Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻՇՏ ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆ ԽՄԲԱԳՐԻ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Մայիս 14,2010 00:00

\"\"Հարգելի Արամ, Ձեր վերջին խմբագրականներից մեկում անթաքույց քամահրանքով եք խոսում «սահմանադրական կարգը վերականգնելու» ընդդիմության նպատակների մասին, նշում եք, որ ընդդիմության տասնհինգ տարվա «երգացանկի» մեջ կան Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ հոռետեսական կանխատեսումներ: Փորձեմ ներկայացնել իմ մեկնաբանությունը՝ մեր նկատմամբ ձեր վերաբերմունքի վերաբերյալ: Նկարագրելով մեր՝ ընդդիմության ռազմավարությունն ու մարտավարությունը՝ հարկ եմ համարում հիշեցնել, որ մենք պայքարը մղում ենք երկու տարի առաջ արյան հեղեղով խաղաղ հանրահավաքը խեղդած հանցագործների խմբի դեմ: Խաղաղ ցուցարարների դեմ դիպուկահարով դուրս գալը, անզեն մարդկանց վրա դիմահար կրակահերթերի արձակումն ու բանակը Երեւան բերելը եւ Սեյրան Օհանյանի՝ ժողովրդին սպառնալիքներ (մարտի 2-ի իր հայտնի ելույթը) հնչեցնելը նրանց միակ հնարավորությունն էր պահպանել իշխանությունը: Զավեշտ է, բայց հետեւելով ձեր վերջին շրջանի մեկնաբանություններին՝ դուք, կարծես, բնական եք համարում իշխանությունը պահելու այս՝ ոչ այդքան սովորական մեթոդը, ավելին, հարմարվել եք նման իշխանավորների գոյության հետ:

Կարծում եմ՝ հարկ չկա հիշեցնելու, որ մարդասպանները տակավին ազատության մեջ են, իսկ իրավապահ մարմինները, քաղաքական հրահանգով, պարտակում են սպանություններ կատարողներին: Երբեք հայաստանյան որեւէ ընդդիմություն չի ունեցել նման հրեշավոր հակառակորդ, եւ որեւէ ընդդիմության վրա Հայաստանում չեն կրակել, հարյուրավորներին նետել բանտերը, հազարավորներին հալածել, ունեզրկել եւ ահաբեկել:

Հիմա կա քաղաքական միավոր, որը ցանկանում է վերացնել այս իրավիճակը, վերականգնել սահմանադրական կարգը, վերականգնել ժողովրդավարությունն ու հիմնարար ազատությունները: Դա ընդդիմության, Հայ ազգային կոնգրեսի բարձրաձայնած նպատակն է, եւ մենք ամեն հնարավորը անում ենք՝ նշածս եւ շատ ուրիշ նպատակների հասնելու համար: Մենք դա անում ենք հնարավորինս թափանցիկ եւ հրապարակային, տասնյակ, հարյուրավոր անգամ կրկնելով դա եւ հնարավորություն ընձեռելով հասարակությանը ոչ միայն ծանոթանալ մեր նպատակներին եւ գործունեությանը, այլեւ վերահսկել մեր կողմից ստանձնած հանձնառությունների կատարումը: Դա մենք անում ենք դիմադրելով այնպիսի ճնշումների, ինչպիսիք նախադեպը չունեն Հայաստանի պատմության մեջ. անազատության մեջ պատանդ են պահվում մեր ընկերները, հեռուստատեսությունը, փաստորեն, փակ է մեզ համար (մեր ավելի քան 150 հայտարարություններից եւ ոչ մեկը չի հրապարակվել հեռուստատեսությամբ, Լ. Տեր-Պետրոսյանի անգամ ծաղկեպսակ դնելը Ցեղասպանության հուշահամալիրին արգելված է ցույց տալ տասնվեց հեռուստաալիքներից եւ որեւէ մեկով, Լ. Զուրաբյանի ասուլիսներին ներկա չի լինում որեւէ հեռուստաալիք, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդների բազմաթիվ հանդիպումները օտարերկրյա պատվիրակությունների հետ երբեք չեն ցուցադրվել եւ այլն, ցանկը բավականին պատկառելի է), իշխանությունների ճնշման տակ հյուրանոցներն ու համալսարանները մեզ չեն տրամադրում դահլիճներ՝ հավաքների համար (վերջին դեպքը՝ մեկ ամիս առաջ Գյումրիում), անգամ «Ընտրություն» ֆիլմի ցուցադրման համար ստեղծվեցին անհաղթահարելի խոչընդոտներ: Ընդդիմության հետ համագործակցող ցանկացած մեկը (այդ թվում՝ նաեւ գործարարները) անմիջապես հայտնվում է իրավապահների ուշադրության տակ եւ ենթարկվում է համապատասխան ճնշումների: Էլ չեմ խոսում անցած տարի քաղաքապետի եւ այս հունվարի 10-ի մեծամասնական ընտրություններին իշխանական հովանու տակ բարգավաճած խուժանի ճնշումների եւ խախտումների ծավալի մասին: Հավատացնում եմ, այս ամբողջը «ջրիկ» խոսակցություն չի՝ ձեր թերթի լրագրողները քաջատեղյակ են ապօրինությունների գրեթե ողջ ծավալին եւ մանրամասներին: Դուք էլ երբեմն անդրադառնում եք այս ամենին, սակայն թերթի կողմից արհեստական «հավասարակշռության եւ չեզոքության» պահպանման համար հաճախ փորձ եք անում ծաղրել մեր բավականին տրամաբանական եւ հասկանալի գործունեությունը:

Ի հեճուկս այս բոլոր ճնշումների՝ Հայաստանում այսօր կա չընկրկող ընդդիմություն, նվիրյալների բազմահազարանոց բանակ, որը միասնական է ինչպես երբեք եւ վճռական է հասցնել գործն իր ավարտին:

Երկու խոսք էլ արտաքին քաղաքականության մեր հիմնական մարտահրավերների մասին: Հիշեցնեմ, որ արդարացան Հայ ազգային կոնգրեսի բոլոր կանխատեսումները հայ-թուրքական գործընթացի մասին. այն ձախողվեց՝ թուլացնելով Հայաստանի դիրքերը եւ արժեւորելով Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրներում: Մեր կանխատեսումները արդարացան ոչ թե այն պատճառով, որ մենք ավելի պահպանողական ենք, իսկ նրանք, ովքեր ամեն գնով գնում էին հայ-թուրքական սահմանի բացման՝ ավելի առաջադեմ: Ոչ: Պարզապես մենք ավելի պրակտիկ եւ արհեստավարժ գտնվեցինք՝ 2008-ի հունիսից նախազգուշացնելով վտանգների մասին: Այս գործընթացի արդյունքում Հայաստանը չստացավ ոչինչ, որպես արդյունք՝ երկկողմ հարաբերություններում գրանցվեց հետընթաց, իսկ Հայաստանի ղեկավարությունը աշխարհին ցուցադրեց իր անսկզբունքայնությունը: Արտաքին քաղաքականության մեջ սկզբունքային լինելը, խոսքին տեր կանգնելը անհրաժեշտություն է. եթե մեկ անգամ դու հրապարակային սուտ ասացիր, հետ կանգնեցիր հստակ ձեւակերպված խոստումից՝ դու այլեւս դադարում ես լինել վստահելի գործընկեր, քեզ հետ վարվում են համապատասխան կերպով: Արդեն ասվել է, որ Ս. Սարգսյանը խոստացել էր Թուրքիա գնալ միայն բաց սահմանով կամ այն բացելու նախաշեմին, նա դրժեց իր խոստումը: Ապա նա շատ հստակ խոստացել էր հետ կանչել ստորագրությունները արձանագրություններից՝ Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու, ողջամիտ ժամկետներում սահմանը չբացելու, գործընթացը ձգձգելու դեպքում: Ս. Սարգսյանը երկրորդ անգամ դրժեց խոստումը: Հիմա պատկերացրեք, թե ինչպես են մեր հակառակորդները վերաբերվում այն մարդուն, ով ընդունակ չէ տեր կանգնելու իր իսկ խոսքին: Ս. Սարգսյանի նման վարքագծի արդյունքում Հայաստանին սկսել է արհամարհել նաեւ Ռուսաստանը. Անկարայում երեկվա ասուլիսի ընթացքում Մեդվեդեւը չնշեց ԼՂ-ն որպես հակամարտության կողմ, իսկ ԵԽԽՎ-ում Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը ՌԴ շուրջ երեք տասնյակ պատգամավորից միացավ միայն մեկը:

Գանք Ղարաբաղին: Այստեղ էլ մենք գործ ունենք Ս. Սարգսյանի կողմից տրված խոստումից հետ կանգնելու աղաղակող փաստի հետ: Հիշեցնեմ՝ նախընտրական ծրագրում, բազմաթիվ հարցազրույցներում Ս. Սարգսյանի նախանշած ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից մեկը Հայաստանի եւ ԼՂ ընդհանուր սահման ունենալու սկզբունքն է: Իր վերջին հարցազրույցներից մեկում Ս. Սարգսյանը հիշատակում է Հայաստանը եւ ԼՂ-ն կապող միջանցքի մասին՝ հրապարակային, ողջ աշխարհի աչքի առաջ արհամարհելով իր իսկ ստանձնած պարտավորությունը: Հիմա հարց եմ տալիս ձեզ՝ այսքանից հետո դուք վստահո՞ւմ եք այդ մարդու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ մեզ համար կենսական նշանակություն ունեցող կարգավորման հարցում տված որեւէ խոսքին: Հենց այդ անվստահությունն է եւ հակամարտության կողմերի ուժերի, ռեսուրսների ահագնացող տարբերությունն է, որ հարկադրում է մեզ հանդես գալ հայտնի գնահատականներով:

Արդյոք «սրընթաց» կամ շրջադարձային զարգացում չէ՞, որ Սարգսյան-Ալիեւ տեղի ունեցած 8 հանդիպման արդյունքում այնպես «բարելավվեց» հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մադրիդյան փաստաթուղթը, որ Ադրբեջանը համաձայնեց դրան, կամ կարո՞ղ եք ինձ հիշեցնել՝ երբեւէ Թուրքիան լիակատար կողմի/միջնորդի կարգավիճակով բանակցե՞լ է միջնորդ երկրների (որոնց հետ նա հարյուրավոր միլիարդների հասնող առեւտուր է իրականացնում) նախագահների հետ ԼՂ հարցը: Է՞լ ինչ պետք է լինի, որ դուք էլ հավատաք, որ «դանիական թագավորությունում ամեն ինչ չէ, որ նորմալ է»:

Դուք հավատո՞ւմ եք, թե այսօր պահպանվում է ոմանց կողմից այդքան բաղձալի թվացող ստատուս-քվոն: Ամեն օր մենք թուլանում ենք (տնտեսապես, միջազգային հեղինակության առումով, ռազմական մատակարարման՝ նվազ ֆինանսական, տրանզիտային հնարավորություն ունենալու, անվստահելի իշխանություն ունենալու, ժողովրդագրական առումներով), իսկ մեր զույգ հակառակորդները ուժեղանում են: Հարավային Կովկասում ամենակազմակերպված պետությունը դառնալու փոխարեն՝ դարձել ենք ամենաաղքատը. վերցրեք մեր պետական չինովնիկների աշխատավարձերի չափը կամ ոստիկանների մատակարարումն ու հանդերձանքը (մեր ոստիկանները 3 անգամ Վրաստանի իրենց գործընկերներից քիչ աշխատավարձ են ստանում)։

Ադրբեջանական անհագուրդ պահանջները որպես ապակառուցողական կեցվածք եւ պայմանավորվածությունների խախտում ներկայացնելով, թերեւս, հնարավոր է էլի որոշ ժամանակ ձգձգել կարգավորման փաստաթղթի ստորագրումը: Բա հետո՞: Մենք հարստանալո՞ւ ենք, դատախազներ Ա. Հովսեփյանով եւ Գ. Դանիելյանով, «ակարդեոնիստ»-ստախոս Ա. Սարգսյանով դառնալու ենք ավելի ժողովրդավա՞ր, «Ա1+» փակող Ն. Երիցյանով վերացնելո՞ւ ենք մենաշնորհները եւ անցնենք երկրորդ սերնդի բարեփոխումների՞ն, մարտի 1-ի անկախ քննությունը տապալած, բանակի ներգրավման փաստը պարտակող «նախագահականի մարդու իրավունքների բաժնի վարիչ» Ա. Հարությունյանով դառնալու ենք ավելի ժողովրդավա՞ր, թե՞ միակ լիարժեք պատուհան հանդիսացող Վրաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտք գործելու արհեստական խոչընդոտներ ստեղծելով բարելավելու ենք մեր ռազմավարական հարեւանի հետ հարաբերությունները: Կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման ձգձգումը հաստատ մեր շահերից չի բխում, ինչը բնավ չի նշանակում ոչ հավասարակշռված փաստաթղթի ընդունում: Ի վերջո, միայն հավասարակշռված, բոլոր կողմերի շահերը հաշվի առնող փաստաթղթով ենք մենք կարող հասնել երկարատեւ խաղաղությանը Հարավային Կովկասում եւ նպաստել մեր երկրների՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարգավաճմանը:

Լինելով ավելի փորձառու եւ ազատ (դուք հայտ չեք ներկայացրել որեւէ բան փոխել մեր երկրում՝ միայն լուսաբանել)՝ այս ամենը դուք հաստատ ինձանից լավ գիտեք: Միեւնույն ժամանակ, կասկած չունեմ, որ գիտակցելով եւ համաձայնելով շատ բաների՝ գործնականում արհամարհելու եք այս ամենը եւ շարժվելու եք ձեր կողմից նախանշված նպատակի իրագործման ճանապարհով՝ պահպանելու համար թերթի «անկողմնակալությունը»: Հետեւաբար սպասենք մեր «ջրիկ» հայտարարությունների նոր բացահայտումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել