Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էլի կրակոցներ՝ մահվան ելքով

Մայիս 14,2010 00:00

Կան նաեւ վիրավորներ

Մայիսի 12-ին Երեւանի փողոցներից մեկում հերթական անգամ կրակոցներ են հնչել, կատարվել է սպանություն: Ուշ երեկոյան, Կոմիտասի պողոտայում, «Ալֆա Ռիելթի» անշարժ գույքի գործակալության հարեւանությամբ գտնվող թիվ 17 շենքի մոտ նախ վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի ու ավարտվել է կրակոցներով, որի արդյունքում սպանվել է 1987թ. ծնված Խաչիկ Մկրտչյանը, որի դին գտնվել է հենց շենքի բակում: Եվս երկու երիտասարդներ՝ 1988թ. ծնված Արսեն Ա.-ն, որն, ի դեպ, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդին է, եւ 1982թ. ծնված Պետրոս Գ.-ն ոտքի եւ աճուկային հատվածում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ:

Արաբկիր համայնքի ոստիկանության բաժնում ստացված ահազանգից եւ դիակի հայտնաբերումից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանն ու նաեւ փորձագետներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է արտասահմանյան արտադրության ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 7 փամփուշտներով, 7 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, 1 կրակված գնդակ եւ փայտե մահակ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Երեկ արդեն ամենատարբեր աղբյուրներից տեղեկություններ էին ստացվում, թե վիճաբանությունը նախապատմություն ունի եւ կապված է Արաբկիրից ընտրված ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովի», եւ նախկին թաղապետ Հովիկ Շահինյանի միջեւ առկա տարաձայնությունների հետ: Խոսվում էր նաեւ, թե միջադեպին, բացի սպանված եւ վիրավորված երեք անձանցից, եղել են նաեւ եւս մի քանի հոգի, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ: Երեկ ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, սակայն, միաբերան հերքեցին տեղի ունեցածին պատգամավորի եւ նախկին թաղապետի առնչությունների մասին լուրերը, բայց հաստատեցին, որ միջադեպին մասնակցել են 6-7 երիտասարդներ, որոնք, նույնիսկ դատելով նրանց տարիքից, չէին կարող Հովհ. Շահինյանի կամ «Ալրաղացի Լյովի» «տղաները» կամ թիմակիցները լինել: Իսկ մեր հարցին, թե ինչու միջադեպի մյուս մասնակիցները դեռ ի հայտ չեն բերվել, մեր աղբյուրը բացատրեց վիրավորների՝ ցուցմունքներ տալուն ի վիճակի չլինելու հանգամանքով:

Մեզ նաեւ փոխանցվեց, որ միջադեպը եղել է դեռ նույն օրը ցերեկը ծաղկի վաճառակետի մոտ երիտասարդների միջեւ կենցաղային խնդրի շուրջ ծագած վիճաբանության շարունակությունը:

Ու թեեւ միայն այս տարի երիտասարդների կողմից սա հրազենի կամ գազային ատրճանակի կիրառմամբ հանցագործության առաջին դեպքը չէ, մեկն ավելի վաղ տեղի էր ունեցել «Կանազ Արտ» մշակութային տան մոտակայքում, այդուհանդերձ, ոստիկանությունում շարունակում են պնդել, թե անցյալ տարվա համեմատությամբ այս տարի հրազենի կիրառմամբ հանցագործությունների թիվը 15-20 դեպքով կրճատվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել