարգի արվեստագետի հետ համագործակցելը: «Շարականը» վարում են Էջմիածնի հոգեւոր ճեմարանի ուսանողները: «Ասալան» հայ գաղտնի բանակի պատմությունն է, «Գյուլիստան նամե» հաղորդաշարը ձերն է, որը ունկնդիրների խնդրանքով նորից ենք եթեր տալիս, նույնն էր «Հարյուր տարվա երկխոսություն» հաղորդաշարի հետ: «Ճանաչողությունը» քրիստոնեական հաղորդաշար է: Բոլոր հաղորդումները համեմված են ազգային երաժշտությամբ: «Գուսաններ» շարքում անդրադառնում ենք հին ու նոր գուսաններին: «Հանգանակը» եւս երաժշտական թեքում ունի: «Հայ դատի հանրագիտարանը» մասնագետներ են վարում, «Հայրենապատումը» աշխարհի հայ գյուղերի մասին է, «Հերոսապատումը»՝ զոհված ազատամարտիկների մասին, «Մռավի ղողանջները» նույնանուն թերթի խմբագիր Կիմ Ղահրամանյանն է վարում:

– Իրոք, որ հսկայածավալ գործ եք ծավալել ձեր փոքրիկ ռադիոկայանում: Իսկ ռադիոկայանը նյութական ի՞նչ աղբյուրներ ունի:

– Հայաստանյան գովազդատուն կարծում է, թե լսարանը թեթեւ հաղորդումներ է սիրում, ու իբր ազգային խնդիրների շուրջ հաղորդումները, երաժշտությունը միայն տարեցներին են հետաքրքրում, ու դա է պատճառը, որ նրանք իրենց գովազդը տեղադրում են արտասահմանյան թեթեւ երաժշտություն հաղորդող ռադիոկայանների հաղորդումներում: Համոզված կարող եմ ասել, որ մեր ունկնդիրների մեծ մասը երիտասարդներ են, որոնք պարբերաբար խնդրում են հաղորդել ազգային խորքերից եկող երաժշտությունը: Դրանք դպրոցականներ են, ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, մտավորականներ: Դրանք վերազարթոնքի սերմերն են:

– Ո՞նց եք նյութապես պահում ռադիոկայանը:

– Եթե պահանջները մեծ չեն, հարստանալու նպատակ չես դրել քո առաջ, ապա բավականին հեշտ է ռադիոկայան պահելը: Հեղինակներին, ընթերցողներին չենք վարձատրում: Դա մեղք է, բայց ի՞նչ արած, նման հնարավորություն չունենք: Գումար ենք ծախսում էլեկտրականության, տեխնիկական ծառայողների, աշխատակիցների համար: Չնչին եկամուտներ ենք ունենում գովազդից, եթերից օրական կես ժամ վաճառում ենք BBC կորպորացիային, երբեմն Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն է հաղորդում պատվիրում: Այսպես պահում ենք ռադիոկայանը: Զգում ենք, որ հասարակության համար շատ կարեւոր են մեր հաղորդումները:

Շենքի 5-րդ հարկում վերապատրաստման «Էմիլիա» անունով կենտրոն էր եղել, որի հետ ՀՀ սպառողների ասոցիացիան ու ՀՀ կառավարությունը խնդիրներ ունեին: Այստեղ մետաղյա դուռը մշտապես փակ էր լինում, դռան մոտ՝ խմբված մարդիկ, որոնք դարձել էին կենտրոնի տնօրեն Ասյա Աբրահամյանի խաբեության զոհը: Մի քանի ամիս առաջ մետաղյա ճաղավոր փակ դռան առաջ հանդիպել էի կապիտանի ուսադիրներով ՊՆ աշխատակցի, որը անընդհատ զանգում էր ու կենտրոնի տնօրենից ետ պահանջում իր տված ուսման վարձը, քանի որ դասընթացներ չեն եղել, իսկ երկու երիտասարդ դասախոսները պահանջում էին դասախոսության դիմաց հասանելիք աշխատավարձը, որովհետեւ տնօրենը 70 հազարի դիմաց միայն 10 հազար էր վճարել: Այստեղ էին նաեւ մայր եւ որդի Սոնան ու Նիկիտան, որոնք եւս ետ էին պահանջում իրենց տված ուսման վարձը, քանի որ դասընթացների չեն մասնակցել: Հարյուրավոր քաղաքացիներ նման խնդիրներ ունեին կենտրոնի տնօրենի հետ: Ու ես զարմանում էի, որ քաղաքի իրավական մարմիններն անտարբեր էին նման խնդիրների նկատմամբ: Վերջապես, այս խնդրով սկսեցին զբաղվել ՀՀ կառավարության Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունն ու «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Ա. Պողոսյան):

Տարածքն այլ կազմակերպության է տրված։

Սակայն այս խնդիրը մեկ այլ կողմ էլ ունի։ Ասյա Աբրահամյանը միայնակ մայր է ու փոքրիկ երեխա ունի։ Նա կրթական ոչ լիարժեք գործունեությամբ միջոցներ էր հայթայթում իր ընտանիքի խնամքի համար։ Սակայն նա հաճախ դիմում էր խարդախ ու անազնիվ միջոցների, որը շատ ավելի վտանգավոր է իր եւ իր երեխայի ճակատագրի համար։ Բայց մի՞թե գոյության համար միջոցներ ստեղծելու միակ ճանապարհը արկածախնդրությունն է։ Այս մասին ես չէի անդրադառնա, եթե Ասյան եզակի օրինակներից լիներ։ Հազարավոր մարդիկ իրարից պարտք են վերցնում ու հրաժարվում են վերադարձնել։ Հետաքննչական մարմիններում ու դատարաններում նման հազարավոր գործեր են կուտակվել։ Իսկ դրանցից հարյուր անգամ ավելի դեպքեր կան, որոնք ոչ մի տեղ չեն արձանագրվել։ Մարդիկ իրար թշնամի են դառնում, որն էլ, ի վերջո, մարդկանց մեջ մտածելակերպի, իրար նկատմամբ հավատի մեջ բացասական իմաստով փոփոխություններ է մտցնում։ Մարդը մարդուն այլեւս չի հավատում։ Այն նպաստում է երկրում բարոյա-հոգեւոր անկմանը, որի հետեւանքներից են կոռուպցիան ու դրան հետեւող մյուս աղետները՝ աղքատությունը, տնտեսական եւ երկրի պաշտպանունակության անկումը։

Մյուս հարկերում սենյակները վարձակալությամբ տրվել են տարբեր կազմակերպությունների։ Մի քանի սենյակ զբաղեցրել է մասնավոր մի համալսարան։ Ինքս դասավանդում եմ մասնավոր մի համալսարանում՝ Երեւանի մենեջմենթի համալսարանում ու ծանոթ եմ մասնավոր բուհերի դժվարություններին։ Մեր համալսարանը վերջերս հարմարավետ շենք է ձեռք բերել ու ամբողջությամբ տեղափոխվել այնտեղ։ Մասնավոր բուհերից մի քանիսն են, այդ թվում՝ ԵՄՀ-ն, որոնք կրթության որակով ետ չեն մնում պետական բուհերից։ Մնացած բուհերը կրթության որակով ու շենքային պայմաններով ոչ միայն չեն համապատասխանում այսօրվա պահանջներին, այլեւ փակման են ենթակա։ Ինչպես երեւում է, կրթության նախարարությունը վճռական է տրամադրված դրանց մի մասը փակելու հարցում։ Սակայն կա մի կարեւոր խնդիր, որը շրջանցել չես կարող։ Մասնավոր բուհերում աշխատում են հարյուրավոր դասախոսներ, մասնագետներ, մտավորականներ։ Բուհը փակելով՝ այդ մարդկանց ընտանիքները զրկում ես եկամտի աղբյուրից։ Իսկ դա իր հերթին նոր խնդիրներ է ստեղծում՝ աղքատների բանակի ավելացում, ուղեղների նոր արտահոսք…

Ես պատրաստվում էի անցնել փողոցն ու Վերնիսաժ կոչված շուկա մտնել, երբ հեռախոսով հայտնեցին, որ առավոտյան ծեգին ուսանողական խմբերի հետ պետք է Լոռի՝ ծառատունկի մեկնեմ։

Արդեն երկրորդ անգամ երեւանյան ճամփորդությունս ընդհատվում է, քանի որ կրկին ստանում եմ մի նոր ու ոչ պակաս գայթակղիչ կարճատեւ, ընթերցողների համար ոչ պակաս հետաքրքիր, ճամփորդության առաջարկություն դեպի Լոռվա սարերը: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով համաձայնեցի, մանավանդ որ, թերթի խմբագրությունը չառարկեց, ամեն ինչ թողնելով իմ ու ընթերցողի հայեցողությանը: Այսինքն, ես առաջին հերթին ճամփորդում եւ գրում եմ ընթերցողի համար, ու կարեւոր է, թե ինչքանով եմ կարողանում կանխատեսել ընթերցողի ցանկությունը ու ինչ կարող եմ տալ նրան:

Վերջին ժամանակներում հաճախ են շոշափվում Թեղուտի պղինձ-մոլիբդենային բաց հանքավայրի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրները: Մի շարք էկոլոգներ ու բնապահպանական խնդիրներին մոտ կանգնած մարդիկ մեծ աղմուկ բարձրացրին այդ հանքավայրի շահագործման դեպքում՝ 357 հա անտառի անխուսափելի հատման առիթով: Հիշում եմ, նույնիսկ հեռուստաէկրաններից հանքարդյունաբերողներին սպառնում էին Եվրոդատարանով: Լեռնարդյունաբերական ձեռնարկությունների խմբի ղեկավարության հետ հանդիպումներից պարզել եմ, որ, ըստ հաստատված ծրագրի, ծառատնկում է իրականացվում հատման ենթակա տարածքի կրկնակի չափով, այսինքն՝ Թեղուտում 714 հա ծառեր են տնկելու: Ես մասնակցել եմ բերձորյան ծառատունկերին ու համոզվել եմ, թե ուսանողության ու նաեւ երկրի համար ինչ կարեւորություն ունի այս ձեռնարկը: Մի քանի տարի հետո այստեղ կրկին այցի եկող ուսանողը փնտրում, գտնում է իր տնկած ընկուզենին կամ փշատենին ու ասում, որ այն ի՛ր ծառն է: Նա իրեն տեր է զգում ոչ միայն ծառի ու նրա գրաված հողակտորի, այլեւ հայրենի եզերքի նկատմամբ: Այս իմաստով ցանկացած ծառատունկ նաեւ ռազմավարական նշանակություն ունի եւ կաթիլ առ կաթիլ ամրապնդում է հայրենիքի անվտանգությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել