Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

15 րոպե՝ Չավուշօղլուի հետ

Մայիս 14,2010 00:00

Երեկ «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին հաջողվել է Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցչությունում 15 րոպե սպասելուց հետո ընդամենը 15 րոպեանոց հանդիպում ունենալ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ: Այն փաստը, որ Հայաստանը ԵԽԽՎ թվով չորս բանաձեւերից եւ ոչ մեկը լիարժեքորեն չի կատարել, իսկ ԵԽԽՎ-ն էլ այդ ուղղությամբ հետեւողական չլինելով հանդերձ, ի դեմս Չավուշօղլուի, շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման առնչությամբ, վրդովեցրել է զոհերի հարազատներին: Նրանք փաստում են հակառակի մասին՝ վկայակոչելով այն, որ մարտիմեկյան իրադարձություններից ավելի քան երկու տարի անց էլ 10 զոհերի մահվան հանգամանքներն ու մեղավորները բացահայտված չեն: «Ուզում ենք հարցնել՝ ինչի՞ համար է շնորհակալություն հայտնում»,- մինչ ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումը՝ տարակուսել է զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը: Արդեն հանդիպման ընթացքում, որն անցել է փակ դռների ետեւում, զոհվածների հարազատները, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ԵԽԽՎ-ին կոչ են արել հետամուտ լինել Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարմանն ու 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտմանը:

Ի պատասխան, Չավուշօղլուն հայտարարել է, թե «Մարտի 1»-ի մասին ինքը խոսել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է ե՛ւ զոհվածների, ե՛ւ անազատության մեջ գտնվողների խնդրին՝ հատուկ շեշտելով մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անունը:

Փոխարենը, թերեւս, հասկանալի պատճառներով ԵԽԽՎ նախագահը որեւէ կերպ չի արձագանքել զոհերի հարազատների հայտարարությանն առ այն, որ իրենք չեն հավատում եւ չեն վստահում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը, որ նրանք Հայաստանի եւ մարտիմեկյան իրադարձությունների մասին ճշմարիտ տեղեկություններ չեն ներկայացնում:

«Դուք հանդիպում եք մեր իշխանությունների հետ, որոնք ձեզ ճիշտը չեն ասում, նրանք ձեզ խոստումներ են տալիս, խաբելով, թե Հայաստանում ժողովրդավարություն է, ժողովուրդը լավ է ապրում եւ այլն: Սուտ է, մեր երկրում չկա ժողովրդավարություն, դատաիրավական համակարգը զրո է»,- ասել է Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Զոհերի հարազատները նաեւ հետաքրքրվել են, թե ինչու է հետաձգվում ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի այցը, ովքեր պետք է որ գարնանը այցելեին Հայաստան: Չավուշօղլուն համազեկուցողների այցի ուշացումը բացատրել է նրանցից մեկի առողջական խնդիրներով ու խոստացել է, որ առաջիկայում նրանք կայցելեն Հայաստան ու անպայման կհանդիպեն զոհերի հարազատների հետ:

«Ինձ թվում է, որ մեր հանդիպումը որոշակի նշանակություն կունենա, քանի որ իմ կարծիքով՝ Չավուշօղլուն մտահոգվեց»,- հանդիպումից հետո հույս է հայտնել Ալլա Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել