Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

Մայիս 14,2010 00:00

Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ բողոքները պնդում են, որ հանքի շահագործման դեպքում կասենք՝ Սյունիքը հանքավայր է բաց երկնքի տակ»

\"\"
 Խորեն Հարությունյանի համախոհների շարքերը ստվարանում են:

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն հունիսի առաջին կեսին Կապանում կրկին նախատեսում է քննարկում կազմակերպել տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ:

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման հետ կապված տեղական կառույցների ու տեղաբնակների որդեգրած խիստ կոշտ վերաբերմունքին (12.11.

2009՝ «Հանքերի շահագործմանը դեմ են», 14.11.2009՝ «Բողոքը շարունակվում է», 02.03.2010՝ «Բողոքը ավելի հնչեղ կլինի», 02.04.2010՝ «Կրկին ուրանի հանքերի շահագործման դեմ»): Կապանում գործող «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, Կապանի ավագանու անդամ Խորեն Հարությունյանը Սյունիքում ուրանի հանքի շահագործման դեմ վաղուց է բարձրաձայնել եւ մեծ ակցիա նախաձեռնել, որով նախատեսում էր տարածաշրջանի հանրության հետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու հանքերի շահագործումը: Այսօր արդեն «Ազատամարտ» կոմիտեին է միացել նաեւ «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը», որը հիմնադրվել է «Վորլդ Վիժնի» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Երկու կառույցները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել Կապանի, Քաջարանի եւ Մեղրու տարածաշրջաններում: «Մեր ստորագրահավաքի նպատակը նաեւ այն է, որ ուրանի հանքերի շահագործմանն ուղղված այդ գործընթացը թափանցիկ դարձնենք, քանի որ մեզ չի բավարարում նախագծի հեղինակների եւ պատասխանատուների կողմից վարած ոչ թափանցիկ քաղաքականությունը: Ամենուր հայտարարում են, որ ուրանի հանքի բացումը վտանգ չի ներկայացնում, որին մենք ընդհանրապես համամիտ չենք: Մեր պահանջն այն է, որպեսզի գործընթացում ընդգրկվեն նաեւ տեղական շահագրգիռ կազմակերպությունները, բնապահպանական անկախ փորձագետներն ու կառույցները»,- նշում են ձեռնարկի հեղինակները:

Ստորագրահավաքի նախաձեռնողները առաջարկում են պատասխանել՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում Լեռնաձոր համայնքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը» հարցին: Կա պատասխանի երեք տարբերակ՝ կողմ, դեմ, ձեռնպահ: «Ուրանի հանքի շահագործումն իր մեջ պարունակում է ոչ միայն բնապահպանական, այլեւ՝ տնտեսական եւ քաղաքական տարրեր»,- մեզ հետ զրույցում ասաց «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը եւ հավելեց, որ իրենց կառույցը ոչ մի քաղաքական ուղղվածություն չունի, իրենց գործունեության հիմքում ընկած է Կապանի տարածաշրջանի համայնքների զարգացումը, իրազեկության բարձրացումը՝ ներառելով բոլոր ոլորտները: «Մայրաքաղաքից հեռու գտնվելը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի բնակիչների իրազեկության մակարդակի վրա, կարծում ենք՝ վաղուց ժամանակն է զբաղվել մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով, որի համար առաջին հերթին պետք է նպաստենք բնակչության իրազեկության բարձրացմանը եւ մեր նախաձեռնած ակցիան այդ միտումն ունի»,- նշում է Արմեն Փարսադանյանը:

Ստորագրահավաքի կազմակերպիչները նախատեսում են նաեւ այցելել տարածաշրջանի միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական հաստատություններ, հանդիպել ուսանողների հետ: Ցանկության դեպքում ուսանողները կարող են մասնակցել ստորագրահավաքի կազմակերպմանը:

«Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը համոզված է, որ բնակչության մեծ մասը դեմ է արտահայտվելու ուրանի հանքի գործարկմանը, բայց, այնուամենայնիվ, սպասում է ստորագրահավաքի ավարտին, որից հետո պարզ կլինեն հետագա անելիքները: Ստորագրությունները կուղարկվեն կառավարություն, այնուհետեւ որեւէ դրական փոփոխություն չարձանագրվելու դեպքում կանցկացվի մեծամասշտաբ խաղաղ ցույց: «Մենք տեղյակ ենք, որ համաշխարհային շուկայում մեծանում է խաղաղ ատոմի պահանջարկը, բայց մենք հաշվի ենք առնում նաեւ Հայաստանի փոքր տարածքը: Առանց այն էլ Սյունիքում շատ են հանքարդյունաբերական գիգանտները եւ դրանց բացասաական ազդեցությունը բնակիչների առողջության ու բնապահպանության վրա՝ ինքնին մեծ է: Ուրանի հանքի շահագործումից հետո մեզ սպասվելիք վտանգի մասին նախնական կանխատեսումներ անելով արդեն սարսափում ենք, ուստի մենք նահանջելու ոչ մի տեղ չունենք եւ ոչ մի դեպքում չենք նահանջի»,- վստահեցնում են զրուցակիցներս եւ ամփոփում. եթե նախկինում ասում էին Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, այժմ պետք է ասել՝ Հայաստանը «հանքավայր» է բաց երկնքի տակ, իսկ ավելի ճիշտ՝ «Սյունիքը «հանքավայր» է բաց երկնքի տակ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել