Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍԱ՝ ՈՐ ՃԱՄՓՈՎ ԵՍ ԵԿԵԼ, ԱՍԵՄ՝ ՈՎ ԵՍ ԴՈՒ

Մայիս 14,2010 00:00

Եռաբլուր այցելած լացող սեւազգեստների եւ պարզապես ծաղկեպսակ բերողների ճանապարհները տարբեր են

\"\"
Սա այն բարեկարգված ճանապարհն է, որով գալիս են «ջպավորները»:

\"\"
Սա Եռաբլուր գնացող հասարակ քա ղաքացիների ճանապարհն է:

\"\"
Այս մեծահարուստները չեն էլ իմանում, թե որդեկորույս մայրերն ինչպես են հասնում իրենց որդիների շիրիմներին:

Շուշիի ազատագրման 18-րդ ամյակին եւ Երկրապահի օրը՝ մայիսի 8-ին, Եռաբլուրում ասեղ գցելու տեղ չկար: «Երկրապահ կամավորների միությունը»՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Հայ ազգային կոնգրեսի անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկներին եւ շնորհավորելու երկրապահների ընտանիքներին: Նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին սպարապետի, ազատամարտիկների գերեզմաններին, մի քանի լավ խոսքեր ասացին անձնազոհ երկրապահների հասցեին ու գնացին: Սա միջոցառման պաշտոնական կողմն էր, որը կազմակերպված էր զուտ տեսախցիկների համար, իսկ թե ինչ էր կատարվում Եռաբլուրում եւ հարակից Շահումյան 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներում՝ ամբողջությամբ պատկերը նկարագրել հնարավոր չէ: Քանի որ պաշտոնյաներից շատերին մի քանի «թիկնապահական» մեքենաներ էին ուղեկցում, ամենուրեք «ջիպեր», «համերներ» ու այլ թանկարժեք մեքենաներ էին, որոնց վարորդները պատրաստ էին ցանկացած «թարս» կայանած եւ իրենց ճանապարհը փակող մեքենայի, անցորդների վրայով անցնել, ինչ է թե՝ Եռաբլուրից իջնող «շեֆը» հանկարծ խցանումների մեջ չընկնի կամ Ախպարաշենի փողոցներում չմոլորվի:

«Ջպավորներից» բացի, Եռաբլուր էին այցելում նաեւ հասարակ քաղաքացիներ, մեդալակիր վետերաններ եւ զոհված ազատամարտիկների ու երկրապահների ընտանիքների անդամներ: Վետերաններ կային, որոնց մեջքը մեդալների ծանրությունից ճկվել էր: Մինչ նրանք երթուղայինից իջնում էին, փորձում էին հասկանալ ով ով է եւ ինչն ինչոց է՝ արժանանում էին «ջիպերի» վարորդների նախատինքներին, թե՝ «էս մարդը տեղով փորձանք ա, ընկնելու էր ավտոյիս տակ ու վրես մահ գրանցեր»:

Ընդհանրապես Եռաբլուրում անցկացվող ցանկացած միջոցառման ժամանակ պաշտոնյաները հատուկ մուտքով՝ կամարների տակով մտնում են Եռաբլուր, իրենց մեխակը կամ ծաղկեպսակը դնում ու դրանով համարելով իրենց հարգանքի տուրքը մատուցած՝ հեռանում են: Այդ, այսպես ասած, «պաշտոնական» եւ «ջիպերի» համար նախատեսված ճանապարհն անընդհատ բարեկարգվում է: Վերջերս էլ իդեալական ասֆալտապատված այդ ճանապարհը նորից մի քանի մետրով լայնացվեց ու դարձավ իսկական արագընթաց մայրուղի, որով մի քանի վայրկյանի ընթացքում «ջիպերը» կարող են Եռաբլուրի բլուրը բարձրանալ ու հասնել գերեզմանատեղի: Այդ ամբողջ երկար ճանապարհի վրա մի հատիկ քար անգամ գտնել դժվար է: Մինչդեռ զոհվածների սեւազգեստ մայրերն ու հարազատները, պատերազմի վետերանները, որոնք հնարավորություն չունեն «Ջիպ» կամ թեկուզ «Զապ» առնել եւ պաշտոնական մուտքով մտնել Եռաբլուր, ստիպված են գալ, այսպես ասած, «չոռնի խոդով»՝ թիվ 100 կամ 123 երթուղայինների ճանապարհով: Եթե պաշտոնյաներից որեւէ մեկը գոնե մեկ անգամ Եռաբլուր գնար այդ ճանապարհով՝ թեկուզ միայն մեքենայի անվադողերն ափսոսելու համար կկազմակերպեր այդ ճանապարհի ասֆալտապատումը: Հաշմանդամ ազատամարտիկները, որոնք շատ հաճախ են այցելում Եռաբլուր՝ երթուղայինի մեջ պարզապես «աղիների ոլորում» են ստանում այդ ճանապարհով անցնելիս: Միայն Շահումյան փողոցների փոսերից ու հորերից ազատվելու համար 15-20 րոպե է անհրաժեշտ: Նույնիսկ մեր մարզերի ամենախուլ գյուղերի ճանապարհներն այդքան վատ վիճակում չեն:

Այնպես որ, «ջպահամերային» այդ աժիոտաժից եւ երկու տարբեր ճանապարհներով Եռաբլուր բարձրացող այցելուների պատկերից արդեն լրիվ հասկանում ես, թե իրական հարգանքի տուրքը որն է, ձեւական ծաղկեպսակային արարողությունը՝ որը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել