Լրահոս
Օրվա լրահոսը

«Դռնեդուռ ընկան» եւ ծառուղի հիմնեցին

Մայիս 14,2010 00:00

Հակակոռուպցիոն պայքարի շնորհակալագիր՝ նաեւ «Առավոտի» թղթակցին

\"\"2008 թվականի հոկտեմբերից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Իջեւանում գործում է Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն (ՇՊԱԿ): Կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանն ասում է, որ այդ ընթացքում իրենց դիմել է 437 քաղաքացի: Դիմումները մարդկանց իրավունքների տարբեր խախտումների մասին են, այդ դեպքերից 36-ը կարող են համարվել կոռուպցիոն, մի քրեական եւ մի քաղաքացիական գործով կենտրոնը դատարանում փաստաբանական օգնություն է տրամադրում: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Վահագն Թամրազյանն ասաց, որ այսուհետեւ էլ, եթե փաստաբանի օգնության հարկ լինի, ՇՊԱԿ-ը քաղաքացուն կմատուցի այդ ծառայությունը՝ անվճար եւ ընդհուպ՝ նաեւ դատարաններում: Անցած 20 ամսում քաղաքացիների իրավունքների վերաբերյալ 20 հազար տեղեկատվական թերթիկներ են տարածվել Տավուշի մարզում: 2009 թվականի հունիսին եւ 2010 թվականի ապրիլին Իջեւանում երիտասարդ կամավորականները հանրային իրազեկման ակցիա՝ «հակակոռուպցիոն երթ» են անցկացրել: Նոյեմբերյանի եւ Իջեւանի տեղական հեռուստաընկերություններով ներկայացվել են հակակոռուպցիոն կենտրոնի գործունեությունը, «թեժ գծի» հեռախոսահամարները, ինչի արդյունքում ավելացել է կենտրոն դիմող քաղաքացիների թիվը, Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության ուղիղ եթերում կայացել է 16 հեռուստահաղորդում: Կենտրոնը նաեւ տեղեկատվական սեմինարներ է կազմակերպել, որի մասնակից կամավորներն իրենց ստացած գիտելիքները փոխանցել են աշխատանքային գործընկերներին եւ բուհերում՝ դասընկերներին:

Մայիսի 12-ին կայացավ հերթական միջոցառումը: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողները «Դռնեդուռ» ակցիայի շրջանակներում այցելեցին իջեւանցիների բնակարաններ՝ նրանց հանձնելով տեղեկատվական թերթիկներ եւ հորդորելով իրենց իրավունքների խախտման դեպքում դիմել ՇՊԱԿ: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողները Իջեւան գետի ափին «Հակակոռուպցիոն ծառուղի» տնկեցին: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանն ասաց, որ կենտրոնի գործունեությունը կշարունակվի եւս 2 տարի: Միջոցառման ավարտին հակակոռուպցիոն կենտրոնի հետ արդյունավետ համագործակցած կազմակերպություններին եւ քաղաքացիներին տրվեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահի շնորհակալագրերը: «ՀՀ Տավուշի մարզում 2009-2010թթ. մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ հակակոռուպցիոն պայքարում իր մասնագիտական ներդրման համար» շնորհակալագրի արժանացավ նաեւ «Առավոտի» Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել