Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս մրցույթո՞ւմ էլ խաբեություն

Մայիս 14,2010 00:00

«Օրանժի» հայտարարած «Բարեւ, Օսլո» մրցույթին մասնակցող բաժանորդների տեքստային հաղորդագրությունները կամ տեղ չէին հասնում, կամ էլ ճիշտ պատասխանը որպես սխալ էր ընդունվում:

Բջջային կապի օպերատոր «Օրանժ» ընկերությունն արդեն 1 ամիս է՝ հայտարարել է «Բարեւ, Օսլո» մրցույթը, որի 4 հաղթողները պետք է մեկնեն Նորվեգիա՝ դիտելու «Եվրատեսիլը»: Մրցույթին կարող էին մասնակցել միայն «Օրանժի» բաժանորդները: Նրանք պետք է պատասխանեին «Եվրատեսիլի» վերաբերյալ հարցերին եւ հավաքեին միավորներ: Ամենաշատ միավորներ հավաքած բաժանորդներն էլ պետք է ճանաչվեին հաղթող ու մեկնեին Օսլո:

Ինչպես բոլոր մրցույթները, այնպես էլ այս մրցույթին մասնակցելիս բջջային օպերատորի բաժանորդները հանդիպեցին բազմաթիվ «խոչընդոտների»: Պարզվեց, որ բաժանորդների կողմից ուղարկված SMS-ներից շատերը տեղ չէին հասնում եւ փաստորեն իրենցից գանձված գումարի դիմաց նրանց հաշվին միավորներ չէին հավաքվում, ինչպես որ պետք է լիներ ճիշտ պատասխանելու դեպքում:

Օրինակ՝ Սուրեն Վարդանյանն իր հեռախոսից մայիսի 11-ին, պատասխանելով «Օրանժի» հարցերին, 13 տեքստային հաղորդագրություն է ուղարկել «Բարեւ, Օսլո» ծառայությանը, սակայն նրա 14-րդ հաղորդագրությունը չի ընդունվել ու հաջորդ հարցը չի ստացվել: Բաժանորդի դժգոհություններին «Օրանժի» օպերատորները պատասխանել են, որ իրենք կզբաղվեն այդ հարցով, սակայն անցել է արդեն 3 օր, բաժանորդին ոչ մի հստակ պատասխան չեն տվել: «Այդ մրցույթը ավարտվում է մայիսի 13-ին, ստացվեց այնպես, որ ես չկարողացա մինչեւ վերջ մրցույթին մասնակցել: Ինձ ասել են, որ կփոխհատուցեն SMS-ների գումարը, բայց ինձ այդ գումարը պետք չէ, թող նորմալ ծառայություն մատուցեն ու արդար ընտրություն անեն: Ինձ անընդհատ ասում էին, որ կարգավորումներ կանեն ու մի քանի ժամից կզանգեն, սակայն ոչինչ էլ այդ ժամերի ընթացքում չէր փոխվում: Ասեմ, որ դա հեռախոսիցս էլ չէր, քանի որ քարտս դրել եմ մի քանի հեռախոսի մեջ ու նորից փորձել»,- մեզ հետ զրույցում բողոքեց Ս. Վարդանյանը:

Իսկ 055 430 299 հեռախոսահամարի բաժանորդը նույն մրցույթին մասնակցելիս մեկ այլ անարդարության է բախվել: Այն հարցին, թե ո՞ր թվականին է Մոնակոյի ներկայացուցիչը առաջին անգամ ճանաչվել «Եվրատեսիլի» հաղթող, բաժանորդը «Եվրատեսիլի» պաշտոնական կայքէջից ճշտելով, պատասխանել է՝ 1971 թվականին, որը ճիշտ պատասխանն է, սակայն «Օրանժից» հավաստիացրել են, որ նրա տված պատասխանը սխալ է:

Բացի այս մրցույթի դժգոհություններից, «Առավոտին» էր դիմել նաեւ ԱՄՆ քաղաքացի Կարապետ Խաչատրյանը, նա էլ դժգոհում էր, որ «Օրանժի» սպասարկման սրահներում հրաժարվում են իրեն պայմանագրային հիմունքներով ինտերնետային ծառայություններ մատուցել՝ ֆլեշի միջոցով: «Ես Հայաստանում բնակվում եմ հատուկ կացության կարգավիճակով՝ արդեն 6 տարի եւ նման բանի դեռ չէի հանդիպել: Ինձ նրանք ասում են, որ իրենց պայմանագրով իրենք չեն կարող ինձ նման ծառայություն մատուցել, քանի որ ես այստեղի քաղաքացի չեմ, սակայն օգտվում եմ այլ ընկերությունների նման ծառայություններից, նրանց հետ նման խնդիր չի առաջացել: «Օրանժում» ինձ ասում էին, որ ես պետք է մեր երկրում գրանցվեմ, որ կարողանամ իրենց ծառայություններից օգտվել, սակայն ես չեմ ուզում եւ իրավունք էլ չունեմ այստեղ գրանցվելու»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց Կ. Խաչատրյանը:

Այս առնչությամբ «Օրանժ» ընկերությունից հավաստիացրին, որ իրենք այս խնդիրների շուրջ ուսումնասիրություններ կանեն եւ առաջիկայում մեզ պարզաբանումներ կտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել