Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերադարձրեք ինձնից խլածը

Մայիս 14,2010 00:00

Ես՝ Լեւոն Գրիգորի Մարկոսս, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, տեղեկանալով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, հարկ եմ համարում տեղեկացնել հանրությանը հետեւյալի վերաբերյալ:

Որպես հայ, ես կուզենայի, որ իշխանության գլխին կանգնած լինեին արհեստավարժ եւ հայրենասեր մարդիկ, ոչ թե այն մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերի համար պատրաստ են քաղաքական ապարատն աշխատեցնել եւ մարդկանց ճակատագրերի հետ դաժան կատակ անել: Այո, ես խնդիրներ ունեմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որոշ համակիրների հետ, սակայն, որպես քաղաքակիրթ մարդ, ես իմ խնդիրները միշտ փորձել եմ լուծել իրավաբանական-քաղաքակիրթ ճանապարհով: Դրա մասին է վկայում ինձ հետ կապված բոլոր գործերի վիճակագրությունը: Եվ եթե Դուք փորձեք դրանք ուսումնասիրել, ապա կտեսնեք, որ իշխանության ուժը երեւում է նաեւ դատական գործերով: Չնայած դրան, ես չեմ վհատվում եւ շարունակում եմ իրավական ճանապարհով պաշտպանվել:

Ես ցավում եմ, որ իմ արածներին այսպիսի գնահատական է տրվում: Ով՝ ով, բայց Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է իմ կողմից Հայաստանի եւ Արցախի համար կատարված մեծածավալ ներդրումների մասին:

Եվ սա է այդ բոլորի պատասխանը: Հայաստանում գտնվող իմ օբյեկտները խլեցին, քրեական գործ սարքեցին եւ իմ նկատմամբ հետախուզում հայտարարեցին, Հայաստանում գտնվող եւ ինձ հետ կապ ունեցող (նույնիսկ անուղղակի) բոլոր կազմակերպությունները ենթարկեցին վայրագ ստուգումների, Մոսկովյան փողոցի իմ գրասենյակի վրա կրակեցին եւ հիմա էլ փորձում են նոր շինծու բան սարքել: Ես չեմ զարմանա, որ Սերժ Սարգսյանը մտածի այլ ճանապարհներ՝ ինձ լռեցնելու համար:

Ինձանից խլել են Ձերժինսկու անվան գործարանը, Քիմռեակտիվի գործարանը, Աշտարակի «Վանա լիճ» օբյեկտը, Մասիվի, Մաշտոցի եւ ԳՈՒՄ-ի շուկաները, «Կրեդիտ-Երեւան» բանկը եւ դրա հետ կապված Էջմիածնի «Ագրինեքսը» (ջերմոցները), «Մերսեդեսի» ֆիրման, «Զեփյուռ» վարսավիրանոցը, «Բազալտ» գործարանը, Կլարա Ցետկինի («Հայք» կարի) ֆաբրիկան, Սեւանի մոթելը եւ այլն:

Դրանք խլվել ու վերավաճառվել են իշխանության ֆավորիտներին՝ Սամվել Ալեքսանյան (Մասիվի շուկա), Հովիկ Աբրահամյան (Պրոսպեկտի շուկա), Գագիկ Բեգլարյան (ԳՈՒՄ-ի շուկա), «Հին Էրիվանի Մանվել» (Աշտարակի օբյեկտ), Արմեն Մխիթարյան (Ձերժինսկու գործարան):

Պարոնայք հարստահարիչներ, ի՞նչ եք մտածում, իմ օբյեկտները խլելու եք եւ հանգիստ վայելե՞ք: Չխաբվեք, երբեք ուրիշից խլածը չի կարելի վայելել, չէ՞ որ գալու է մի օր, եւ դուք օրենքի առաջ պատասխան եք տալու: Տեղեկացնում եմ բոլորիդ, հեռու գնացեք իմ օբյեկտներից, իսկ հարստահարիչ-ֆավորիտներին կոչ եմ անում վերադարձնել դրանք: Այդ օբյեկտներն իմ կամքից անկախ պատճառներով են վերցվել, հետեւաբար քանի անգամ էլ ձեռք բերեք կամ վերավաճառեք, միեւնույն է՝ դրանք վերադարձվելու են օրինական սեփականատիրոջը, քանի որ գույքը նույնիսկ բարեխիղճ գնորդից կարող է վերցվել, եթե սեփականատիրոջից այն վերցվել է անկախ նրա կամքից: Ձեզանից պահանջելու եմ նաեւ իմ բաց թողնված օգուտները, որոնք դուք ստացել եք իմ ունեցվածքի կառավարումից:

Տպագրվում է աննշան խմբագրումներով, մասնավորապես՝ մականունները հանված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել