Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ՝ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ

Մայիս 14,2010 00:00

Վնասվածքը որտեղի՞ց է առաջացել

\"\"2007թ. մայիսի 16-ին բանակ զորակոչվեց Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչ Դավիթ Թադեւոսյանը: Զինվորական երդումից հետո նա տեղափոխվեց պաշտպանության նախարարության մոտոհրաձգային գումարտակի մոտոհրաձգային վաշտ:

Ծառայության ավարտին մնացել էին հաշված օրեր, երբ զինվորին 5 րոպե ուշանալու համար զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Հովհաննիսյանը զինվորական կոշիկներով ծեծի է ենթարկում, ինչի հետեւանքով զինվորի ոտքը արյունահոսում է: Գիտակցությունը կորցրած Դավիթին տեղափոխում են բուժկետ, ուր վիրահատում են:

Ըստ զինվորի մոր՝ Ռուզաննա Գրիգորյանի, ժամկետային զինծառայող Արտակ Այվազյանը կրակայրիչը մոտեցրել է տղայի ոտքին, ինչից Դավիթը վախեցել է:

Դ. Թադեւոսյանի նյարդային վիճակը տեղի է տալիս եւ դրանից հետո նա ստիպված էր մինչ զորացրվելը պառկել 4 տարբեր բուժհաստատություններում:

Մայրը տեսնելով որդու վիճակի բարդացումը, դիմել է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն՝ քրեական գործ հարուցել իր որդու նկատմամբ ֆիզիկական եւ բարոյական խոշտանգումներ կատարած անձանց նկատմամբ:

Գործը գտնվում էր ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Հ. Հայրապետյանի վարույթում:

Քննիչն իր մոտ է հրավիրում գումարտակի զինծառայողներ, կապիտան Մանուել Մարտիրոսյանին, ավագ լեյտենանտ Տիգրան Հովհաննիսյանին, գումարտակի բուժկետի պետ, ենթասպա Մարգարիտա Կարապետյանին: Նրանք, ըստ քննիչ Հ. Հայրապետյանի՝ «ժխտել են իրենց կողմից Դավիթին ծեծի ենթարկելու, նրան վիրահատելու, վիրակապելու մասին տեղեկությունները»: Կապիտանը, ըստ գործի նյութերի, ժխտել է, թե ծառայել է Լիճք գյուղի տարածքում տեղակայված գումարտակում եւ ընդհանրապես չի ծեծել Դավիթին:

Դավիթն իր հերթին պնդել է, որ կապիտանն է իրեն ծեծել, բայց՝ ոչ թե գումարտակում, այլ՝ գնդում…

Ինչ վերաբերում է Տիգրան Հովհաննիսյանի կողմից ծեծին, Դավիթը քննչական մարմնում հայտնում է, որ իրենց զորամասի ճաշարանի մոտ Հովհաննիսյանն ուշանալու համար ծեծել է իրեն՝ զինվորական կոշիկներով հարվածելով ո/տքերին. «Սերժանտ Արմենն իրեն տարել է բուժկետ, տիկին Մարգարիտան վիրակապել է իր ոտքերի վերքերը»:

Քննիչ Հ. Հայրապետյանը քրեական գործ չհարուցելու մասին իր որոշման մեջ արձանագրել է, որ «Սերժանտ Արմենը», նույն ինքը Արմեն Կարապետյանը, բացատրություն է տվել, որ Դավիթին ծեծելու մասին տեղեկություններ չունի:

Այսինքն, նրան չի օգնել, չի տարել բուժկետ, Դավիթի ոտքը վիրահատելու մասին իրեն ոչինչ հայտնի չէ:

Գործի նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ «կրակայրիչի դրվագով» էլ ապացույց չկա, քանի որ զինծառայողները չեն հաստատել Դավիթի ասածները:

Դավիթը, ըստ վերոնշյալ գումարտակի հիվանդների հաշվառման եւ բուժկետի ամբուլատոր եւ ստացիոնար մատյանների, ծառայության ընթացքում միայն մեկ անգամ՝ 2008թ. հունվարի 26-ին է դիմել բուժկետ՝ «թիկունքի շրջանի պիոդերմիկ վերքեր» ախտորոշումով, սակայն ստացիոնար բուժման անհրաժեշտություն, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի առաջացել:

Ռազմական ոստիկանության օպերատիվ աշխատակիցները հաստատում են, որ Դավիթին չեն վիրակապել, վիրահատել…

Ինչ են ասում այդ դեպքում դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Ինչպես, ուրեմն, երեխայի ոտքերին առաջացան հետքեր, ինչու կտրուկ վատացել է զինվորի վիճակը, երբ նա բարեխիղճ ծառայել է մինչ այդ:

Ըստ դատաբժշկական փորձագետի թիվ 2883 եզրակացության, «Դ. Թադեւոսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ եւ ձախ սրունքների շրջանների նախկին քերծվածքների ձեւով, հասցվել են բութ, կոշտ առարկայով, որոնք առողջությանը հասցված թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում»: Փորձագետը դեռ լավ է, որ համարձակվել է այսքանն էլ արձանագրել: Սակայն նրա կողմից վնասվածքների վաղեմությունը որոշելը եղել է «դժվար», այն էլ «փաստաթղթերի բացակայության» պատճառաբանությամբ:

«Փաստաթղթեր» ասելով՝ եթե նկատի են ունեցել զինծառայողների, ողջ համակարգի ժխտողական բացատրությունները, ապա դրանք իսկապես ոչինչ են իրական պատկերի առաջ: Փորձագետի հայտնաբերած քերծվածքները, որոնք իրականում կային Դավիթի մարմնի վրա, պետք է ճշգրիտ գնահատվեն: Գիտությունն այնքան է զարգացած, որ կարողանում է 1000-ամյակների մումիաների տարիքն ասել, ուր մնաց թե՝ զինվորի վնասվածքների վաղեմությունը:

Հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ չի հարուցվել:

Իսկ զինվորը զորացրվելուց հետո՝ 2009թ. մայիսի 20-ից տարբեր բուժհիմնարկներում է՝ Մեղրիի հիվանդանոցում, Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», Ստրես կենտրոններում, Ավանի հոգեբուժարանում:

Նա ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված 713820 տեղեկանքի համաձայն՝ ճանաչվել է 3-րդ կարգի հաշմանդամ:

Հաշմանդամության պատճառը նշվում է՝ «ընդհանուր հիվանդություն»:

Երեկ 21-ամյա Դավիթը մեզ հետ զրույցի ժամանակ ցույց տվեց ոտքերը, այնտեղ տեսանելի էին սպիացած խորը հետքեր: Մեր հարցին, թե ե՞րբ է բանակ զորակոչվել, ո՞րտեղ է ծառայել, ե՞րբ է զորացրվել, ե՞րբ են իրեն ծեծել, պատասխանում էր հստակ: Նկատելի էր այն, որ մեկ-մեկ «մոռանում» էր իրեն, թե որտեղ է եւ ընկնում էր մտքերի մեջ:

Պատասխանում էր հարցերին այն ժամանակ, երբ դիմում էին իրեն:

Պետք չէ մասնագետ լինել ախտորոշելու տղայի վարքը. նա վախեցած է:

Ուրեմն, ի՞նչ է տեղի ունեցել Դավիթի հետ եւ ինչո՞ւ է եղած «քերծվածքների» առաջացման հարցը փակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել