Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՄԵԶ ՀԵՏ

Մայիս 14,2010 00:00

Այս մասին հայտարարեցին թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները

\"\"«Ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ ցանկացած ոլորտում հայ-թուրքական համագործակցությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ լուծվեն քաղաքական հարցերը, բարելավվեն երկու պետությունների հարաբերությունները: Հնարավոր չէ անտեսել քաղաքական հարցերը եւ խոսել գյուղատնտեսության ոլորտի հնարավոր համագործակցության մասին, չնայած սրան՝ մենք ունենք առավելություն, մեր երկրները աշխարհագրական դիրքի ու զարգացման հեռանկարների առումով նմանություններ ունեն, եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում մեր երկրների հարաբերությունները կբարելավվեն, եւ գյուղատնտեսությունը կդառնա այն ոլորտը, որից սկիզբ կառնեն համագործակցությունները»,- երեկ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովի ընթացքում «Առավոտի» հետ զրույցում ասաց ՊԳԿ-ի կենտրոնական գրասենյակի՝ Թուրքիայի գյուղատնտեսական հարցերով մշտական ներկայացուցիչ Ֆազիլ Դուզունչելին: Նա ասաց, որ համաժողովի ընթացքում հասցրել է ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին եւ արձանագրել է. «Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի»: Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմադ Աբասովն էլ լրագրողների հետ զրույցը սկսեց պայմանով՝ եթե հարցազրույցն ընթանա ադրբեջանական դրոշի շուրջ: Պարոն Աբասովի խոսքով, Ադրբեջանում տնտեսությունը զարգանում է արագ տեմպերով: Նախորդ տարի տնտեսության աճը կազմել է 9 տոկոս, նույնքան էլ նախատեսվում է այս տարի: Նախարարի հավաստմամբ. «Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածները ընդհանուր աշխատողների 39%-ն են կազմում: Ոլորտի զարգացման համար բյուջեից մեծ գումարներ են հատկացվում»: Նա նաեւ հավելեց, որ գյուղատնտեսությունը զարգանում է դինամիկ, որովհետեւ աշխարհագրական դիրքը հարմար է ցանկացած տեսակի գյուղմթերք մշակելու համար՝ փաստելով, որ աշխարհում գոյություն ունեցող 11 կլիմայական բարենպաստ պայմաններից 9-ը կա իրենց երկրում: Անդրադառնալով ոլորտում հայ-ադրբեջանական հնարավոր համագործակցությանը՝ նախարարն ասաց. «Վաղ է այդ մասին խոսելը, քանի որ դուք գիտեք, որ մեր երկրների միջեւ կա հիմնախնդիր, որը տարիներ շարունակ լուծում չի գտնում: Հրադադարի մասին համաձայնագրից անցել է 16 տարի, բայց հիմնախնդիրը մնում է չլուծված, իսկ մինչեւ այդ հարցը չլուծվի, չի կարող լինել նաեւ համագործակցություն, բայց եթե ամեն ինչ բարեհաջող լինի, եթե հողերն ազատվեն ու մեր հարաբերությունները վերականգնվեն, կարծում եմ՝ բոլոր ոլորտներում էլ հնարավոր կլինի համագործակցել»: Ծնունդով երեւանցի նախարարը չի մոռացել հայերենը ու կարճատեւ այցի ընթացքում հասցրել է այցելել այն տունը, որտեղ ծնվել է. «Այն գտնվում է Ալավերդյան փողոցում: Ես ծնվել եմ Երեւանում ու հաճախել թիվ 9 դպրոց, բայց 23 տարի Հայաստանում չէի եղել, այս օրերի ընթացքում հուզալի պահեր ապրեցի»: Պարոն Աբասովը արդեն հայերեն ասաց, որ Երեւանում ոչինչ չի փոխվել. «Եկե՛ք Բաքու ու տեսեք, թե վերջին տարիներին ինչպես է զարգացել ու փոխվել»:

Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Եվրոպական տարածաշրջանային համաժողովի ժամանակ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆն ասաց, որ դեռ 1996-ին պարենի հարցով կայացած համաշխարհային գագաթաժողովում պետությունների ու կառավարությունների ղեկավարները պարտավորվել են մինչեւ 2015 թվականը կիսով չափ կրճատել սովից տառապող մարդկանց թիվը. «Դժբախտաբար, ներկա իրավիճակը նույնիսկ ավելի մտահոգիչ է, քան 1996-ին: Սովի ծավալները վերջին երեք տարվա ընթացքում աճել են՝ գյուղատնտեսության բնագավառում կատարվող ներդրումների անկման եւ պարենային ապրանքների գների թռիչքի պատճառով: Այս վիճակն էլ ավելի է սրվել ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի հետեւանքով, որն ազդել է երկրագնդի բոլոր հատվածների վրա: 2008-ի համեմատությամբ՝ 2009-ին սովյալ մարդկանց թիվն ավելացել է 105 միլիոնով եւ հասել 1 միլիարդի»: Նրա խոսքով, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը աղքատության դեմ է պայքարում եւ պարենային անվտանգության ապահովման գործում վերջին տասնամյակում հաջողություններ է գրանցել: Նա, սակայն, չբացառեց, որ ճգնաժամը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանում ձեռք բերված առաջընթացի եւ կենսամակարդակի էական բարելավման վրա: Պարոն Դիուֆը նկատեց, որ Հայաստանում գյուղատնտեսական արտադրողականության առումով կան սահմանափակումներ. «Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերը՝ մինչեւ 2015 թվականը մոտ 70%-ով աճ արձանագրել արտադրողականության մեջ, ամենագլխավոր սահմանափակումներից եւ խոչընդոտներից են կլիմայական փոփոխությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել