Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ե՞րբ կունենանք երեք միլիոն զբոսաշրջիկ

Մայիս 14,2010 00:00

«Երբ ասում ենք մրցունակ տուրիզմ, հարց չենք դնում, թե Հայաստանը որքանով է մրցունակ այլ տուրիստական կենտրոնների հետ, օրինակ՝ Վալենսիայի (Իսպանիա) հետ մենք չենք կարող մրցել, որովհետեւ այնտեղ զարգացած է ծովափնյա զբոսաշրջությունը, եւ մենք չենք կարող ձգտել ծով ունենալու: Այսինքն՝ կարող ենք, բայց դա արդեն լրիվ այլ համաժողովի քննարկման հարց է…»,- այսպես սկսեց իր զեկույցը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը երեկ կայացած Հայաստանի զբոսաշրջության մրցունակության չորրորդ համաժողովին: Իսկ թե ինչին մենք պետք է ձգտենք, Բեկոր Փափազյանը գիտի. «Մենք պետք է տեսնենք, թե որքանով է օգտագործվում մեր երկրի զբոսաշրջային ներուժը, եւ տեսնելով, որ՝ ամենեւին ոչ բավարար չափով, պետք է ձգտենք ավելի լավ արդյունքների»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Մեխակ Ապրեսյանը մինչ այդ ասել էր, որ կառավարությունը մտադիր է մինչեւ 2020թ. Հայաստանում ապահովել տարեկան 3 մլն զբոսաշրջիկ, եւ բերել հետեւյալ թվերը, որոնք կարող են այդ մտադրության նախադրյալը համարվել. 10 տարվա ընթացքում Հայաստանում զբոսաշրջիկների քանակն ավելացել է ավելի քան տասն անգամ, եթե 2000-ին ՀՀ էր այցելել 45 000 տուրիստ, ապա 2009-ին արդեն՝ 575 հազարից ավելի զբոսաշրջիկ: 2001-ից սկսած՝ զբոսաշրջիկների քանակի աճը տարեկան կազմել է 20-25%:

Ու չնայած դրան, մենք առայժմ մրցունակ չենք, ինչո՞ւ: Ըստ Բեկոր Փափազյանի. «Պարզ է՝ այս հարցին պատասխանելիս առաջինը կթվարկենք ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, հյուրանոցներ, զուգարաններ, կադրեր, թրեյնինգ… Ինչ խոսք՝ առանց այդ ենթակառուցվածքների զարգացման՝ բացառված է, որ հասնենք երազած 3 միլիոնին, պետք է ավելի ակտիվ աշխատեն նաեւ զբոսաշրջության զարգացման համար պատասխանատու ինստիտուտները՝ էկոնոմիկայի նախարարությունը, զբոսաշրջության զարգացման գործակալությունը եւ այլն… Եվ ենթակառուցվածքները, եւ ինստիտուտները կարեւոր են, սակայն եթե Եվրոպայում հարցում անցկացնեք՝ պատրաստվում եք ձեր արձակուրդը անցկացնել արտասահմանո՞ւմ, նրանց 80-90%-ը կասի՝ այո, երբ հարցնեք՝ Հայաստան կգնա՞ք, կասի՝ իսկ որտե՞ղ է Հայաստանը, այնտեղ հետաքրքի՞ր է… բայց քիչ հավանական է, որ ասի՝ իսկ ենթակառուցվածքներն ինչպիսի՞ն են: Ուզում եմ ասել, որ հարցը խթանումն է, նախնական գովազդը՝ «պրոմոուշընը», եւ դրա վրա պետք է աշխատել, գովազդել, եվ երբ հոսքը շատանա, ինքնին ենթակառուցվածքներն էլ ստիպված կզարգանան»:

Պարոն Փափազյանը ներկայացրեց տուրիզմի զարգացման հինգ ճյուղերը, որոնց վրա ներկայումս աշխատում է իր ղեկավարած հիմնադրամը՝ Հայաստանի հյուսիսում 2 ճյուղ, Կենտրոնը, որի մեջ մտնում է Երեւանը՝ ստանդարտ զբոսաշրջային «փաթեթով»՝ Գառնի-Գեղարդով, Էջմիածին-Խոր Վիրապով, Սեւանի օղակը, եւ Հարավային միջանցքը՝ Նորավանք-Ջերմուկ-Տաթեւ երթուղով: Նա առավել մանրամասն կանգ առավ Հարավային միջանցքի վրա. ըստ այդ տեսլականի՝ Ջերմուկը պիտի դառնա SPA-town, առողջարանային քաղաք, ինչպես նաեւ զարգանա դահուկային տուրիզմը: Նորավանքում ուսումնասիրվում են հարակից կիրճում գտնվող Մոզրովի քարանձավները, դե, իսկ ինչ վերաբերում է Տաթեւին, ապա Հալիձորից Տաթեւ ձգվող աշխարհի ամենաերկար՝ իր տեսակի մեջ, 5,5 կմ-անոց ճոպանուղին կբացվի արդեն աշնանը, եւ 12-13 րոպեում զբոսաշրջիկներին կհասցնի Հալիձորից Տաթեւ, կգործի նաեւ ավտոմեքենաների համար ոլորապտույտ ճանապարհը, Հալիձորում կկառուցվի հյուրանոց եւ այլն: Նախատեսվում է այդ շրջանում զարգացնել նաեւ գյուղական կամ խոհանոցային տուրիզմը, որը կսկսվի Տաթեւից, կշարունակվի շրջակա մյուս գյուղերում՝ Շինուհայր, Հալիձոր եւ այլն: Մտադրություն կա նաեւ վերականգնել Տաթեւի մոտ գտնվող դարավոր ձիթհանքը եւ նույնիսկ ձեթ ստանալ մինչեւ բացումը, որպեսզի որպես հուշանվեր վաճառվի:

Իսկ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» ղեկավար Ռիք Նայը, որ 18 տարի է՝ Հայաստանում է բնակվում եւ բավականաչափ խոսում էր հայերեն, այնքան մանրամասն եւ սիրով ներկայացրեց մեր ունեցածը, որոնց մասին ինքներս էլ չգիտենք, որ ամոթի եւ խանդի խառը զգացողություն ունեցա: Նա հրաշալի գիտեր, թե որտեղ ինչ թռչուն կա, որ գյուղի որ ծայրում ինչ ծաղիկ է աճում եւ այլն. «Այո, Հայաստանը Նոտր-Դամ չունի, բայց Հայաստանն ունի Նորավանք ու Տաթեւ, Հաղպատ եւ Քարահունջ… Սա այն երկիրն է, ուր ամեն այցելու զարմացած է մնում՝ այս ի՜նչ զարմանահրաշ տեղ է»:

Ռիք Նայի ղեկավարած կազմակերպության ջանքերով են մեր ձեռակերտ եւ բնատուր հուշարձանների վրա (իհարկե՝ կորպորատիվ եւ անհատ ներդրողների օգնությամբ) տեղադրվում վահանակներ, որոնք բոլորին ճանաչել են տալիս մեր հարստությունները: Այս կազմակերպությունը իր աշխատաոճով սովորեցնում է. «Ճանաչիր, որ սիրես, սիրիր, որ պահպանես…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել